Փոխարժեքներ
22 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.74 |
EUR | ⚊ | € 416.6 |
RUB | ⚊ | ₽ 4.0489 |
GBP | ⚊ | £ 493 |
GEL | ⚊ | ₾ 139.52 |
Օրերս ռուսական «Ռեքս» գործակալությունը, հղում անելով իտալական «AsiaNews»-ին, հայտնում է, թե ինչպես է ինչպես է Բաքուն հավակնում լինելու Իրանում ավելի քան երկու դար (1502-1736) իշխածհայտնի արքայատոհմի՝ Սեֆյանների ժառանգորդը:
Ադրբեջանական «Zerkalo.az»-ն այս թեմայով հարցազրույց է ունեցել «Խազար» համալսարանի աշխատակից Սաբուխի Ահմեդովի հետ, ով Սեֆյանների՝ որպես «ադրբեջանական պետականության ֆենոմենի» մասին թեզի գլխավոր կողմնակիցներից է: Նա անդրադարձել է Շահ Իսմայիլ Հաթային, որը կառավարել է 16-րդ դարի սկզբին։ Ըստ ադրբեջանցի կեղծարարի եզրակացության՝ «….մենք պետք է ընդունենք երիտասարդ ադրբեջանցու կառուցած պետության ավանդույթները, որոնք գոյատևել են ավելի քան երկու դար»։ Իսկ այսօր Ադրբեջանին անհրաժեշտ են աշխատանքներ, որոնք «լուսավորեն մեր պատմությունը, Սեֆյանների, Կովկասյան Ալբանիայի պատմությունը և մեր պետականության շատ այլ փուլեր»։
«Эриванская крепость -500» ադրբեջանականկայքի «История Эривани» հրապարակմանհամաձայնէլ՝«Իրևանը(խոսքը մ.թ.ա. 782 թվականին հիմնադրված աշխարհ հնագույն քաղաքներից՝ ՀՀ մայրաքաղաք Երևանի մասին է – Վ.Ս.) հիմնադրվել է 16-րդ դարի սկզբին՝ որպես Օսմանյան կայսրության հետ սահմանին Սեֆյան (թուրք-ադրբեջանական) կայսրության հենակետ։ Ըստ հայտնի թուրք ճանապարհորդ Օվլիե Չելեբիի (խոսքը հայտնի Էվլիյա Չելեբիի մասին է, ով հայտնի է իր «Ուղեգրություններ»-ով - Վ.Ս.) հուշերի՝ շահ Իսմայիլ Ա Սեֆեվին 1510 թվականին հրամայել է Զենգի(խոսքը Զանգու (Հրազդան) գետի մասին է – Վ.Ս.) գետի վրա ամրոց կառուցել՝ օսմանյան առաջխաղացումը դեպի արևելք կասեցնելու համար։ Շինարարությունը վստահվել է վեզիր Ռևան-ղուլի խանին։ Այստեղից էլ առաջացել է բերդի անվանումը՝ Ռևան-կալա, որը ժամանակի ընթացքում վերածվել է Իրևանի»։ Ի դեպ, նշված կայքն էլ հենց ստեղծվել է «….ի պատիվ Երևանի բերդի 500-ամյակի՝ 2011 թ.»:
Այսքանից հետո կարծես թե կարիք չպետք է լիներ մեկնաբանելու, թե որքան կարևոր է ուրարտական (Վանի կամ Այրարատյան թագավորության) ժառանգության տնօրինումը ՀՀ-ի կողմից և այն իբրև հայկական հոգևոր-նյութական ժառանգության մի մաս ներկայացնելու աշխարհին: Պատասխանը պարզ է՝ Երևանի անձնագիրը և միակ «հավաստագիրը», որով մեր մայրաքաղաքը դասվում է աշխարհի հնագույն (Հռոմից էլ հին) քաղաքների շարքին, Արգիշտի թագավորի ուրարտական սեպագիր արձանագրությունն է:
Ի՞նչ է կատարվում
Փաստ 1. Փաշինյանի իշխանության հովանավորությունը վայելող որոշ «կրթական բարեփոխիչներ», դասագրքերն այլանդակելուց ու դրանք հակագիտական, հակահայկական զեղծարարությամբ լցնելուց զատ, «Հայոց պատմության» 7-րդ դասարանի նոր դասագրքում կտրել են Էրեբունու օրգանական կապը Երևանի հետ: Վերջիններս այստեղ – այնտեղ հայտարարում են՝ ուրարտական ժառանգությունը հայկական համարելը սովետական հիմարություն է: Սա ուղիղ թուրքական հայեցակարգ է, որն օրը ցերեկով բերված է հայկական գիտակրթական դաշտ:
Փաստ 2. Փաշինյանի իշխանության օրոք գլխատվում է ուրարտական ժառանգությունը աշխարհին իբրև հայոց մշակույթ ներկայացնող ռազմավարական նշանակության հաստատություններից մեկը՝ «Էրեբունի» թանգարանը. վերջինս ոչ միայն տնօրեն չունի, այլև ժամանակավոր պաշտոնակատարը Yerkir.am-ի հետ հարցազրույցում նշել է, որ չունի թանգարանի զարգացման որևէ ծրագիր, հայեցակարգ և այլն: Իսկ մինչ նշանակումը թանգարանը չուներ ոչ միայն տնօրեն կամ տեղակալ, այլև անգամ տնօրենի կամ տեղակալի ժ.պ.: Կարճ ասած՝ «Էրեբունիում» տոտալ «բարդակ» ու անտեր վիճակ է շուրջ 9 ամիս, որը միտում ունի շարունակվելու: Հաստատությունում ստեղծված այս վիճակը մեզ թույ է տալիս մտածելու, որ նույնիսկ եթե թանգարանն ունենա նոր տնօրեն, վերջինս ստիպված է լինելու հարմարվել նոր այս «տեսություններին» և պահանջներին:
Այս ամենից կարելի է հետևություն կատարել, որ, Փաշինյանի իշխանությունը թուրքերին է հանձնել ոչ միայն ազատագրված Արցախն ու ՀՀ անվտանգ ապագան, այլև ուրարտական քաղաքակրթական ժառանգությունը, որով մինչ օրս Հայաստանը ներկայացել է աշխարհին, և հենց այս օրերին էլ Երևանի անձնագիրը՝ Արգիշտիի սեպագիր արձանագրության թվով 4 բնօրինակներից մեկը թանգարանի նախկին տնօրեն և երախտավոր Միքայել Բադալյանի ջանքերով ժամանակավորապես ցուցադրվում է Էրմիտաժում՝ ի հեճուկս թուրքերի և ի փառս Երևանի:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, կարծում ենք, պետք է կողմնորոշվի՝ ինքը Ռևան-ղուլիխանի կառուցած 515-ամյա ադրբեջանական Իրևանի՞, թե՞ Ուրարտուի թագավորներից Արգիշտիի կառուցած 2807-ամյա Էրեբունի-Երևանի քաղաքապետն է: Այն Արգիշտիի, որի ուրարտերեն սեպագիր արձանագրության վրա ձեռքը դնելով ու երդվելով է դարձել Երևանի քաղաքապետ: Եթե ընդունում է 2-րդ տարբերակը, ապա ինչու՞ է սեփական ձեռամբ գլխատում «Էրեբունի» թանգարանն ու հանդուրժում Էրեբունի-Երևան օրգանական կապի ընդհատումը: Ավելին, եթե Տիգրան Ավինյանը գիտակցում է այս ամենի լրջությունը, ավելին, եթե չի ուզում վաճառել սեփական քաղաքի պատմությունն ու դառնալ Փաշինյանի իշխանության հանցակից, ապա պետք է համարձակվի քայլ կատարել: Հակառակ դեպքում՝ կարող է օր գա, և Տիգրան Ավինյանն ստիպված լինի երդվել ոչ թե Արգիշտի թագավորի արձանագրության, այլ օղուզական գրերի վրա:
Վահե Սարգսյան