Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուսական գազը նոր երթուղով կանցնի միայն Ռուսաստանի և Արևմուտքի միջև նոր «սառը պատերազմի» ավարտից հետո: Այդ մասին ասվում է ռուսական Forbes-ում հրապարակված` East European Gas Analysis-ի գլխավոր տնօրեն և սեփականատեր Միխայիլ Կորչեմկինի հոդվածում: Հոդվածը կրճատումներով՝ ստորև:
«Կարծում եմ «Թուրքական հոսք» չի լինելու:
Եվ խնդիրն ամենևին էլ գազի գնի զեղչի շուրջ ռուս-թուրքական բանակցությունների` փակուղի մտնելու մասին տեղեկությունները չեն: Այդ նախագծի իրականացման համար «Գազպրոմ»-ը շատ խոչընդոտներ պետք է հաղթահարի:
Նախ` «Գազպրոմ»-ը պետք է գումար գտնի (հիշեցնեմ՝ ընկերությունը չի կարողացել ֆինանսավորել նախագիծը):
Երկրորդ՝ Ռուսաստանը պետք է զգույշ արտաքին քաղաքականություն վարի, որպեսզի առիթ չտա ԱՄՆ-ին, ԵՄ-ին ու Շվեյցարիային` արգելել «Գազպրոմ»-ին ստորջրյա շինարարական ծառայությունների մատուցումը (բոլոր ընկերությունները, որոնք ունակ են կառուցել «Թուրքական հոսք»-ը, «պատժամիջոցային» երկրների սուբյեկտներ են):
Ենթադրենք՝ Ռուսաստանն ու «Գազպրոմ»-ը կարողանում են շրջանցել բոլոր արգելքներն ու խողովակաշար են կառուում: Սակայն դա ամենևին էլ չի նշանակում, որ գազը կհասնի վերջնական սպառողներին:
Հունաստան հասնելիք 47 մլրդ խորանարդ մետր գազի մեծ մասը նախատեսված է Իտալիայի սպառողների համար: «Գազպրոմ»-ի ղեկավարության կարծիքով՝ Թուրքիայից Իտալիա խողովակաշարը պետք է կառուցեն գնորդները, իսկ չկառուցելու դեպքում ռուսական մոնոպոլիստը կփակի ծորակն ու դադար կվերցնի:
Սակայն հենց «Գազպրոմ»-ը նվազեցնի Իտալիային գազի մատակարարման ծավալները, ԱՄՆ-ը կարող է ամերիկյան բանկերի միջոցով փակել ռուսական մոնոպոլիստի հասանելիությունը դեպի ֆինանսավորում: Անցյալ տարի Ukraine Freedom Support Act of 2014 օրենքն է ընդունվել, որը ԱՄՆ նախագահին իրավունք է տալիս պատժամիջոցներ կիրառել «Գազպրոմ»-ի նկատմամբ:
Ամերիկյան բանկերին, հավանաբար, կհետևեն նաև այլ ֆինանսական կազմակերպություններ, որոնք չեն ցանկանա վեճի մեջ մտնել ԱՄՆ-ի հետ: Իսկ առանց արտաքին ֆինանսավորման արևելյան գազային նախագիծը կարող է դադարեցվել»: