Միասին կարող ենք
կարևոր
475 դիտում, 19 րոպե առաջ - 2026-05-30 15:37
Հասարակություն

Արցախահայության քվեարկելու իրավունքի «գորդյան հանգույցի» մասին

Արցախահայության  քվեարկելու իրավունքի «գորդյան հանգույցի» մասին

ՆԳՆ-ն պարզաբանում է ներկայացրել՝ Արցախից տեղահանված անձանց ընտրություններին մասնակացելու մասին, որը ներկայացնում ենք ստորև․

«Համապետական ընտրություններին մասնակցելու ընտրական իրավունք ունեն միայն ՀՀ քաղաքացիները

Ղարաբաղից տեղահանված սիրելի՛ հայրենակիցներ,

Երեկվանից սոցիալական մեդիայի տիրույթում տարածվել է տեղահանված անձանց ընտրական իրավունքին վերաբերող մոլորեցնող տեղեկատվություն առ այն, որ առանց ՀՀ քաղաքացիության համար դիմելու և ստանալու հնարավոր է ձեռք բերել ընտրական իրավունք և ընդգրկվել ընտրողների ցուցակներում, ինչը չի համապատասխանում իրականությանը։

ՀՀ Սահմանադրության և Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի համաձայն՝ համապետական ընտրություններին մասնակցելու ընտրական իրավունք ունեն 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիները։ Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցները վերցվել են ՀՀ պաշտպանության ներքո, ձեռք բերել ժամանակավոր պաշտպանության՝ փախստականի կարգավիճակ։ Հետևաբար, ս.թ. հունիսի 7-ին ԱԺ ընտրություններին մասնակցելու իրավունք ձեռք բերելու միակ ճանապարհը ՀՀ քաղաքացիություն ստանալն է՝ ընտրական իրավունքի ձևավորման շրջանակում ՀՀ քաղաքացի լինելու առանցքային չափանիշը բավարարելու համար։

Հիշեցնում ենք, որ ներկա պահին մեր տասնյակ հազարավոր հայրենակիցները ստացել են ՀՀ քաղաքացիություն և կարող են մասնակցել համապետական ընտրություններին։

Տարածվող գրառումներում, տեսանյութերում իրականության չհամապատասխանող էական փաստերից է նաև Վարչական դատարանի կողմից կայացված և ուժի մեջ մտած երեք դատական ակտերի վկայակոչումը։ Վարչական դատարանի կողմից, որն իրավասու է նման հարցեր քննել, այդպիսի վճիռներ չկան։

Տեղեկացնում ենք, որ վճիռները կայացվել են Քաղաքացիական դատարանի կողմից:

Ներքին գործերի նախարարության կողմից դրանք բողոքարկվել են Վերաքննիչ դատարան՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս գործերի շրջանակում դատարանը չի անդրադարձել քաղաքացիության ինստիտուտի բովանդակությանը, ինչն առանցքային է ընտրական իրավունքի տեսանկյունից, չի երաշխավորել ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ծանուցումը կամ չի պահպանվել գործին վերաբերելի նյութեր ներկայացնելու պատասխանողի իրավունքը։ Արդյունքում, դրանք ՆԳՆ-ի կողմից բողոքարկվել են ընդդատության կանոնների և դատավարական այլ նորմերի խախտման հիմքով։ Հատուկ անդրադարձ է կատարվել նաև քաղաքացիության ինստիտուտին։

Հորդորում ենք հանրության շրջանում մոլորեցնող տեղեկություններ չներկայացնել, մեր հայրենակիցներին չներգրավել ոչ իրավաչափ և անօգտակար գործընթացներում»։

 

Թեմայի վերաբերյալ փաստաբան Ռոման Երիցյանը ՆԳՆ-ի պարզաբանման մեկնաբանությունների դաշտում գրել է․

«Նախ խնդրում եմ պարզաբանել՝ ինչպե՞ս եք բողոքարկել բողոքարկման ոչ ենթակա վճիռը (այս մասով տե՛ս ԵԴ/26267/02/21 գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելը մերժելու որոշումը)։

Երկրորդ՝ հանրությանը տրամադրում եմ հայտարարված գործի և դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի հղումը։

Երրորդ՝ վճիռներն իրոք քաղաքացիական, այլ ոչ վարչական դատարանի կողմից էին կայացվել։

Չորրորդ՝ ձեր ներկայացրած վերաքննիչ բողոքի պատասխանը ևս արդեն ներկայացվել է»։

 

Հիշեցնենք նաև՝ փաստաբան Ռոման Երիցյանը հայտարարություն էր տարածել՝ նշելով՝ արցախցիները կարող են մասնակցել ընտրությանը՝ անկախ քաղաքացիություն ընդունելուց։

«Կատարում եք հետևյալ քայլերը․

1. Գրավոր դիմում եք ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն՝ ընտրացուցակներում ներառելու պահանջով։ Եթե նկատում եք, որը դիմումի պատասխանը, անկախ դրա բովանդակությունից, արհեստականորեն ձգձգվում է՝ շտապ ահազանգում եք Կենտրոնական ընտրական հանձնաժողով և ՀՀ ՄԻ պաշտպանի աշխատակազմ։

2. Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից ստանալով մերժում՝ 3 օրվա ընթացքում, այդ թվում՝ նաև ընտրության օրը դիմում եք դատարան՝ ըստ հաշվառման վայրի ցուցակում ընդգրկելու պահանջով՝ վկայակոչելով այն, որ ունեք ՀՀ քաղաքացու անձնագիր և հանդիսանում եք ՀՀ քաղաքացի, իսկ քաղաքացիությունն էլ օրենքով սահմանված կարգերից որևէ մեկով չի դադարել։ Միաժամանակ նշում եք, որ վարչական դատարանն ունի 2026 թվականի մայիսի թվագրությամբ երեք օրինական ուժի մեջ մտած դատական ակտեր, որոնցով լրիվությամբ բավարարվել են նույն հիմքերով ներկայացված հայցերը։

3. Դատարանը հայցադիմումը քննում և լուծում է այնպիսի ժամկետներում, որ ընտրողը հնարավորություն ունենա մասնակցելու քվեարկությանը։ Դատարանի վճիռը վերջնական է, վերանայման ենթակա չէ և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

4. Ստանալով դատարանի վճիռը՝ այն շտապ ներկայացնում եք ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն և պահանջում ձեզ ներառել ընտրացուցակում»։

Փաստաբանի տեսաուղերձը՝ այստեղ։

 

Թեմայի վերաբերյալ կարող եք կարդալ նաև՝ ՆԳՆ-ի՝ ընտրություններին մասնակցելու իրավունքի մասին հայտարարությունն անարգանք է դատարանի որոշմանը․ փաստաբան