կարևոր
2605 դիտում, 1 ամիս առաջ - 2025-03-08 09:21
Հասարակություն

«Օրենքով գողերի» մասին օրենքի հարցում նախարարը կմնա միայնակ. բացառիկ. «Ժողովուրդ»

«Օրենքով գողերի» մասին օրենքի հարցում նախարարը կմնա միայնակ. բացառիկ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, որ մտադիր է տարբերվել արդարադատության նախկին նախարար Ռուստամ Բադասյանից եւ պայքար մղել քրեական ենթամշակույթի դեմ, ձախողվելու է ավելի խայտառակ ձեւով, քանի որ մի խումբ փաստաբաններ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասացին, որ նախարար Սարգսյանը, եթե իր մտադրությունը փորձի օրենքի ուժով ամրագրել, հակասահմանադրական որոշում է ստանալու:

Ինչպե՞ս՝ մանրամասնենք փաստարկներով. նախ պետք է իրավապահները տան բացատրություն եւ ներկայացնեն հիմքեր, թե ինչ է նշանակում քրեական աստիճանակարգում կարգավիճակ ունենալը կամ այսպես ասած՝ «օրենքով գողը», որի համար նախարարը պահանջում է պատժել քաղաքացուն: Պատկերացնենք մի իրավիճակ. իրավապահ մարմնի աշխատակիցը քաղաքացուն հարցնում է՝ դուք «օրենքով գո՞ղ» եք, քաղաքացին պատասխանում է՝ ոչ, եւ հակադարձում՝ գողն էլ, ավազակն էլ, դուք եք: Ի՞նչ է անելու իրավապահ աշխատակիցը. անհասկանալի է: Կամ եթե հարցնի՝ քրեական աստիճանակարգում ի՞նչ կարգավիճակ ունեք, քաղաքացին պատասխանելու է՝ չունեմ որեւէ կարգավիճակ: Ի՞նչ է անելու իրավապահը. պարզ չէ:

Կարճ ասած, Արփինե Սարգսյանի՝ փետրվարի 12-ի հայտարարությունը մոտավորապես նշանակում է, որ մարդուն հարցնելու են անունը, եթե պատասխանեց, թե ինչ է անունը, ուրեմն պետք է պատժվի: Սա ոչ այլ ինչ է, քան խտրական վերաբերմունք, քանի որ մարդուն պատժում են իր արարքների համար, այլ ոչ թե ոչինչ չանելու, միայն ապրելու համար:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հենց իշխանության ներսում ՆԳ նախարարի այս նոր գաղափարը լուրջ դիմադրության է արժանանում, եւ դժվար թե կարողանան անցկացնել, քանի որ ակնհայտորեն սահմանադրությանը հակասող սկզբունքներով է կառուցված Սարգսյանի կողմից ներկայացրած օրենքը:

Մեզ մնում է սպասել զարգացումներին»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: