կարևոր
1312 դիտում, 1 շաբաթ առաջ - 2024-12-13 16:42
Հասարակություն

Տխրությամբ, ոգևորությամբ ու մտահոգություններով լեցուն մի երեկույթ հայ ընկերների հետ…

Տխրությամբ, ոգևորությամբ ու մտահոգություններով լեցուն մի երեկույթ հայ ընկերների հետ…

ԴՈՂԱՆ ՕԶԳՅՈՒԴԵՆ

Մինչ նշում էինք Միություն ընդդեմ ցեղասպանության կազմակերպության հիմնադիր Ալի Էրթեմի հիշատակը, ով կյանքից երեք տարի առաջ էր հեռացել, Սիրիայից ցեղասպանության սպառնալիքի նոր լուրեր էին ստացվում..

Այսօր լրանում է Թուրքիայից արտագաղթած ամենագիտակից ու մարտունակ քաղաքացիներից մեկի, Միություն ընդդեմ ցեղասպանության կազմակերպության հիմնադիր Ալի Էրթեմի մահվան երրորդ տարին… Շաբաթ օրը երեկոյան հավաքվեցինք Բելգիայի դեմոկրատ հայերի ասոցիացիայի կողմից կազմակերպված հանդիպմանը՝ հիշատակելու Անատոլիայում մեծացած այս բացառիկ անձնավորությանը և ավելի լավ ճանաչելու նրա մղած պայքարն ու ստեղծած կազմակերպությունը:

Ալի Էրթեմը, ինչպես Դողան Աքհանլըն, ում կորցրեցինք նույն տարում, մեր ընկերներից էր, ով անխոնջ պայքարեց ոչ միայն Թուրքիայի ժողովրդավարացման և մեր ժողովրդի ազատության համար, այլև՝ օսմանյան ժամանակաշրջանից սկսած մինչև հանրապետական վարչակարգի համեմատաբար «ժողովրդավարացման» ժամանակաշրջան համակարգված կերպով շարունակված ցեղասպանության և ջարդերի ճանաչման համար։

Մենք նրա հետ Եվրոպայի տարբեր քաղաքներում մասնակցել ենք ցեղասպանությունների ուրացման դեմ քննարկումներին և կիսվել մեր փորձով ու գիտելիքներով։ 2017-ին նա իր սիրելի կնոջ և մարտնչող ընկեր Սելայ Էրթեմի հետ այցելեց Գյունեշի աշխատաժողովին, հանդիպեց մեր ընկերներին և առաջարկներ արեց ցեղասպանության ժխտողականության դեմ պայքարի նոր հեռանկարների վերաբերյալ։

Screenshot

Ալի Էրթեմը ծնվել է 1950 թ․, կրոնապաշտ ընտանիքում, Քոչհիսարի շրջանի Գյոլյու գյուղում, նախնական կրթությունն ստանալուց հետո, միջնակարգ կրթությունն ավարտել է մեծ քաղաքներում և երկար ժամանակ որպես աշակերտ աշխատել տարբեր տեղերում։ 1964 թ․ Ռուրի հանքարդյունաբերական ձեռնարկության գովազդի հիման վրա նա գալիս է Գերմանիա՝ որպես էլեկտրիկի, ընթացագործի և հանքագործի աշակերտ վերապատրաստում ստանալու և երեքուկես տարվա վերապատրաստումից հետո սկսում է իր կյանքը որպես աշխատանքային միգրանտ։

ՆԵՐԳԱՂԹՅԱԼ ԱԼԻ ԷՐԹԵՄԻ ԿՈՂՄԻՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԻ ՃԱՆԱՉՄԱՆ ԸՆԹԱՑՔԸ

Ալի Էրթեմը Հայդե Ռիքի և Ազադ Օրդուխանյանի «Արմատներ օդում. Ցեղասպանության և կյանքի հետքերը» գրքում այսպես է նկարագրել իր մասնակցությունը ձախ շարժմանը և ցեղասպանության ուրացման դեմ պայքարին․

«Կյանքիս ամենամեծ փոփոխությունները սկսեցի զգալ Ժիրոնդել 78 – Բոխումի ուսանողական հանրակացարան տեղափոխվելուց հետո: Ձախական կյանքս սկսվեց ժողովրդական բանաստեղծների, ինչպիսիք են Ռուհի Սուն, Աշըք Իհսանին, Աշըք Մահսունի Շերիֆը, լսելով և կարդալով այնպիսի գրողների, ինչպիսիք են Նազիմ Հիքմեթը, Հասան Հուսեյնը, Բերթոլդ Բրեխթը: Արմատապես զատվեցի կրոնական հավատքից: Երբեք չէի պատկերացնի, որ տարիներ կպահանջվեն մեր ընդհանուր խոհանոցում Միհրան Դաբաղի հետ ունեցած վեճը մարսելու համար, այն մեղադրանքը, որ թուրքերը ցեղասպանություն են իրականացրել հայ ժողովրդի դեմ։ Թեև շատ նոր տեղեկություններ ձեռք բերեցի իմ ձախական կյանքի տասնամյակների ընթացքում, կարդացի մարքսիզմի հիմնական աշխատությունները և բավականաչափ սովորեցի, որպեսզի «պատմեմ» Ռուսաստանի, Չինաստանի, Ալբանիայի և Կուբայի հեղափոխական շարժումների պատմությունը նույնիսկ ուրիշներին, շատ ուշ հասկացա, որ բացարձակ անտեղյակ եմ մեր իսկ նորագույն պատմությանը։

«Այն պահից, երբ տեղեկացա այս փաստի մասին, մինչև այն օրը, երբ պահանջեցի, որ ձախ կուսակցությունը, որտեղ աշխատում էի, պետք է առերեսվի մարդկայնության դեմ իրականացված ցեղասպանության հանցագործություններին, դեռ չունեի մտքի ամբողջական հստակություն։ «Առաջնորդ» ընկերները հարցը փակեցին՝ շեշտելով, որ այս հարցը լուծվել է և դարձել անցյալ, որ ո՛չ ցեղասպանությունը, ո՛չ էլ Հայկական հարցն այլևս խոչընդոտ չեն դասակարգային պայքարին, որ մենք պետք է կենտրոնանանք հեղափոխական պայքարի վրա, որը բոլոր խնդիրների լուծումն է, և որ պատմության անիվը շրջելու փորձը հետադիմական է։ Այդ պահից ես մտածեցի, որ ժամանակն է գլուխս հանեմ ավազից, համբերատար սովորեմ և իմ իսկական ինքնությամբ կանգնեմ իմ պաշտպանած գաղափարների թիկունքին: Թեև մենակ էի, բայց գիտակցում էի, որ պետք է պատրաստվեմ ինձ սպասվող դժվար գործընթացին։

«Սկսեցի ուսումնասիրել Հայոց ցեղասպանությունը հետազոտող աշխատանքները։ Յոհաննես Լեփսիուս, Իվ Տերնոն, Ֆրիտյոֆ Նանսեն, Վահագն Դադրյան, Ֆրանց Վերֆել, Թեսա Հոֆման, Վոլֆգանգ Գուստ և շատ այլ հետազոտություններ, հոդվածներ և կենսագրություններ օգնել են ընդլայնել իմ մտահորիզոնն այս թեմայի շուրջ: Թեմայի վերաբերյալ արժեքավոր տեղեկություններ եմ ձեռք բերել գերմանացի հեղափոխականներից, հատկապես Հոլոքոստի դեմ պայքարի և հակասեմիտիզմի մասին: Ուշադրությամբ հետևել եմ ապրիլի 24-ին տեղի ունեցած ոգեկոչման հանդիպումներին, հնչած ելույթներին, կոնկրետ պահանջներին։ Ամեն անգամ նոր տեղեկություններ էի ստանում, որոնք ինձ մոտիվացնում էին: 20 տարի խղճիս առջև հաշիվ տալու ընթացքում հասկացա, որ իրավունք չունեմ որևէ մեկից որևէ բան ակնկալել մի հարցի վերաբերյալ, որն ինքս չեմ լուծել իմ խղճում»:

Այս վճռականությամբ է, որ Ալի Էրթեմը և իր ընկերները 1998 թ․ սեպտեմբերի 26-ին հանդիպում են անցկացրել և հիմնել Միություն ընդդեմ ցեղասպանության կազմակերպությունը… Միություն ընդդեմ ցեղասպանության կազմակերպությունը 26 տարի անընդմեջ՝ առանց որևէ զիջման, շարունակում է իր պայքարը ցեղասպանության ուրացման դեմ՝ իր հրապարակումներով, հռչակագրերով և հանդիպումներով, որոնք կազմակերպում կամ որոնց մասնակցում է։

