կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-01-08 11:47
Իրավական

Նոր մանրամասներ Հայաստանում ընթացող` «օրենքով գողերի» հավաքի մասին

Նոր մանրամասներ Հայաստանում ընթացող` «օրենքով գողերի»  հավաքի մասին

Yerkir.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել Կոտայքի մարզի հանգստավայրերից մեկում ընթացող` «օրենքով գողերի» մեծ հավաքի վերաբերյալ:

 

Նախ նշենք, որ այն տեղեկությունը, թե իբր հավաքն անցկացվել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար»-ում չի համապատասխանում իրականությանը: Պարզապես հաշվի առնելով նրա հետ որոշ քրեական հեղինակությունների և «օրենքով գողերի» կապը` փորձ է արվել ընդգծել Հայրապետյանի դիրքն ու ունեցած համբավը: Չի բացառվում , որ «Հարսնաքար» ռեստորանում հավաքի մասնակիցներին պատված լինեն, ինչը շատ տրամաբանական է :

 

Մենք արդեն նշել էինք, որ հավաքը տեղի է ունենում Կոտայքի մարզի հանգստավայրերից մեկում: Մեր աղբյուրների պնդմամբ՝ հավաքի համար ընտված վայրը շատ համեստ, ոչ շատ հայտնի, բոլորի աչքից հեռու հանգստավայր է: (անվանումը առայժմ, որոշ հանգամանքներից ելնելով, նպատակահարմար չենք համարում նշել):

 

Նշենք, որ հավաքի գլխավոր քննարկումն արդեն ավարտվել է: Գողական աշխարհում հարաբերական կարգուկանոնի հաստատման համար մի քանի հայտնի «օրենքով գողեր» զրկվել են տիտղոսներից, ոմանք էլ խիստ հրահանգներ են ստացել: Ինչպեսև սպասվում էր, տիտղոսից զրկվել է Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) սպանությունը պատվիրելու մեջ կասկածվող ադրբեջացի Ռովշան Ջանիևը (Ռովշան Լենքորանսկին): Թեև ադրբեջանական լրատվամիջոցները, հղում կատարելով Լենքորանսկու մերձավոր շրջապատի աղբյուրներին, հերքեցին այդ տեղեկությունը՝ նշելով, թե իբր հավաքի կազմակերպիչ Շաքրոն դեմ է եղել դրան, սակայն մեր աղբյուրները հաստատապես հակառակն են պնդում: Ավելին` իրականում Ջանիևը «թագից» դե ֆակտո զրկվել էր դեռևս երկու տարի առաջ, երբ Դեդ Հասանի համակիրների անցկացրած սեփական հետաքննության, մասնավորապես` հեռախոսային ձայնագրությունների միջոցով պարզվել էր, որ ադրբեջանցի գողը սպանության պատվիրատուներից է, իսկ արդեն հայաստանյան որոշումն ընդունելը ընդամենը դրա հաստատումն է:

 

 

Ջանիևը դեռ այդ ժամանակվանից է կորցրել դիրքերը քրեական աշխարհում, նրա ամբողջ կլանը գրեթե ոչնչացվել է: Հիշեցնենք, որ նրա նկատմամբ մահափորձ էր կատարվել 2013-ի փետրվարին Թուրքիայում, սակայն ձևական բնույթ էր կրել, քանի որ դեռևս նրա հետ չմաքրած որոշ հաշիվներ կային: Երբեմնի ամենահարուստ «օրենքով գողերից» մեկը համարվող Ջանիևի ողջ մնալը պայմանավորված է նրա հետ դեռ ամբողջովին չլուծված ֆինանսական հաշիվներով: Ըստ միջազգային մամուլի՝ նրա դրամական ռեսուրսներն արդեն սպառվում են, և չի բացառվում, որ մոտ ժամանակներս իրագործվի սպանությունը:

 

Ինչևէ, քրեական աշխարհում կատարված լուրջ փոփոխություններին մանրամասն կանդրադառնանք առաջիկայում, իսկ մինչ այդ ներկայացնենք հավաքի հաջորդ` ոչ պակաս կարևոր փուլը: Մեզ հասած հավաստի տեղեկություններով՝ այս օրերին սկսվել է «օբշյակի» (համայնքի) դրամահավաքը: Քանի որ հավաքն անցկացվում է Հայաստանում, բնականաբար, ըստ կարգի, դրամական «փոխանցումներ» կատարում են հայ օլիգարխները, այդ թվում` նաև հայտնի պաշտոնյաներ: Որոշ տեղեկությունների համաձայն՝ հայտնի մեծահարուստներից մեկը կես մլն դոլար է «հանգանակել» «օբշյակին»: Սակայն սրա վրա չէ, որ կցանկանայինք կենտրոնանալ:

 

