կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-11 14:04
Աշխարհ

Արևմուտքի կողմից «գահընկեց» արված Խանի կողմնակիցները Պակիստանում զանգվածային ցույցեր են անցկացնում

Պակիստանի նախկին վարչապետ Իմրան Խանի և նրա «Թեհրիք ի Ինսաֆ» կուսակցության տասնյակ հազարավոր կողմնակիցներ դուրս են եկել փողոց՝ քաղաքական գործչին աջակցություն հայտնելու։ Զանգվածային ակցիաներ են անցկացվել երկրի բոլոր խոշոր քաղաքներում, այդ թվում՝ մայրաքաղաք Իսլամաբադում։

Նախօրեին Պակիստանի խորհրդարանը վարչապետին անվստահություն էր հայտնել «չվերահսկվող գնաճի» համար։ Սակայն Իմրան Խանը կարծում է, որ ընդդիմության գործողությունների հետևում կանգնած է Միացյալ Նահանգները. Վաշինգտոնը գոհ չէ Իսլամաբադի անկախ արտաքին քաղաքականությունից։

«Մեր պատմության մեջ երբեք նման ամբոխներ դուրս չեն եկել՝ այսքան ինքնաբուխ և այդքան մեծաթիվ՝ մերժելով սրիկաների գլխավորած ներմուծված կառավարությանը»,- գրել էր Խանը։

Հիշեցնենք, որ մարտի 9-ին Իմրան Խանը քննադատել էր արեւմտյան դիվանագետներին Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունը դատապարտելու կոչերի համար։

«Ի՞նչ եք մտածում մեր մասին. որ մենք ձեր ստրուկնե՞րն ենք, որոնք ինչ ասեք, կանե՞ն», - ասել էր ՀՀ անկախությունը չճանաչած պետության վարչապետը։

Մարտի 20-ին Իմրան Խանը պաշտպանել էր ռազմական հակառակորդ Հնդկաստանի դիրքորոշումը, որը հրաժարվել էր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ։

Ավելի ուշ Խանը հայտարարեց օտարերկրյա դավադրության դեմ ազատության պայքարի մեկնարկի մասին։ Նա նախկինում ասել էր, որ իր անկախ արտաքին քաղաքականությունը նյարդայնացրել է «օտար ուժերին», մասնավորապես՝ Վաշինգտոնին, և նրանք ֆինանսավորել են ընդդիմությանը։

Իր հերթին, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ Խանի խոսքերն այն մասին, որ Վաշինգտոնը կանգնած է իր կառավարությունը տապալելու ենթադրյալ դավադրության հետևում, իրականությանը չեն համապատասխանում։

Այսօր նոր վարչապետի ընտրություն տեղի կունենա՝ երկրի քաղաքականությանը արտաքին միջամտության մասին հայտարարությունների, Խանին անվստահություն հայտնելու և նրան աջակցող զանգվածային գործողությունների ֆոնին։