կարևոր
1825 դիտում, 1 շաբաթ առաջ - 2025-02-14 11:27
Հասարակություն

Բա եթե բոլոր սառնարանների ոտքերի տակ չես նայել, ո՞նց ես ասում՝ եկել եմ այս եզրակացության․ «Հրապարակ»

Բա եթե բոլոր սառնարանների ոտքերի տակ չես նայել, ո՞նց ես ասում՝ եկել եմ այս եզրակացության․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Ո՞վ հանձնեց Արցախը` նախկիննե՞րը, թե՞ նիկոլ Փաշինյանը․ այս հորինված հարցը փակելու տարբերակներից մեկն էլ արցախյան խնդրի կարգավորմանը վերաբերող բոլոր փաստաթղթերը հրապարակելը կլինի: Որպեսզի հանրությունը ոչ թե մանիպուլյատիվ ելույթներով առաջնորդվի, այլ տեսնի, թե թղթի վրա` մինչեւ 2020 թվականը ինչ կարգավորում էր առաջարկվում Հայաստանին ու Ադրբեջանին՝ Մինսկի խմբի կողմից: Նիկոլ Փաշինյանը սա անելու փոխարեն շարունակում է դեմագոգությունը եւ ստերով մանիպուլացնում է հանրային կարծիքը՝ մեղքը գցելով նախկինների գրպանը։ Փաստաթղթերը հրապարակելու կոչով հանդես են եկել հանրային տարբեր գործիչներ։

Իսկ երբ Փաշինյանը նախկին նախագահներին առաջարկեց հրապարակային վիճաբանության գնալ իր հետ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջարկեց հրապարակել ղարաբաղյան կարգավորման փաստաթղթերը. «Եթե, Նիկո՛լ, ցանկանում ես, որ հանրությունն իմանա ողջ ճշմարտությունը ղարաբաղյան խնդրի կարգավորման դիվանագիտական գործընթացի մասին, ապա առաջարկում եմ. քանի որ Արցախի կործանումից հետո այդ գործընթացի խորհրդապահությունը կորցրել է իր իմաստը, հրապարակել Մինսկի խմբի համանախագահների կողմից պաշտոնապես ներկայացված խաղաղության բոլոր (այդ թվում՝ 2019թ. հունիսի) պլանները եւ հայկական դիվանագիտության պաշտոնական պատասխանները դրանց։ Այ, դա արդեն կլինի իսկական բանավեճ, հիմնված փաստերի վրա։ Իսկ եթե դա չանես, եւս մեկ անգամ կապացուցես, որ փախչում ես ճշմարտությունից եւ զբաղված ես պատմական պատասխանատվությունից փոքրոգիաբար խուսափելու գործով»։ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն էլ են պարբերաբար առաջարկում՝ թող հրապարակի, թե ինչ է բանակցվել մինչեւ 2018 թիվը եւ ինչ է բանակցվել 2018-ից հետո: Այդ պարագայում պարզ կդառնա, որ բանակցությունների հիմքում երբեք դրված չի եղել Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու տարբերակը:

Խորհրդարանում նախօրեին տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանը հարց ուղղեց, թե ինչու չի հրապարակում 2019-ին իր սեղանին դրված ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից վերջին խմբագրված տարբերակը, ինչու են այն թաքցրել քաղաքացիներից։ «Հրապարակեք այդ փաստաթուղթը, նաեւ՝ Քիվեսթը եւ մնացած փաստաթղթերը»,- հորդորեց պատգամավորը: Նիկոլ Փաշինյանը զավեշտալի «հակափաստարկ» ներկայացրեց, թե այդ փաստաթղթերը դարակում դրված չեն, որ վերցնեն հրապարակեն, այլ ցաքուցրիվ են։ «Ձեզ չթվա, թե բանակցությունների ինստիտուցիոնալացված՝ կա առաջին հատոր, երկրորդ հատոր, երրորդ հատոր, մի հատը սառնարանի ոտի տակից ենք հանում, մի հատը կոնդիցիոների միջից ենք հանում, մի մասը՝ ընդհանրապես մասնավոր մարդ գալիս է` մեզ տալիս է: Էդ դուք գիտեք ... դուք թողել եք, էդ որ սենց մի դարակում դրած լինե՞ր: Որ դրած լիներ, կասեինք՝ վերցրեք, ձեզ ենք տալիս: Հիմա կհամակարգենք ... կհրապարակենք»,- ասաց Փաշինյանը: «Ինտրիգ մի ստեղծեք դրա շուրջ, հրապարակվելու է` մեկ է դա, ուշ, թե շուտ հրապարակվելու է, բան չեք ունենալու ասելու: Ես ձեզ խորհուրդ եմ տալիս՝ դրա հետ հույսեր մի կապեք, որովհետեւ էդ հրապարակածը ձեր վիճակը չի լավացնելու, մենակ վատացնելու է: Էնտեղ ձեզ համար ոչ մի լավ եւ հուսադրող բան չկա: Մեզ համար էլ չկա, բայց ձեզ համար էլ չկա»,- հայտարարեց նա: 

Ապա, խոսելով 2019 թվի առաջարկի մասին, ասաց. «Ես 2019 թվին ասել եմ շատ հստակ բան՝ այն, ինչ որ 19 թվականի հունիսին դրվել է սեղանին, ես 2019թ. հունիսին դեռ որեւէ մեկի հետ որեւէ բան բանակցած չեմ եղել… Այն, ինչ որ դրված է եղել սեղանին, ինձնից առաջ եղած բանակցությունների արդյունքն է, ամփոփումն է։ Այդ թղթի վերեւն էլ գրված է՝ «Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները»»։ «Նախագահները... Ես Հայաստանի Հանրապետության նախագահ երբեք չեմ եղել»,- շարունակեց նա:

Ո՞ւմ սառնարանի ոտքի տակ կամ կոնդիցիոների մեջ են թաքնված բանակցային փաստաթղթերը, ինչո՞ւ դրանք պահպանված չեն ՀՀ արտաքին գործերի նախարարությունում՝ հարցրինք «Հայաստան» դաշինքի պատգամավոր, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանին։ «Ամոթ էլ է մանկապարտեզային մակարդակի այդ խոսակցությունները մեկնաբանել․․․ սառնարանի ոտքի տակ, կոնդիցիոների մեջ, եսիմոր գզրոցներից․․․ Իհարկե, այդ փաստաթղթերը դասակարգված պահվում են արտգործնախարարությունում․ 1992 թվականին Մինսկի կոնֆերանսն է եղել, որի հիման վրա ստեղծվել է Մինսկի խումբը, հետո՝ Մինսկի համանախագահությունը, այդ ժամանակներից մինչեւ հիմա բազմաթիվ փաստաթղթեր կան, չէ՞, դրանք չեն վերանում, հանցագործություն է դրանք վերացնելը, թող հանեն բոլոր փաստաթղթերը եւ հրապարակեն։ Չեն հրապարակում, որովհետեւ իրենց տարիների կեղծիքը, որ մեղադրում են բոլորին, ջրի երես է դուրս գալու, ասում է՝ ընդդիմության համար ավելի վատ կլինի, ճիշտ հակառակը` եթե մեզ համար վատ լիներ, ինքը վաղուց էր դրանք հրապարակել։ Պարզապես այս մարդն այնքան է ստել, որ ինքն էլ է խճճվել իր ստերի մեջ»,- ասաց Ռուստամյանը: «Եթե իր ասելով՝ այդ փաստաթղթերը չկան, ինչպե՞ս է հայտարարում, որ բոլոր փաստաթղթերը եղել են Արցախն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին, այստեղ էլ է, չէ՞, ստում։ Բա մի հատ լրիվ սառնարանների ոտքերի տակ նայի, կարող է ուրիշ բաներ էլ հայտնաբերես․․ եթե բոլոր սառնարանների ոտքերի տակ չես նայել, ո՞նց ես ասում՝ բոլոր փաստաթղթերը վերլուծելով` եկել եմ այս եզրակացության․ պարզվում է՝ դա էլ ես սուտ ասում»։ 

Ինչ վերաբերում է 2019 թվականին՝ Մինկի խմբի առաջարկին, Ռուստամյանի կարծիքով, դրա մասին բոլորը գիտեն, եթե անգամ ինքը չհրապարակի։ Խոսքը մադրիդյան բանակցված փաստաթղթի փուլային տարբերակի մասին է, որը հանրության մոտ լայն տարածում է գտել «Լավրովյան պլան» անվանմամբ: «Լավրովի պլանը» հետեւյալն է՝ հարցն ունենում է փուլային լուծում, առաջին փուլում զիջվում են 5 շրջանները, մյուս հարցերի վերաբերյալ կարգավորումները, ներառյալ՝ կարգավիճակի հարցը, թողնվում է ապագային: 

Որքան էլ Նիկոլ Փաշինյանը մանիպուլյացիաներով փորձի խեղաթյուրել բանակցային գործընթացը, այդուհանդերձ, փաստերը հերքել չի կարող։ «Իսկ փաստն այն է, որ մինչ իր պաշտոնավարումը Արցախը մեր վերահսկողության տակ էր, իրենից հետո Արցախը կորցրինք, այս փաստից խուսափել չի կարող` հասկացեք։ Որքան էլ պնդի, որ բանակցային գործընթացը եղել է Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին, բայց փաստ է, չէ՞, որ այն չի վերադարձվել, իսկ իր օրոք ինքը սկսել է իր զրոյական կետից եւ Ղարաբաղը հանձնել է Ադրբեջանին։ Բա որ տալիս էին, ինչի՞ չտվեցին, ու հենց քո օրոք տրվեց։ Իր մեղքը փորձում է բարդել նախկինների վրա, բոլորի վրա․ արցախահայերն են մեղավոր, որ թողել եկել են… ով ասես մեղավոր է, բացի իրենից, սա է իր մանիպուլյացիաների նպատակը, բայց, վստահեցնում եմ՝ սպառել է իրեն, անգամ իր լսարանի վրա արդեն չի ազդում: Որ այդ մարդկանց հետ զրուցում ես, իրենք էլ են խոստովանում, որ ընդամենը «կռուտիտ» է անում։ Ստի լիմիտը` մարդկանց խաբելու մեջ, արդեն սպառվել է այս մարդու մոտ»,- կարծում է Արմեն Ռուստամյանը։