Այս օրերին տարբեր լրատվամիջոցներ գրեցին հավաքի բուն նպատակի մասին` այն կապելով Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցության, պուտինյան պատվերի, քրեական հեղինակություն Կայարանցի Թևոսիկի (երկաթուղայինների Թևոսիկ) ազատ արձակման և այլնի հետ:

 

Վերջինիս կապն ընդհանրապես աղերս չունի իրականության հետ, քանի որ, չնայած Թևոսիկի համբավին, նա «օրենքով գողերի» համայնքի անդամ չէ, ավելին՝ երբեք չի ձգտել և չի ցանկացել անդամակցել այդ համայնքին, դառնալ տիտղոսակիր: Այնպես որ` հորինվածք է, թե նրան կալանքից ազատելու համար են 150-ից ավելի գողեր ժամանել Հայաստան:

 

Իսկ ԵՏՄ-ի մասով ճշմարտության հատիկ կա: Հիշենք` այս կառույցը ստեղծվել է բացառապես տնտեսական հիմքի վրա, իսկ այն, որ այս ոլորտը խորհրդային ժամանակներից ի վեր գտնվել է «օրենքով գողերի» վերահսկման տիրույթում, թերևս գաղտնիք չէ: Իսկ գողերի հայաստանյան հավաքն առիթ է, որ «եղբայրական երկրների» ներկայացուցիչները բանակցեն առաջիկա անելիքների մասին:

 

Սակայն, մեր տեղեկություններով, հավաքի բուն նպատակն այլ է, կարելի է ասել` մեր երկրի համար հույժ կարևոր: Այն, որ հավաքն իրականացվել է եթե ոչ պետական հովանավորությամբ, ապա գոնե պետական թույլտվությամբ, արդեն իսկ ակնհայտ է: Դրա մասին փաստում են նաև համապատասխան մարմինների արձագանքները:

 

Մեզ հասած որոշ տեղեկությունների համաձայն՝ Հայաստանի վերին ատյաններից հավաքի կազմակերպմանը հավանություն են տվել` հավաքի ժամանակ երկրի համար կարևորագույն նշանակություն ունեցող մի հարցի շուրջ քննարկում ունենալու պայմանով: Խոսքը արտաքին քաղաքական խնդրի մասին է: Ճիշտ է, համաձայն գողական օրենքների՝ «օրենքով գողերը» քաղաքականության մեջ խառնվել, առավել ևս` դրանով զբաղվել չեն կարող, սակայն իրար մեջ որոշակի հարցեր քննարկելը և դրանք համապատասխան մարմիններին հասցնելն արգելված չէ: Ավելին` փաստերը վկայում են, որ որոշ հարցեր լուծվել և լուծվում են այս շրջանակների կողմից, անգամ թշնամական երկրների միջև հիմնական կապ պահողները, ինչպես նախկինում, այնպես էլ այսօր նրանք են:

 

Այսպես`` որոշ տեղեկությունների համաձայն ՝ հավաքին մասնակից Հայաստանի համար երկու ոչ այնքան ցանկալի «սուրհանդակ-հյուրերի» հանձնարարվել է նախորդ տարվա, ավելի կոնկրետ` վերջին օրերի լարվածությունը մեղմող «կարգուկանոնի» մեսիջ ուղարկել իրենց երկիր, հակառակ դեպքում` խոստանում են անցանկալի «ռազբորկաներ», իսկ, որպես երաշխիք, արել են դեռևս 2012-ին չարած գործը՝ հաստատելով նրանց «խառոշիի» (լավագույնի) թագազրկումը:

 

Ի դեպ, չար լեզուներն ասում են, որ մեր հյուրերն անարգել Հայաստան են եկել «տուրիստի» կարգավիճակով: Եվ քանի որ ԱԱԾ-ն տեղյակ է նրանց այցից, իսկ ոստիկանությունն ասում է, որ Հայաստանը բաց երկիր է, որտեղ օրենսդրորեն պաշտպանված է մարդու ազատ տեղաշարժի իրավունքը, երկու «տուրիստներն» էլ այստեղ իրենց շատ ապահով են զգում: Ասում են` նմանօրինակ հյուրեր , ինչպես նաև գողերի նման բազմություն վերջին անգամ Հայաստան էր եկել 22 տարի առաջ` ԽՍՀՄ «օրենքով գողերի» կնքահայր Ռաֆայել Բաղդասարյանի՝ Սվո Ռաֆի հուղարկավորության ժամանակ:

 

Հ. Գ. Yerkir.am-ի տեղեկություններով` այս օրերին՝ հիմնականում գիշերները, Հայաստանում գտնվող օրենքով գողերը խումբ-խումբ այցելում են Սվո Ռաֆի շիրիմին և հարգանքի տուրք մատուցում նրա հիշատակին: