Փոխարժեքներ
28 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 392.97 |
EUR | ⚊ | € 414.58 |
RUB | ⚊ | ₽ 3.57 |
GBP | ⚊ | £ 497.66 |
GEL | ⚊ | ₾ 143.3 |
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անհեթեթություն է համարում իր և ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ առաջադրված նոր մեղադրանքը։ Այս մասին Քոչարյանը լրագրողներին ասաց դատական նիստից հետո։
Հիշեցնենք, որ առավոտից ընթանում էր «Մարտի 1-ի» գործով հերթական դատական նիստը, որի ընթացքում Քոչարյանին և ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին նոր մեղադրանք ներկայացվեց: Այդ միջնորդությունը ներկայացրեց հանրային մեղադրող Հայկ Հովհաննիսյանը (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները չարաշահելը կամ անցնելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ)։
«Անհեթեթություն է, ես չեմ էլ լսել այդ մեղադրանքը։ Ասում են, որ ապօրինի հրամանագիր է եղել արտակարգ դրության մասին, բայց ինչո՞ւմն է այդ ապօրինությունը։ Այդ հրամանագիրը հաստատել է ԱԺ-ն՝ 24-ժամյա ռեժիմով։ Դատախազը նաև ասում է, որ իրավունք չկար նման հրամանագիր ստորագրելու, բայց եթե նա գոնե մի քիչ իրավաբանությունից հասկանար, ապա կբացեր Սահմանադրությունը և կտեսներ, որ անցումային դրույթների հատվածում գրված է՝ մինչ օրենքի ընդունումը նախագահն իրավունք ունի հրամանագրով արտակարգ դրություն մտցնել»,- նշեց Քոչարյանը։
Հավելենք, որ ըստ մեղադրողի՝ Քոչարյանին և Խաչատուրովին վերագրվող արարքը պարունակում է Քրեական նախկին օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասի հանցակազմի տարրեր, որը համապատասխանում է գործող Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին: Գործով անցնող մյուս երկու անձանց՝ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին մեղադրանք չներկայացվեց, քանի որ նիստը հետաձգվեց։