կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-19 15:20
Քաղաքական

ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքի դեպքը ֆիասկո է վարչապետի համար. Շարմազանով

ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքի դեպքը ֆիասկո է վարչապետի համար. Շարմազանով

Մենք ունենք ոչ թե կառավարության ղեկավար, այլ հեղափոխական կոմիտեի առաջնորդ՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ նշելով, որ ունենք չիրականացված խոստումներ, ֆեյք կառավարություն: Ըստ նրա՝ Փաշինյանի խոստացած թռիչքային տնտեսական զարգացման համար երկնիշ տնտեսական աճ պիտի ունենալ, ինչը չկա:

«Տնտեսական հեղափոխությունը բլեֆ է, նման բան չի կարող լինել, որովհետև տնտեսությունն էվոլյուցիոն համակարգ է: Երկրորդ՝ ինչպես կարող է լինել տնտեսական հեղափոխություն և թռիչքային զարգացում, երբ 2017-ին եղել է 429 միլիարդ դրամի ներդրում, իսկ 2018-ին՝ 422 միլիարդի, այսինքն՝ 7 միլիարդով պակաս: Ինչ թռիչքային զարգացում, երբ աշխատեղեր են փակվում, երբ բյուջեով 4.9 տոկոս  տնտեսական աճ է սահմանված, երբ չկա 50.000 խոստացված աշխատատեղը: Կարող ենք հստակ ասել՝ հարկեր/ՀՆԱ ցուցանիշը պակասել է, ոչ թե ավելացել, ինչի դեպքում ավելանում է ստվերը: Մենք տնտեսության մեջ ունենք չկատարված խոստումներ, ունենք տնտեսական ավելի վատ վիճակ, ժողովուրդն ավելի վատ է ապրում, ներդրումները պակասել են, չկա որևէ լուրջ ներդրումային ծրագիր: Եվ այն բոլոր հիմնարկեքները, որոնց ժամանակ Փաշինյանը մկրատը ձեռքն է առնում, բոլորն արվել են նախկին իշխանության օրոք: Այսօրվա իշխանությունը չունի տնտեսական օրակարգ, նրա տնտեսական օրակարգը 0 է»,- նշեց նա:

Անդրադառնալով Քաղաքացու օրը նշելու համար 124 մլն դրամ  հատկացնելուն՝  Շարմազանովը հիշեցրեց, որ ժամանակին  ընդդիմադիր պատգամավոր  Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ի ամբիոնից  սրտաճմլիկ ելույթներ էր ունենում սոված տատիկ-պապիկների մասին, ինչի մասին հիմա մոռացել է: 

«ԱԺ ամբիոնից սրտաճմլիկ բառեր էր ասում տատիկ-պապիկների մասին, թե նիսյաներ ունեն… Պարո'ն Փաշինյան ջան, էս տատիկ- պապիկները կշտացե՞լ են, որ 124 մլն դրամով Քաղաքացու օր ես նշում: Պռազնիկներ ա, որ անում ես: 124 մլն-ը տատիկ-պապիկների նիսյաները փակելու վրա ծախսեիր, ապրիլյան պատերազմի հերոսների ընտանիքներին տայիր, մանկատների սաներին, ծերանոցներին տայիր: Դու էիր լացացնում ԱԺ-ում այդ թեմայով, երբ  պատգամավոր էիր»,- հիշեցրեց  ՀՀԿ-ականը:

Անդրադառնալով պետական միջոցների թալանին՝  նա ասաց՝ ովքեր թալանել և թալանում են պետական միջոցները, բոլորը պետք է պատասխան տան օրենքով: «Դատարանը կորոշի՞, մեռնեմ օրենքին: Ասում եք՝ թալանել են: Հիմա մի տարի է` Փաշինյանն է, ո՞ւր են բյուջեում չթալանված միլիոնները, տարբերությունը պիտի երևա, չէ՞, տեսե՞լ եք: Սա նշանակում է՝ կա'մ նախկինները չեն թալանել, կա'մ հիմա ոչ պակաս թալան է գնում»,- ասաց Շարմազանովը՝ ընդգծելով, որ հանցագործությունը կուսակցական պատկանելություն չունի:

Այս համատեքստում խոսելով պետական վերահսկողական ծառայության պետ  Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքին՝ նա նշեց, որ այս դեպքը ֆիասկո է վարչապետի համար: «Հնարավոր է երկու զարգացում, և երկու դեպքում էլ  Փաշինյանն ու նրա իշխանությունը պարտված են: Երեկ Դավիթ Սանասարյանն ասել է՝ սա շինծու գործ է: Եթե դա այդպես է, ուրեմն Նիկոլ Փաշինյանի կառավարման շրջանում չկա արդարադատություն, և  մնացած բոլոր  քրեական գործերն էլ են շինծու, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանի և Մանվել Գրիգորյանի: Իսկ եթե մեղադրանքները հիմնավոր են, ապա Փաշինյանի խոսքերն այն մասին, թե երկրում կոռուպցիա չկա, ֆարս է և բլեֆ»,- ասաց Շարմազանովը:

Նա հարկ համարեց ընդգծել, որ, իր տպավորությամբ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Վազգեն Սարգսյանի, Հրանտ Բագրատյանի մակարդակին ձգտելու փոխարեն, ամեն կերպ փորձում է նսեմացնել բոլորին: Ասվածի վկայությունը նաև պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարության մեկնաբանությունն էր:

«Միանգամից այդ նախանձը, թերարժեքության բարդույթը ցուցադրեց, թե բա` Դավիթ Տոնոյանն ուրիշ բան խոսեր, կազատեի:  Բոլորս էլ գիտենք, որ, ըստ օրենքի, դու ես ազատողը, բայց նա փորձեց ցույց տալ, թե իբր ինքն է ասել, որ հանկարծ, բացի իրենից, որևէ մեկին չծափահարեն՝ ո՛չ ԱԱԾ պետին, ո՛չ պաշտպանության նախարարին: «Կամերաների առաջ կհանեմ» ասելը ո՞րն է, տենց ուժեղ տղա ես, հա՞: Դավիթ Տոնոյանի ելույթը շատ դրական եմ ընդունում, բայց Փաշինյանի արձագանքը՝ շատ վատ»,- շեշտեց Շարմազանովը՝ ասելով, որ ինքը ժամանակին ձգտել է հասնել Վահան Հովհաննիսյանի, Յուրի Բախշյանի և այլ հմուտ գործիչների մակարդակին: