Փոխարժեքներ
20 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.92 |
EUR | ⚊ | € 432.84 |
RUB | ⚊ | ₽ 4.765 |
GBP | ⚊ | £ 514.37 |
GEL | ⚊ | ₾ 140.53 |
Կան նաեւ քաղաքական ձեռքբերումներ, եթե նկատի ունենանք Սաուդյան Արաբիայի լոբբինգի արդյունքում Սիրիայի դեմ պատժամիջոցների վերացումը։ Այժմ, ըստ լիբանանյան Lebanon digest լրատվական կայքի, «հենց Էր Ռիադին է փոխանցվում սիրիական դոսյեի կառավարումը եւ տարածաշրջանում ներքին ու արտաքին քաղաքականության ձեւավորման հնարավորությունները՝ այնտեղ ուժերի նոր հավասարակշռության ստեղծման համատեքստում»: Ավելին, Սաուդյան Արաբիային «կապվում է նաեւ Լիբանանի դոսյեն», ինչը, արաբ փորձագետների գնահատմամբ, նշանակում է ստանալ «Մերձավոր Արեւելքի բանալին»։
Միեւնույն ժամանակ, նրանք վստահություն են հայտնում՝ «տարածաշրջանի ցանկացած այլ երկիր, որը առճակատման կամ արհամարհական դիրքորոշում կորդեգրի Սաուդյան Արաբիայի նկատմամբ, կենթարկվի ԱՄՆ պատժամիջոցների»: Այսինքն՝ խոսքը «ԱՄՆ-ի կողմից, նախեւառաջ, Սիրիային արաբա-իսլամական չափում տալու մասին է՝ սաուդյան առանձնահատկություններով։
Ամենակարեւորը, իհարկե, ԱՄՆ-ի կողմից Սիրիայի ժամանակավոր նախագահի միջնորդավորված լեգիտիմացումն է, ինչը կարծես թե պետք է ձեռնտու լինի Անկարային, քանի որ նախկինում նա եւ իր համախոհները չէին թաքցնում իրենց թուրքամետ համակրանքը։ Սակայն այժմ Սիրիայի տարածքում սկսում են գործել արդեն այլ ռազմավարական տրամաչափի խաղացողներ։ Թուրքիան շատ զգուշացավ, երբ Թրամփը հրաժարվեց այցելել այնտեղ իր մերձավորարեւելյան շրջագայության ընթացքում եւ հիշեց դրա մասին միայն Ստամբուլում Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ ճգնաժամի կարգավորման շուրջ բանակցությունների հետ կապված:
Եվ ոչ միայն դա: Արաբական ԶԼՄ-ներում տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ ԱՄՆ-ն եւ Սաուդյան Արաբիան ձեռնամուխ են եղել Սիրիայում իրավիճակի կարգավորման «ճանապարհային քարտեզի» մշակմանը՝ ներառյալ Իսրայելի հետ նրա հարաբերությունների կարգավորումը: Պատահական չէ, որ ալ-շարաան Թրամփի հետ հանդիպումից հետո հայտարարել է՝ ամերիկյան ընկրություններին կոչ է արել ներդրումներ կատարել Սիրիայի նավթագազային հատվածում, եւ թվում է, թե այդ երկրում նախապատրաստվում է, այսպես կոչված, իրաքյան սցենարի իրագործումը: Ճիշտ է, առայժմ խոսում են միայն տնտեսական, այլ ոչ թե քաղաքական դաշնայնացման մասին, քանի որ մնում է քրդերի եւ դրուզների կարգավիճակի խնդիրը։ Նախատեսվում է նաեւ Հալեպ վերադարձնել գործարանները, որոնք ժամանակին ապամոնտաժվել եւ ուղարկվել են Թուրքիա։ Ուստի սիրիական ճգնաժամը դուրս է գալիս տնտեսական, սոցիալական եւ քաղաքական մակարդակից դեպի տարածաշրջանային աշխարհաքաղաքականության բարձունքը՝ ուժի եւ շահերի վեկտորների խճճված թնջուկի միահյուսմամբ։
Եթե խոսենք աշխարհաքաղաքական լայն կոնտեքստում, ապա արգելապատնեշն իջնում է այնպիսի աշխարհաքաղաքական նախագծի իրականացման ճանապարհին, ինչպիսին է թուրքական նեոօսմանիզմը (նախկին Օսմանյան կայսրության սահմաններում Անկարայի ազդեցության վերականգնումը), եւ պայմաններ ու հնարավորություններ են ստեղծվում Արաբական ցենտրիզմի ի հայտ գալու համար՝ հենվելով Սաուդյան Արաբիայի վրա։
Ամերիկյան Al-monitor պարբերականի կարծիքով՝ «հորիզոնում Իսրայել-Սաուդյան Արաբիա դաշինքի ի հայտ գալն է ամերիկացիների միջնորդությամբ»: Կան նաեւ տեղեկություններ, որոնք թույլ են տալիս խոսել այդ դաշինքի կողմից Թուրքիայի գործողություններին հակազդելու հնարավորության մասին այնպիսի արաբական երկրներում, ինչպիսիք են Իրաքը եւ Հորդանանը։ Այսինքն՝ Թուրքիային սկսում են կտրել Պաղեստինից, այդ թվում՝ Երուսաղեմում իսլամական սրբավայրերի պաշտպանի դերում հանդես գալու հնարավորությունից, մինչդեռ մյուս նման սրբավայրերը գտնվում են Սաուդյան Արաբիայի վերահսկողության տակ։
Ֆրանսիական Atlantico պարբերականի կարծիքով՝ Մերձավոր Արեւելքում կառուցվում է մի սխեմա, որը ենթադրում է Իսրայելի եւ Եվրոպայի որոշ երկրների (Ֆրանսիա) մասնակցությամբ Արաբական նոր ցենտրիզմի գաղափարների հիման վրա Թուրքիայի ազդեցության եթե ոչ արտամղում, ապա խափանում։ Ֆրանսիացի փորձագետների գնահատմամբ՝ ենթադրյալ կոալիցիայի յուրաքանչյուր մասնակից առաջնորդվում է սեփական տրամաբանությամբ եւ քաղաքկանությամբ, օգտվում է իրավիճակից, երբ հնարավորություն կա իր վերահսկողության տակ վերցնել այսպես կոչված «Սիրիական կամուրջները» Միջերկրական ծովի արեւելյան հատվածի եւ Պարսից ծոցի միջեւ:
Սակայն իրադարձությունների հետագա ընթացքը կախված կլինի այն բանից, թե ինչ քաղաքականություն է այժմ կառուցվելու տարածաշրջանում։ Ի դեպ, Ռուսաստանը հասցրել է որոշակի նախապատրաստական աշխատանքներ իրականացնել՝ չանդամակցելով պարտավորեցնող երկարաժամկետ բացառիկ տարածաշրջանային դաշինքներին՝ պատրաստ լինելով երկխոսություն վարել Մերձավոր Արեւելքում գրեթե ցանկացած հակամարտության բոլոր կողմերի հետ։ Թուրքիայի ընտրությունը դեռ առջեւում է։
Աղբյուրը՝ iarex.ru-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի