կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-26 17:32
Հասարակություն

Պետք է տեսնեիք` ինչ ոգևորությամբ կոլեկտիվն ընդունեց նոր տնօրենին. թիվ 27 դպրոցում սև ամպեր են կուտակվել

Պետք է տեսնեիք` ինչ ոգևորությամբ կոլեկտիվն ընդունեց նոր տնօրենին. թիվ 27 դպրոցում սև ամպեր են կուտակվել

Տեղեկացրել էինք, որ այսօր 27 դպրոցում տնօրենի ընտրություններ էին, որի արդյունքում վերընտրվել է դպրոցի նախկին տնօրեն Սուսաննա Սարգսյանը: Հիշեցնենք, որ դեռևս 2013-ի դեկտեմբերին Սուսաննա Սարգսյանը մեղավոր էր ճանաչվել չորս դրվագով յուրացումներ կատարելու համար, դատապարտվել 800 հազար դրամ տուգանքի և 6 ամսով զրկվել կազմակերպչական, տնօրինական բնույթի որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից: Հենց սա էլ պատճառ հանդիսացավ օրերս Սարգսյանի` տնօրենի թափուր տեղի մրցույթին դիմելու հետ կապված իրարանցմանը:

Տնօրենի թափուր տեղի մրցույթին մասնակցել է 4 թեկնածու, իսկ կառավարման խորհրդի անդամները միաձայն քվեարկել են Սուսաննա Սարգսյանի օգտին:

Երևանի թիվ 27 դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լիլյա Օհանյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ կոլեկտիվի մեծամասնությունը սիրում, հարգում և ընդունում է նրան և հավատում, որ այսուհետ ամեն ինչ լավ կլինի: «Եթե դուք այստեղ լինեիք, կտեսնեիք, թե ինչ ոգևորությամբ կոլեկտիվն ընդունեց քվեարկության արդյունքների մասին հայտարարությունը: Ընտրությունը կատարվել է ըստ կառավարման խորհրդի կարգի և որևէ խախտում չի արձանագրվել»,- ասաց նա:

Հարցին, թե ինչի՞ հետևանք է դպրոցի շուրջ հյուսվող պատմությունները, տիկին Օհանյանը պատասխանեց, որ չի կարող հարցին պատասխանել, որովհետև դպրոցի կոլեկտիվն այս ընթացքում աշխատել է այնպես, ինչպես երկու տարի առաջ էր աշխատում, և ծնողական համայնքից ոչ մի ծնող դժգոհ չի եղել ուսուցիչների աշխատանքից: «Ես նույնպես գոհ եմ ուսուցիչների աշխատանքից, այդ խոսակցությունները կոլեկտիվից չեն դուրս եկել, և դրանք որևէ հիմք չունեն: 25 տարի է` աշխատում եմ այս դպրոցում, և ես շատ լավ գիտեմ բոլորին»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե, որպես մանկավարժի, տհաճ չէի՞ն այս խոսակցությունները, պատմությունը` հյուսված դպրոցի շուրջ, Օհանյանը պատասխանեց` այո, տհաճ պատմություն էր: «Հուսով եմ` ամեն ինչ հետևում է մնացել և արդեն ավարտվել ամեն ինչ»,- ասաց նա:

«Բարեւ Երեւան» խմբակցության անդամ, թիվ 27 դպրոցի նախկին տնօրեն Անահիտ Բախշյանն էլ, իր հերթին, նշեց, որ նախկին դատապարտված տնօրենի այսօրվա վերընտրությունը հաստատեց մի փաստ, որ կոռուպցիան մեր իշխանությունների հետ միս ու արյուն է: «Թե՛ կառավարման խորհրդի անդամները, թե՛ այդ ընտրությունը հաստատող ու ծափահարող ուսուցիչները հաստատեցին, որ կոռուպցիան իրենց մտածելակերպն է, ապրելակերպը, «արժեքը»: Իշխանությունը, հատկապես` Երևանի քաղաքապետը սրանով փաստեցին, որ բոլոր այն խոսքերը, որ իրենք արտասանում են կոռուպցիայի պայքարի դեմ, փուչ ու դատարկ խոսքերն են: Կոռուպցիան այն հենարանն է, որի վրա իրենք, արժեզրկելով կրթությունը, մեր երկրի, պետականության հեղինակությունը, ոտնահարելով այդ ամենը, սողում են դեպի իրենց իշխանությունը»,- ասաց նա:

Մեր դիտարկմանը, որ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը նշեց, որ դպրոցում եղած իրավիճակը` տնօրենի մրցույթի հետ կապված, կարող է բնութագրել որպես առողջ հետաքրքրություն, Բախշյանն արձագանքեց. «Այո, այն առողջ հետաքրքրություն է անառողջ երևույթների և իրենց հետ միս ու արյուն դարձած կոռուպցիայի նկատմամբ»: