կարևոր
4084 դիտում, 1 օր առաջ - 2025-04-01 12:58
Քաղաքական

Ո՞վ կփոխարինի Վիլեն Գաբրիելյանին

Ո՞վ կփոխարինի Վիլեն Գաբրիելյանին

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ արդեն նախկին պատգամավոր Վիլեն Գաբրիելյանին Ազգային ժողովում, ըստ ՔՊ 2021 թվականի արտահերթ ընտրությունների ընտրացուցակի, կփոխարինի Արշակ Օրդուխանյանը։ Նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի 100-րդն է։

Հարկ է նշել, որ 2021 թվականին նոյեմբերին արդեն հայտնի դարձավ, որ Արշակ Օրդուխանյանը նշանակվել է ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի հասարակական հիմունքներով խորհրդական:

168.am-ը գրել էր, որ 475 միլիոն դրամ. ահա այսքան է արժեցել Պաշտպանության նախարարության՝ հերթական մեկ անձ ոչ մրցակցային ընթացակարգով գնումը «Զինառ» ՓԲԸ-ից: Պետգնումների armeps համակարգում գնման առարկա է մատնանշվել «հատուկ նշանակության այլ ծառայություններ»-ը, իսկ պայմանագրի տեխնիկական բնութագրից տեղեկանում ենք, որ այդ ծառայությունները ներառում են ՀՀ ՊՆ շենքերի սանիտարական մաքրումը, կոմունալ սպասարկումը, ինժեներատեխնիկական ենթակառուցվածքների տեխնիկական սպասարկումը և տարածքի բարեկարգումը: Ծառայությունները պետք է իրականացվեն 2024 թվականի առաջինից չորրորդ եռամսյակների ընթացքում:

Պայմանագիրը ստորագրել է «Զինառ» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արշակ Օրդուխանյանը:

Արշակ Օրդուխանյանի անունը շրջանառվեց և առավել հայտնի դարձավ արդեն 2018 թ.-ի  թավշյա իրադարձություններից հետո:  Տարածվեցին որոշ տեղեկություններ, այդ թվում՝ նաև ՔՊ-ի հետ առնչությունների մասին, որոնց բաց նամակով արձագանքեց  Արշակ Օրդուխանյանը: Մամուլում հրապարակված նամակում մասնավորապես նշված էր. «Ինչ վերաբերում է իմ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամակցելուն, ապա շատ եմ ուզում շեշտել, որ կուսակցությանն ու թավշյա հեղափոխությանը միացել եմ ապրիլի 15-16-ին, այսինքն՝ այն ժամանակ, երբ հեղափոխության հաղթանակին քչերն էին հավատում, և որևէ շահ չեմ հետապնդել: Միացել եմ ու գործուն աջակցություն եմ ունեցել բոլոր առումներով՝ հավատալով այդ շարժումն առաջնորդող Նիկոլ Փաշինյանի հռչակած արժեքներին ու գաղափարներին»:

Հետագայում նրա անունը հայտնվեց ՔՊ նախընտրական ցուցակներում, իսկ 2021 թվականին նոյեմբերին արդեն հայտնի դարձավ, որ Արշակ Օրդուխանյանը նշանակվել է ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի հասարակական հիմունքներով խորհրդական:

Ի դեպ, Արշակ Օրդուխանյանը շարունակել է աջակցել և հավատալ հռչակված արժեքներին ու գաղափարներին, նա Երևանի ավագանու ընտրություններից առաջ՝ դեռևս 2023 թ. հուլիսի 31-ին, 1.5 միլիոն դրամով մասնակցել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաք-երեկոյին: