կարևոր
853 դիտում, 1 օր առաջ - 2025-01-27 17:34
Հասարակություն

Ուշաքցի Թուզջու Քադիրի, Սելամի ուստայի և Գրիգորի մոռացված պատմությունը

Ուշաքցի Թուզջու Քադիրի, Սելամի ուստայի և Գրիգորի մոռացված պատմությունը

Բուրչին Գերչեք

Ուղուր Սյումերը Ուշաքի Էշմե շրջանի Գյունեյքոյից է։ Նա 1970-ականներին մասնակցել է հեղափոխական պայքարին և սեպտեմբերի 12-ի հեղաշրջումից հետո 11 տարի անցկացրել բանտում։ Սյումերին այս տարբեր ոլորտներից շեղել է Ուշաքի հայերի մասին գրելու ցանկությունըորն սկիզբ է առել նրա բանտային տարիներից: Նախաբանում նա նշում է, որ Հրանտ Դինքի սպանության միջոցով է տեղեկացել, թե ինչերիի միջով է անցել հայ ժողովուրդը։ Սյումերը, ով այս դեպքից հետո խորացրել է իր հետազոտությունը, առաջաբանում գրում է. «Այս գրքում դուք կկարդաք իրական պատմությունը այս տարածքում մի ժողովրդի անմարդկային և ողբերգական ամբողջական ոչնչացման մի փոքրիկ, չգրանցված մասի մասին: (…) Կարող եմ ասել, որ ես ոչնչով չեմ միջամտել Թուզջու Քադիրի, Սելամի ուստայի և Գրիգորի հետ պատահածին։ Իրական են նաեւ այն վայրերը, որոնցում տեղի են ունեցել իրադարձությունները»։

Նոր տարեսկիզբը ցավոք սրտի միշտ չէ, որ նշանավորվում է նոր թեմաներով։ 2025 թ․ մեր խոսույթում և գրավոր նյութերում կարձանագրվի որպես 1915 թվականի 110-ամյակ։ Եվս մեկ անգամ կխոսենք ցավի, անարդարության, կեղեքման, անգերեզման նահատակաների, հարյուրամյա արգելված երգերի ու գրքերի մասին։ Պետք է խոսենք, որպեսզի դա չկրկնվի:

Գրող-ռեժիսոր Ուղուր Սյումերի «Մեր գյուղի հայերը» աշխատությունը, որը հրատարակվել է “H2O” հրատարակչության կողմից, 2025 թ․ առաջին գրքերից է, որն անդրադառնում է այս թեմային։ Սյումերը մատնանշում է, թե ինչպես է ցավն էական դարձնում պատմումը: Այս երկրի գրեթե յուրաքանչյուր քաղաք, գյուղ ու գյուղակ կրում է հայ ժողովրդի կրած տառապանքների կնիքը։ Անշուշտ հայերը նաև ուրախացել ու ժպտացել են։ Սակայն 1915-ի Ցեղասպանության հրամանագիրը տեղ չի թողնում, որ այդ թեմաներին էլ անդրադառնանք։ Ահա թե ինչու, հայ ժողովրդի հետքերը պարուրված են ցավով ու կորստով։ Ինչպես Ջեմալ Սյուրեյայի բանաստեղծությունը, այնպես էլ Սյումերի գիրքը մեզ հիշեցնում են, որ այս վայրերի վերաբերյալ ասված յուրաքանչյուր «խոսք» թաթախված է արյամբ։

Ուղուր Սյումերը Ուշաքի Էշմե շրջանի Գյունեյքոյից է։ Նա 1970-ականներին մասնակցել է հեղափոխական պայքարին և սեպտեմբերի 12-ի հեղաշրջումից հետո 11 տարի անցկացրել բանտում։ Նրա հանդիպումը հայ ժողովրդի պայքարի և Ցեղասպանության հետ նման է այն գործընթացին, որն ապրում է թուրքական ձախերի մեծ մասը: Նա հայտնի դարձավ «Թող ոչ ոք անտեղյակ չլինի» (Belge հրատ․, 2003) վերնագրով իր ստեղծագործությամբ, որտեղ նա ներկայացրել է խոշտանգումների մասին վկայություններ, «Մեկ պատերազմ, մեկ անձ» (2003) գրքով, որը բաղկացած է հարավարևելյան վետերանների հետ հարցազրույցներից, և «Դեպի հեղափոխական ուղու պատմություն – Ուշաի գյուղական կոմունաներ» (2023) աշխատությամբ: Բացի այդ, նա վավերագրական ֆիլմեր է նկարահանել բնապահպանական պայքարի մասին։ Նա Ուշաքի շրջանում հեքիաթներ է գրի առել։

