Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Փետրվարի 5-ին Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում գտնվող Եվրոպական խորհրդարանում անցկացվեց ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի և ԵՄ-ում Հայաստանի առաքելության կողմից կազմակերպված «Մոռացված փախստականներ․ ի՞նչ է կատարվել Բաքվի հայերի հետ» համաժողովը. հայտնում է Yerkir.am-ը:
Համաժողովի ընթացքում ելույթներով են հանդես եկել բարոնուհի Քերոլայն Քոքսը, ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը, Եվրախորհրդարանում Սոցիալիստների ու դեմոկրտաների առաջադիմական դաշինքի ներկայացուցիչ Կոստաս Մավրիդեսը և այլք:
Բարոնուհի Քերոլայն Քոքսն, իր խոսքում, մասնավորապես, նշել է.
«Բաքվում, Սումգաիթում և Լեռնային Ղարաբաղում իրականացվել է հայերի ցեղասպանություն, որը պետք է անպայմանորեն ճանաչել՝ հետագայում նման բանը անպատիժ չշարունակվելու նպատակով: Ես այնպիսի մարդկանց եմ ճանաչում, ովքեր ջարդերից փախել են ու այժմ Բրիտանիայում են: Այդ տարիներին Ադրբեջանում իրավիճակը հեռու էր «ժողովրդավարությունից և թափանցիկությունից», ինչպես այսօր փորձում են ներկայացնել համաժողովի ադրբեջանցի մասնակիցները», ու հավելել՝ ինքը հաճախ է տարատեսակ այցերով Արցախում գնում, ինչի պատճառով էլ այս պահին գտնվում է Ադրբեջանի «սև ցուցակում»:
Բարոնուհին իր ելույթում անդրադարձել է նաև համաժողովի ընթացքում ներկայացված Բաքվի փախստականների պատմություններին: Այդ փախստականներից մեկն է եղել նաև 90-ականների սկզբին Ադրբեջանը լքած Աննա Աստվածատրյան-Տյուրքոտը, ով ներկա էր համաժողովին: Նա նշել է, որ իրեն շատ ահասարսուռ պատմություններ ու հիշողություններ են պատմել փախուստներից. «Շատերի ոգին կոտրվել էր, շատերի կյանքը ոչնչացվել էր՝ 350 000 մարդու կյանք, այնպիսին ինչպիսին ես եմ»,- ընդգծել է նա:
Ի պատասխան Աստվածատրյանի ելույթին՝ համաժողովի ադրբեջանցի մասնակիցներից մեկն ասել է, որ նման հանդիպումները չեն նպաստում «խաղաղության կառուցմանը»: Զեկուցողը, սակայն, հակադարձել է նրա ակնակին՝ շեշտելով. «Իմ կյանքը փրկել է մի ադրբեջանուհի, որը նույնիսկ չէր հասկանում ինձ, քանի որ ռուսերեն չգիտեր» ու հավելել. «Խաղաղության կառուցման համար ամենակարևորը ճշմարտությունն է»:
Անդրադառնալով Եվրոպական խորհրդարանի գործունեությանը՝ ելույթ է ունեցել նաև Գասպար Կարապետյանը: Նա, մասնավորապես, շեշտել է. «Հենց Եվրախորհրդարանն էր, որ 1990 թվականի հունվարին իր դրույթներից մեկով ամրագրեց Ադրբեջանի իշխանություններից կողմից իրականացվող հակահայկական գործողությունները Բաքվում՝ միևնույն ժամանակ ներկայացնելով այն փաստը, որ տուժողներից ոմանք զոհվել են ահասարսուռ պայմաններում»:
Ամփոփելով թեման իր խոսքում, մեկ անգամ ևս հաստատելով ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախագահի պնդումը, Մավրիդեսը նշել է, որ Եվրոխորհրդարանը որոշակի բանաձևեր է ընդունել 1988 և 1991թթ Սովետական Ադրբեջանում հայերի ջարդերի վերաբերյալ: Միևնույն ժամանակ նա նաև հավելել է. «Ես ողջունում եմ նման համաժողովի անցկացումը՝ հաշվի առնելով նաև իմ սեփական փորձը: Ընտանիքիս հետ մենք ևս փախտականներ ենք եղել՝ 1974ին Թուրքիայի կողմից Հյուսիսային Կիպրոս ներխուժելու պատճառով: Հենց այդ ժամանակվանից ես հասկացել եմ, թե ինչի կարիք ունեն իմ հայ քույրերն ու եղբայրները: Ոգեկոչումը վրեժի համար չէ, բայց մոռանալը անկարելի է, քանի որ այն նույնանման հանացագործությունների պատճառ կարող է դառնալ»:
Համաժողովին ներկա է եղել նաև Բրյուսելի համալսարանի պրոֆեսոր Դավիթ Բաբաևը: Մինչ իր խոսքը սկսելը՝ նա շնորհակալություն է հայտնել Եվրախորհրդարանին հարթակ տրամադրելու համար, «որպեսզի արտահայտվի 1990թ․ Բաքուն ստիպողաբար լքած հայ փախստականների մասին մեր մտահոգությունը ու ավելացրել. «Այդ վայրագությունները՝ բռնությունը, ահաբեկումը, բռնաբարությունը, սպանությունը և մարդկանց ողջ-ողջ այրելը չպետք է անպատիժ մնան»:
Տեսանյութը՝ ստորև.