կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-29 10:08
Քաղաքական

Փաշինյանն ու ՀՀԿ-ականները միաժամանակ կմեկնեն Գերմանիա. ՀՀԿ-ն մոռացված չէ. «168 ժամ»

Փաշինյանն ու ՀՀԿ-ականները միաժամանակ կմեկնեն Գերմանիա. ՀՀԿ-ն մոռացված չէ. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Արդեն հայտնի է, որ հունվարի վերջին եւ փետրվարի սկզբին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Գերմանիա: Նախատեսվող այցն արդեն դարձել է զանազան վերլուծությունների առարկա:

Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ գրեթե նույն օրերին Բեռլինում է գտնվելու նաեւ Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) պատկառելի պատվիրակություն՝ Վիգեն Սարգսյանի, Արմեն Աշոտյանի եւ Արփինե Հովհաննիսյանի մասնակցությամբ: Այցը տեղի է ունենալու գերմանական «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հրավերով, որը հանդիսանում է Գերմանիայում իշխող Քրիստոնեադեմոկրատական միության ուղեղային կենտրոնը:

Հաշվի առնելով եվրոպական քաղաքականության նրբերանգները՝ բոլորովին պատահական չէ, որ Նիկոլ Փաշինյանի այցին զուգահեռ՝ գերմանական կողմն ընդունելություն է նախապատրաստել նաեւ հանրապետականների համար: Սա մի կողմից՝ ՀՀԿ միջազգային ակտիվ կապերի արդյունք է, ինչի ականատեսն ենք եղել տարիներ շարունակ:

Մյուս կողմից՝ կարող է դիտվել նաեւ՝ որպես Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի կնքման մեջ հանրապետականների անուրանալի դերի գնահատական: Սակայն ամենահատկանշականն այն է, որ թեպետ ՀՀԿ-ն այլեւս արտախորհրդարանական ուժ է, սակայն մոռացված չէ իր ազդեցիկ եվրոպական գործընկերների կողմից եւ, փաստորեն, դիտվում է՝ որպես Նիկոլ Փաշինյանին իրական հակակշիռ»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում: