կարևոր
1318 դիտում, 1 օր առաջ - 2025-02-20 15:09
Աշխարհ

Աբխազիայում փորձել են վախեցնել հայերին ընտրություններկից առաջ․ ՌԴ ՔԿ-ն սկսել է ստուգումը

Աբխազիայում փորձել են վախեցնել հայերին ընտրություններկից առաջ․ ՌԴ ՔԿ-ն սկսել է ստուգումը

Ռուսաստանի Քննչական կոմիտեն Աբխազիայում նախագահական ընտրությունների ընթացքում հայ բնակչության իրավունքների ոտնահարման նոր փաստեր է արձանագրել։ Այս մասին հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն։

Նա հիշեցրել է, որ Ռուսաստանի սահմաններից դուրս հանցագործություն կատարած օտարերկրյա քաղաքացիները կարող են քրեական պատասխանատվության ենթարկվել Ռուսաստանի օրենսդրության համաձայն, եթե նրանց գործողություններն ուղղված են եղել ՌԴ քաղաքացիների դեմ։

Ըստ լրատվամիջոցների եւ սոցցանցերի տվյալների՝ փետրվարի 19-ին Գագրայի շրջանի Ծանդրիփշ գյուղում 20 մեքենաներով ժամանած մի քանի տասնյակ հոգանոց խումբը ճնշում է գործադրել գյուղական բնակավայրերի ղեկավարների վրա՝ փորձելով ստիպել հայ բնակչությանը հրաժարվել ընտրություններին մասնակցելուց։ Այդ մարդկանց թվում, քննության տվյալներով, եղել են Դիմա Արձինբան, Մասիկ Շաքրիլը, Գենադի Այբայի անչափահաս որդին եւ այլք։

Ստուգման շրջանակում նշանակվել են անհրաժեշտ փորձաքննություններ, այդ թվում լեզվաբանական։ Քննությունը նաեւ հարցում է ուղարկել իրավական օգնության մասին։

Իրավիճակը սրվել է փետրվարի 17-ին, երբ սոցիալական ցանցերում հայտնվել է ձայնագրություն, որտեղ ընդդիմադիր թեկնածու Ադգուր Արձինբայի կողմնակից Էնվեր Բգանբան (Աբխազիայի նախագահի պաշտոնակատարի զարմիկը) կոչ է անում կոշտ գործողություններ ձեռնարկել հայ համայնքի դեմ։

«Երկրորդ փուլի համար մենք պետք է շատ լուրջ եզրակացություններ անենք, այդ թվում՝ հայերի վերաբերյալ։ Աբխազները շատ տեղերում ձախողվեցին, բայց այ հայերը... Նրանց հետ պետք է այլ կերպ աշխատել։ Ուղղակի պետք է վախեցնել նրանց…»,- ասել է նա:

Ավելի ուշ համացանցում հայտնվել են նոր գրառումներ, որոնք հաստատում են Արձինբայի կողմնակիցների կողմից հայ բնակչության դեմ ուղղված սպառնալիքները։

Հիշեցնենք, որ փետրվարի 15-ին Աբխազիայում տեղի ունեցան նախագահական ընտրություններ։ Մասնակցությունը կազմել է 69 տոկոս։ Քանի որ թեկնածուներից ոչ ոք չի հավաքել ձայների 50 տոկոսից ավելին, նշանակվել է երկրորդ փուլ, որը կկայանա մարտի 1-ին։ Կմասնակցեն փոխնախագահ Բադրա Գունբան (առաջին փուլում՝ 46,38 տոկոս) եւ էկոնոմիկայի նախկին նախարար Ադգուր Արձինբան (36,92 տոկոս)։

Ավելի վաղ անդրադարձել էինք, որ Աբխազիայի հայ համայնքը երկրի իշխանություններից պահանջել է պաշտպանել համայնքը ընդդիմադիր քաղաքական ուժերի հարձակումներից։