կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-18 09:27
Առանց Կատեգորիա

Ինչ ազգակցական կապ ունեն Վիլեն Գաբրիելյանն ու Դավիթ Տոնոյանը. «Ժողովուրդ»

Ինչ ազգակցական կապ ունեն Վիլեն Գաբրիելյանն ու Դավիթ Տոնոյանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Պարզվում է, առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու համար մեղադրվող Դավիթ Տոնոյանին ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի կողմից անձնական երաշխավորություն ներկայացնելն ամենեւին էլ պատահական չէ:

Նախ՝ նշենք, որ դեռ հունվարի 20-ին «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորներ Քրիստինե Պողոսյանը, Վիլեն Գաբրիելյանն ու «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը անձնական երաշխավորությամբ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին ազատ արձակելու միջնորդություն էին ներկայացրել:

Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ՝ պատգամավոր Գաբրիելյանը եւ Դավիթ Տոնոյանը բարեկամական կապեր ունեն: Վիլեն Գաբրիելյանը Դավիթ Տոնոյանի քեռու տղան է (ոչ հարազատ): Նկատենք՝ մինչ այդ էլ՝ դեկտեմբերի 27-ին, Վիլեն Գաբրիելյանը համացանցի իր էջում տեղադրել էր իր ու Դավիթ Տոնոյանի լուսանկարն ու գրել. «Ուժե՜ղ, տոկո՜ւն, հանդո՜ւգն, սկզբունքային, ազնիվ, արդար, միայն ֆիզիկապես կալանավորված ախպերս: Ծնունդդ շնորհավո՜ր, միշտ «եթե քեզ մոտ ամեն անարդարության վրա ցնցումային վրդովմունք է առաջանում, ապա դու իմ ընկերն ես» սկզբունքով: Որովհետեւ արդարությունը մի շատ վատ հատկություն ունի՝ վերջում միշտ վերականգնվում է»։

«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Վիլեն Գաբրիելյանին՝ հասկանալու համար, թե բարեկամական կապն է պատճառը, որ նա անձնական երաշխավորությամբ դիմել էր դատարան, թե իրոք վստահ է, որ Տոնոյանն անմեղ է, եւ նրան անարդար են մեղադրում, սակայն նա չպատասխանեց ո՛չ մեր հեռախոսազանգերին եւ ո՛չ էլ հաղորդագրություններին»: