Փոխարժեքներ
13 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.42 |
EUR | ⚊ | € 412.99 |
RUB | ⚊ | ₽ 4.331 |
GBP | ⚊ | £ 495.29 |
GEL | ⚊ | ₾ 140.53 |
ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է․
«Երեկ ԱԺ հարցուպատասխանի համար նախապատրաստել էի հույժ կարևոր հարցեր, որոնք վերաբերում են ջավախահայությանը։
Ելնելով իրավիճակից՝ այդ պահին տվեցի արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր, սակայն, խոստումիս համաձայն, այդ խնդիրներին ևս մեկ անգամ անդրադառնում եմ հրապարակմամբ։
Առաջինը վերաբերում է երկքաղաքացիություն ունեցող, սակայն վրացական անձնագրով ու վարորդական վկայականով երթևեկող ջավախահայերին՝ ՀՀ տարածքում պարեկների կողմից զանգվածաբար և ապօրինաբար տուգանելու պրակտիկային։
Օրեր առաջ ՆԳՆ-ից հայտնեցին, որ այս պահին շրջանառության մեջ է դրված օրենսդրական նախաձեռնություն, որով երկքաղաքացիները կկարողանան այլ երկրի վարորդական վկայականով 1 ամիս երթևեկել ՀՀ-ում։ Փոխնախարար Արմեն Ղազարյանն էլ ի պատասխան իմ դիտարկումներին, կարծիք հայտնեց, որ որոշման վերանայումը կաղճատի երկքաղաքացիության ինստիտուտը։ Ի՞նչ աղճատման մասին է խոսքը, երբ այդ ինստիտուտի իմաստն ու փիլիսոփայությունը Հանրապետությունից դուրս ապրող մեր հայրենակիցների և ՀՀ-ի միջև կապի ամրապնդումն է։
Երեկ էլ ՆԳՆ նախարար Արփինե Սարգսյանն ԱԺ ամբիոնից վերահաստատեց, որ ՀՀ երկքաղաքացիներին կթույլատրվի իրենց վարորդական վկայականներով վարել տրանսպորտային միջոցը մինչև 1 ամիս։
Ցավում եմ, որ Փաշինյանի իշխանության պատգամավորը, որը նաև ջավախահայ է, նշված լուծումը համարեց, իր բառերով ասված, չքնաղ: Ո՞րն է դրա չքնաղը:
Ակնկալում եմ, որպեսզի ՆԳՆ-ն հիմնավորի, թե ինչու՞ է որոշվել, որ 1 ամիսն է ողջամիտ թույլատրելի ժամանակահատվածը, այլ ոչ, ենթադրենք, 6 ամիսը։
Շարունակում եմ պնդել, որ ջավախահայությանը ՀՀ տարածքում ապօրինի կերպով տուգանելու գործընթացը շուտափույթ պետք է դադարեցվի և սահմանվի անժամկետ երթևեկության հնարավորություն։
Ցանկանում եմ անդրադառնալ ևս մեկ կարևոր հարցի, որը վերաբերում է Վրաստանում ապրող շուրջ 170․000 մեր հայրենակիցներին։
Վերջիններս վրացական պետհամարանիշների մեքենաներով չեն կարողանում ՀՀ տարածքում 15 օրից ավելի անցկացնել։ Եվ սա այն դեպքում, երբ նրանցից հազարավորները մշտական սերտ կապի մեջ են ՀՀ-ի հետ՝ պայմանավորված ուսմամբ, բուժմամբ կամ աշխատանքով։
Ոչ ՊԵԿ-ի կողմից, ոչ էլ սահմանային անցակետում նրանց որևէ լիարժեք հիմնավորում չի տրվում։
Հետամուտ եմ լինելու, որպեսզի այս երկու հարցերը ստանան արդարացի լուծումներ»։
Հիշեցնենք՝ ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը բարձրաձայնել էր, որ երկքաղաքացիություն ունեցող, սակայն վրացական անձնագրով ու վարորդական վկայականով երթևեկող ջավախահայերը ՀՀ տարածքում պարեկների կողմից տուգանվում են, և ընդգծել էր, որ դա անարդարացի մոտեցում է։ Ահազանգին հաջորդել էր ՆԳՆ-ի պատասխանը, որտեղ նշվում էր, որ այս պահին իրենց կողմից շրջանառության մեջ է դրված օրենսդրական նախաձեռնություն, որով երկքաղաքացիները կկարողանան այլ երկրի վարորդական վկայականով 1 ամիս երթևեկել ՀՀ-ում։ Գառնիկ Դանիելյանն արձագանքել էր ՆԳՆ հայտարարությանը՝ նշելով պատասխանը չի փարատում մտահոգությունները և հարց է առաջանում, թե ի՞նչ խնդիր է լուծելու մեկ ամսյա ժամկետի սահմանումը։ Փետրվարի 11-ին Ազգային Ժողովում Գառնիկ Դանիելյնաը վերստին բարձրաձայն էլ է նույն հարցը, ինչին ի պատասխան ՆԳ փոխնախարար Արմեն Ղազարյանն արձագանքել է, նշելով, որ իրենք չեն պատրաստվում վերանայել 1 ամսյա ժամկետը։