Մեզ համար տարեդարձի ամենաթանկ նվերներից մեկն այն էր, որ մեր հայ ընկերները, ովքեր անցյալ շաբաթ մեզ հետ էին Գյունեշ աշխատաժողովի 50-ամյակի տոնակատարությանը, ուրախ լուր տվեցին, որ Ալի Էրթեմի կինը՝ Սելայ Էրթեմը, և նրա մարտական ​​ևս երեք ընկերները երկու օր անց գալու են Բրյուսել՝ ներկայացնելու նրան և նրա մղած պայքարը։

Սելայ Էրթեմի, գրող Մեսութ Էթհեմ Քավալլիի, Էրհան Գյունդուզի և Դյոնե Գյունդուզի հետ միասին եկանք Զավենթեմ օդանավակայանի մերձակայքում գտնվող մեր հայ ընկերների մոտ, որոնց հետ Բրյուսելում արդեն 40 տարի միասին շատ համապարփակ պայքարի մեջ ենք, ինչպես նաև մեր ասորի և քուրդ ընկերների հետ, նրանք տեղեկացրին նրա անձի, Միություն ընդդեմ ցեղասպանության կազմակերպության ստեղծման և նրա պայքարի մասին։

Մեսութ Էթհեմ Քավալլին ներկայացրեց նաև իր գրքերը՝ «Առերեսվելով անցյալին. կիսատ պատմություններ» և «Քեզ փնտրելով» վերնագրերով, որոնք գրել է Հայոց և Պոնտոսի ցեղասպանությունների մասին։

Բելգիայի դեմոկրատ հայերի ասոցիացիայի տնօրեններ դոկտ. Պողոս Մուրադյանը և գրող Հովսեփ Հայրենին ընդգծել են, որ իրենք լիովին համաձայն են Միություն ընդդեմ ցեղասպանության կազմակերպության՝ ոչ միայն ցեղասպանությունների ճանաչման, այլև բոլոր ժողովրդավարական ուժերի հետ համերաշխության հարցում, որոնք նպատակ ունեն պաշտպանել մարդու իրավունքները և ժողովուրդների իրավահավասարությունը։

Երեկույթի բացմանը դուդուկի վիրտուոզ Վարդան Հովհաննիսյանի և Դևրիմ Քավալլիի հայկական մեղեդիների համերգն իսկապես հուզիչ էր։ Մենք ապրեցինք գիշերվա ամենասրտառուչ պահերից մեկը, երբ հայ նկարիչ-քանդակագործ Ներսես Վարդանյանի գործը՝ Ալի Էրթեմի կտավը, Պողոսի և Հովսեփի կողմից հանձնվեց Միություն ընդդեմ ցեղասպանության կազմակերպության ղեկավարներին։

ԹԱԽԾՈՏ ՈՒ ՀՈՒԶԻՉ ԳԻՇԵՐԸ ՍԵՎ ԼՈՒՐԵՐ ՀԱԼԵՊԻՑ…

Այս բացառիկ երեկույթին, երբ միջոցառման ծրագրի ընդմիջումներին զրուցում էինք մեր հայ ընկերների հետ, մեր աչքերը, բնականաբար, բջջային հեռախոսների էկրաններին անընդհատ դիտում էին սիրիական նորությունները… Լրատվական գործակալությունները հայտարարում էին, որ ջիհադական «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորումը և Թուրքիայի կողմից աջակցվող Սիրիայի ազգային բանակը գրավել են Հալեպի «մեծ մասը»՝ երկրի մեծությամբ երկրորդ քաղաքը։

Նույն աղբյուրները հայտնում էին, որ «Սիրիայի ազգային բանակն» օգտվել է առիթից և հարձակվել Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի վրա, որոնց ողնաշարը կազմում են Սիրիայում քրդական ուժերը…

Ավելին, հայերը, որոնք թե՛ թվապես, թե՛ որակապես կարևոր տեղ են զբաղեցնում Հալեպի բնակչության մեջ, պատրաստվում էին հեռանալ քաղաքից՝ այս իսլամիստական ​​և թուրքական ռասիստական ​​ահաբեկչական հարձակման և բռնազավթման պատճառով նոր ցեղասպանության զոհ չդառնալու համար։

Այս լուրերի հետ ծանոթանալիս հիշողությունս ինձ նախ տարավ այն օրերը, երբ չորս տարի առաջ ադրբեջանական բանակի կողմից Արցախի օկուպացման ժամանակ Անկարայի հրամանատարությամբ Սիրիայի ազգային բանակը թուրքական զորքերի հետ մասնակցեց հայկական ջարդերի գործողությանը։

