Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բլոգերների մի խումբ երկուշաբթի օրը հայտարարել է, որ խնդրագիր է պատրաստել` ուղղված Եվրահանձնաժողովի նախագահ Խոսե Մանուել Բարոզուին, ԵԽ գլխավոր քարտուղար Թորնբյորն Յագլանդին եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին:
Փաստաթղթի հեղինակները խնդրում են համապատասխան գնահատական տալ Վրաստանի իշխանությունների` երկրի հայ ազգային փոքրամասնության, մասնավորապես` ջավախեցիների նկատմամբ վարած խտրական քաղաքականությանը: Նրանք ընդգծում են, որ վրաց իշխանությունների հակահայ քաղաքականության դեմ բողոքող ջավախահայ հասարակական-քաղաքական գործիչները հետապնդվում են: Որպես օրինակ` նշվում է, որ այս տարվա ապրիլի 17-ին լրանում է ազգային-հասարակական գործիչ Վահագն Չախալյանի բանտարկության 1000 օրը: Նա շինծու մեղադրանքների հիման վրա վրացական դատարանի կողմից դատապարտվել է 10 տարվա ազատազրկման:
Խնդրագրի հեղինակները պահանջում են`
1. անհապաղ ազատ արձակել Վահագն Չախալյանին, դադարեցնել ջավախահայ հասարակական-քաղաքական գործիչների նկատմամբ քաղաքական հետապնդումները,
2. հայերի համախումբ բնակության շրջաններում տարածաշրջանային լեզվի կարգավիճակ տալ հայոց լեզվին,
3. իրավական կարգավիճակ տրամադրել Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմին, վերադարձնել խորհրդային ժամանակաշրջանում բռնագրավված հայկական եկեղեցիները,
4. վերացնել Հայաստան-Վրաստան սահմանի Բավրա-Ժդանովակա անցակետով հայատառ գրքերի, թերթերի և ամսագրերի անցկացման արգելքը,
5. կասեցնել Վրաստանի հայկական դպրոցների վրացականացմանն ուղղված ծրագրերը,
6. վերացնել Ջավախքի հիմնախնդիրներով զբաղվող մի խումբ հայաստանյան գործիչների` Վրաստանմուտք գործելու արգելքը:
«2011 թ. Մերձավոր Արևելքում ծայր առած իրադարձությունները գալիս են ևս մեկ անգամ ապացուցելու, որ իրենց բնակչության տարրական իրավունքները կոպտորեն ոտնահարող մենատիրական վարչակարգերը կենսունակ չեն: Ուստի, հանուն տարածաշրջանում կայունության հաստատմանը, կոչ ենք անում միջազգային և եվրոպական կառույցներին` ակտիվացնել ջանքերը մարդու և ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության ոլորտում Վրաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումն ապահովելու ուղղությամբ»,- ասվում է խնդրագրում, որը բաց է ստորագրության համար (http://www.gopetition.com/petition/43282.html ):