Սյումերին այս տարբեր ոլորտներից շեղել է Ուշաքի հայերի մասին գրելու ցանկությունը, որն սկիզբ է առել նրա բանտային տարիներից: Նախաբանում նա նշում է, որ Հրանտ Դինքի սպանության միջոցով է տեղեկացել, թե ինչերիի միջով է անցել հայ ժողովուրդը։ Սյումերը, ով այս դեպքից հետո խորացրել է իր հետազոտությունը, առաջաբանում գրում է. «Այս գրքում դուք կկարդաք իրական պատմությունը այս տարածքում մի ժողովրդի անմարդկային և ողբերգական ամբողջական ոչնչացման մի փոքրիկ, չգրանցված մասի մասին: (…) Կարող եմ ասել, որ ես ոչնչով չեմ միջամտել Թուզջու Քադիրի, Սելամի ուստայի և Գրիգորի հետ պատահածին։ Իրական են նաեւ այն վայրերը, որոնցում տեղի են ունեցել իրադարձությունները»։

Հրանտ Դինքից հետո Սյումերը վերադառնում է այս պատմությանը, որում ներգրավված է նաև իր ընտանիքը։ Հեղինակը խոսում է այն կայծի մասին, այն խղճի շարժման, թեկուզ ցավոտ, որը բորբոքվել է միլիոնավոր մարդկանց մեջ։ Նա անդրադառնում է նաև այն միջավայրին, որտեղ ուժեղները ամրապնդում ու փոխանցում են իրենց հաղթանակը.

«Թեև անցել է հարյուր տասը տարի, և հիշատակվածներից ոչ ոք չի մնացել, ես նկատեցի, որ կատարվածը դեռ խեղաթյուրված և հերքված է, նույնիսկ իմ ընտանիքի ներսում»:

Սյումերն իր գիրքը հիմնում է Գյունեյքոյից երեք հայերի փորձառության վրա։ Պատմաբանի իր վարպետությամբ նա իրար է կապում երեք մարդկային պատմություններ։ Գյուղի որոշ մարդիկ, ովքեր հայտնի էին որպես հայ, ընդունել են մահմեդականություն: Չնայած դրան, ֆերմանի տերերը դիմում են ամեն տեսակի խորամանկության և բռնության՝ տիրանալու նրանց բաղձալի հարստությանը։

Նշենք նաեւ, որ գիրքը կարեւոր ներդրում ունի Ուշաքի պատմական հետազոտության մեջ։ Շատ քիչ հրատարակված ուսումնասիրություններ կան Ուշաքի հայերի և այլ համայնքների պատմության վերաբերյալ, ովքեր հայտնի էին գորգագործությամբ և բրդի արտադրությամբ, և որտեղ մինչև 1915 թ․ 1100 հայ էր ապրում։ Ուշաքը ներառված չէ այն հուշերի շարքում, որոնցում ցեղասպանությունից փրկված հայերը փաստորեն գրավոր կերպով վերահաստատել են իրենց հայրենիքը։ Բացառություն է կազմում “Vatan, Vatanım, Ma Patrie Uşak” աշխատությունը, որը հրատարակվել է Կոստաս Պանդազօղլուի կողմից։ Վերջինս ծագումով ուշաքցի հույն ընտանիքից է։

Ուշաքի մասին սահմանափակ տեղեկություններ կարելի է գտնել 1915 թ․ առաջ և հետո, բայց միայն Քյութահիայի նահանգապետության վերնագրի ներքո, որին ենթակա էր։

Սյումերը «Մեր գյուղի հայերը» գրքով կարևոր ներդրում ունի Ուշաքի թերի պատմագրության մեջ։ Ըստ մի տեղեկության՝ հայտնի առակասաց Եզոպոսը Անատոլիայից էր։ Նա Աֆիոնից էր՝ Ուշաքի հարեւան գավառից։ Չնայած 1915 թվականից անցած ամբողջ ժամանակին, Սյումերի աշխատանքը հիմնված է կատարվածի փոխանցման և դիմակայելու պատասխանատվության վրա, այլ ոչ թե՝ Ջեմալ Սյուրեյայի բանաստեղծության մեջ նշված «Եզոպոսի անիծված լեզվի»։

https://www.agos.com.tr/tr/yazi/31773/usakli-tuzcu-kadir-selami-usta-ve-kirkorun-unutulmus-hikayesi

Թարգմանեց Տիգրան Չանդոյանը

www.akunq.net