Հենց տուն վերադարձա, նստեցի համակարգչի առջև, 109 տարի հետ գնացի և ուսումնասիրեցի, թե ինչպես է Հալեպը դարձել հայերի ամենակարևոր «նոր հայրենիքներից», այն հայերի, ովքեր կարողացել են փրկել իրենց կյանքը 1915 թ․ ցեղասպանության ժամանակ։ Ցավոք, երբ Սիրիայում սկսվեց իսլամիստների նվաճումը, մեկ դար անց հալեպահայությունը սկսեց հեռանալ այս նոր հայրենիքից, որպեսզի խուսափի «ցեղասպանությունից»։

Թուրքիայում Հայոց ցեղասպանության վերջին զոհերից մեկի՝ սիրելի Հրանտ Դինքի հիմնած «Արաս» հրատարակչության՝ 6 տարի առաջ հրատարակած մի երկար հոդվածում նշվում է. «Հայերը սիրիական պատերազմից խորապես տուժած հասարակություն են… Հայերը, ովքեր մեկ դար առաջ կարողացել են փրկվել ցեղասպանությունից և նոր կյանք հաստատել Հալեպում՝ իրենց վերքերը բուժելու համար, պատմությունը վերապրում են սիրիական պատերազմով։ Հայերը, ովքեր ստիպված են կրկին լքել իրենց հայրենիքը, նախընտրում են գնալ կամ Հայաստան և Լիբանան, կամ արևմտյան երկրներ։ Թուրքիան, որը գտնվում է սահմանի մյուս կողմում, նրանց երթուղու վրա չէ։ Որովհետև Թուրքիան իր պատմությամբ բոլորովին այլ վերք է շոշափում։ Այն հողը, որտեղ գտնվում են նրանց ընտանեկան արմատները, նրանց համար ոչինչ չի նշանակում, քան ցեղասպանության հիշատակ»:

Հոդվածում ներառված է երկար հարցազրույց լրագրող Սերդար Քորուչուի հետ, ով իր «Հալեպազուրկները» գրքում հարցազրույցներ է ժողովել Հալեպից փախած և Հայաստան մեկնած հայերի հետ։

Իրականում հայերը Սիրիայում 11-րդ դարից սկսած խորը արմատներով պատմություն ունեն: Հայաստանի սելջուկյան նվաճումից մազապուրծ եղածները հաստատվեցին Սիրիայի հյուսիսում և թաղամասեր հիմնեցին Անթաքիայում, Հալեպում և Այնթափում։ 14-րդ դարի սկզբին Կիլիկիայի հայկական թագավորության փլուզումը բնակչության նոր հոսք բերեց հյուսիսային Հալեպ քաղաք։

Թուրքիայում 1915 թ․ Հայոց ցեղասպանությունից փրկվածները աքսորվեցին Սիրիայի արևելյան Դեյր Էլ Զորի անապատներ, նրանց մեծ մասը մահացավ այնտեղ, մինչդեռ վերապրածների մի մասը գաղթեց Լիբանան, Եգիպտոս կամ Արևմուտք, հազարավորներ էլ գնացին Հալեպ՝ երկրի առևտրական կենտրոն, ինչպես նաև հաստատվեցին մայրաքաղաք Դամասկոսում և հյուսիսային Հասաքա, Ռաքքա և Լաթաքիա նահանգներում։ Միայն Հալեպում բացվել է ինը դպրոց, որը կարևոր ուսումնական և մշակութային կենտրոն է սիրիահայ համայնքի և ողջ մերձավորարևելյան սփյուռքի համար: Թեև նրանք կրոնական և էթնիկ փոքրամասնություն են, սակայն հայերը ներկայացված են Սիրիայի խորհրդարանում և իրենց տեղն են ունեցել երկրի սոցիալական կյանքի բոլոր ոլորտներում:

ՆՈՐ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔ՝ 1915-ԻՑ 109 ՏԱՐԻ ԱՆՑ

Այսօր ինչպես Կովկասում, այնպես էլ Սիրիայում սիրիահայությունը ցեղասպանության նոր սպառնալիքի թիրախն է, սպառնալիք, որն անցյալ դարում կոտորել է իր նախնիներին և աքսորի տարել։

Լրագրող Սերդար Քորուջուն, ով հարցազրույց է վերցրել հարկադրաբար Հայաստան գաղթած հայերից, «Արասի» կողմից հրապարակված հարցազրույցում բացատրում է, թե ինչու են նրանք վերջին զարգացումները որակում որպես «երկրորդ ցեղասպանություն».

«Շատ բնական է, որ նրանք այս իրավիճակը համարում են «ցեղասպանություն»: Նրանց համար շատ նորմալ է նման զգացողությունը: Քանզի մեկ դար առաջ տեղի ունեցած ցեղասպանության գործընթացն այնպիսի հետք է թողել նրանց վրա, որ իր մասին հիշեցնում է իրենց գլխին եկած յուրաքանչյուր աղետի ժամանակ: Դրա օրինակը կարող ենք տեսնել սեպտեմբերի 6-7-ը Ստամբուլում տեղի ունեցած իրադարձություններում։ Այն ժամանակ հայերն այս դեպքերը որակեցին որպես «ցեղասպանություն», որովհետև առաջին բանը, որ զգացվում է՝ ցեղասպանությունը վերադարձել է: Դրա պատճառներից մեկն այն է, որ նրանք մեծ տրավմա են ապրել։  Նրանք հստակ հասկանում են, որ իրենց համար մեծ վտանգ կա 2015 թ․ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ԴԱԻՇ-ի կողմից Դեր Զորի Հայոց ցեղասպանության հուշահամալիրի ոչնչացման մեջ։

«Օրինակ, պատերազմի ժամանակ հայկական թաղամասը դարձավ սահման: Հայկական թաղամաս կա ընդդիմադիր խմբերի և Ասադի ուժերի միջև: Յուրաքանչյուր նետված ռումբ հարվածում է հայկական թաղամասին։ Եղել են եկեղեցիներ, շենքեր, որոնք վնասվել են, գրանցվել են բազմաթիվ մահեր։ Բնականաբար, այդ դեպքերը մարդկանց մեջ տրավմա են առաջացնում։ Ուստի շատ նորմալ է, որ նրանք նման դեպքերը ցեղասպանություն համարեն։ Նրանք այն հայերն են, ովքեր ցեղասպանությունից մազապուրծ են եղել ու տեղահանվել։ Նրանք գոյատևել են իրենց կյանքի մղումով և բախտի բերմամբ: Այս ընտանիքներում հետաքրքիրն այն է, որ ցեղասպանության հիշողությամբ մեծացած նրանց երեխաներն ու թոռները նորից վերապրել են դա։ Դա արդեն մեզ է հիշեցնում ցեղասպանության մասին»։

Մինչ ձեզ հետ կիսվում էի Հայ ազգի այս նոր դրամայով, լուր եկավ, որ Հալեպի հայոց թեմը որոշել է կիրակի օրը եկեղեցիներում կրոնական արարողություններ չկատարել և հայ ժողովրդին զգուշացրել է դուրս չգալ տնից…

Եվ մեր սիրելի ընկեր Հիլդա Չոբոյանի՝ Հանուն Արդարության և Ժողովրդավարության Եվրոպայի Հայ Դաշնակցության (FEAJD) հիմնադիր նախագահ Հիլդա Չոբոյանի ճիչը Nouvelles d’Arménie կայքում. «Ես չգիտեմ, թե ինչպես կոչեմ դա: Սիրիայում ապրող ողջ հայ համայնքն ընկնում է ջիհադիստների ձեռքը՝ երեւակայելի բոլոր սարսափելի հետեւանքներով, եւ այս ամենն ընկալվում է որպես «սովորական խնդիր»… Հալեպում, որտեղ ես ծնվել և մեծացել եմ, կանոնավոր բանակը հեռացավ՝ ահաբեկիչների առաջխաղացման ժամանակ խաղաղ բնակիչներին թողնելով անպաշտպան… Հայաստանի հյուպատոսարանը տարհանվել է՝ առանց համայնքի ղեկավարներին տեղյակ պահելու։ Հայերը փակված են իրենց տներում, սպասում են, բայց ինչի՞՝ որ Թուրքիային կից արյունարբու ջիհադիստներն իրենց մորթե՞ն։ Դարձյալ ամենուր վախն է իշխում…»:

Այո՛, 1915 թ․ Ցեղասպանությունից 109 տարի անց մեր հայ բարեկամները կանգնած են Թուրքիայի հարավային և արևելյան շրջաններում նոր ցեղասպանությունների վտանգի առաջ։

Հաջողություն եմ մաղթում Միություն ընդդեմ ցեղասպանության կազմակերպության և Բելգիայի դեմոկրատ հայերի ասոցիացիային, ինչպես նաև բոլոր ժողովրդավարական կազմակերպություններին, որոնց հետ մենք համագործակցում ենք այս պայքարում։

https://artigercek.com/makale/ermeni-dostlarla-bir-huzun-cosku-ve-endise-gecesi-324842

Թարգմանեց Տիգրան Չանդոյանը

www.akunq.net