Միասին կարող ենք
կարևոր
628 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-17 22:23
Տնտեսական

Հայաստանը չպետք է վերածվի տեխնոլոգիական փորձարարական դաշտի. Վահե Դավթյան

Հայաստանը չպետք է վերածվի տեխնոլոգիական փորձարարական դաշտի. Վահե Դավթյան

Քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանը թելեգրամյան ալիքում գրում է. 

«Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման շուրջ ծավալվող քննարկումները, մասնավորապես տարբեր հզորությունների ռեակտորների առաջարկը՝ փոքր մոդուլայինից մինչև խոշոր բլոկներ, ակտուալացնում են մի քանի հիմնարար ռիսկեր, որոնք անտեսելը կարող է երկարաժամկետ հետևանքներ ունենալ երկրի էներգետիկ անվտանգության համար։

Առաջին հերթին, կարևոր է հասկանալ, որ Հայաստանը չպետք է վերածվի տեխնոլոգիական փորձարարական դաշտի։ Փոքր մոդուլային ռեակտորների (SMR) գաղափարը, որքան էլ գրավիչ լինի իր ճկունությամբ և համեմատաբար ցածր նախնական ներդրումներով, դեռևս լիարժեք արդյունաբերական մասշտաբով ապացուցված չէ։ Համաշխարհային պրակտիկայում նման նախագծերի մեծ մասը մնում է կոնցեպտուալ կամ փորձնական փուլում։ Այս պայմաններում նման տեխնոլոգիաների ներդրումը փոքր և խոցելի էներգահամակարգ ունեցող երկրի համար կարող է ստեղծել ոչ միայն տեխնիկական, այլև համակարգային ռիսկեր։

Երկորդ՝ ընտրությունն ի օգուտ մոդուլային ռեակտորի կարող է հանգեցնել արտահանման հնարավորությունների կրճատման։ Եթե Հայաստանը հրաժարվի խոշոր բազային գեներացիայից՝ հօգուտ փոքր մոդուլային լուծումների, ապա էներգահամակարգը կկորցնի այն ծավալային առավելությունը, որը թույլ է տալիս հանդես գալ որպես տարածաշրջանային էլեկտրաէներգետիկ խաղացող։ Սա հատկապես կարևոր է Իրանի և Վրաստանի հետ էներգետիկ փոխանակումների համատեքստում:

Երրորդ՝ ֆինանսատնտեսական հաշվարկը նույնպես միանշանակ չէ։ Թեև փոքր ռեակտորների կառուցման արժեքը համեմատաբար ցածր է, դրանց արտադրած էլեկտրաէներգիայի ինքնարժեքը, ըստ առկա գնահատականների, չի կարող մրցել խոշոր բլոկների հետ։ Սա նշանակում է, որ երկարաժամկետ հեռանկարում սպառողը կարող է բախվել ավելի բարձր սակագների, ինչը սոցիալ-տնտեսական զգայուն հարց է։

Այսօր «Ռոսատոմի» կողմից ներկայացված առաջարկը համակարգային առումով առավել քան տեղավորվում է Հայաստանի երկարաժամկետ էներգետիկ շահերի մեջ։ Խոսք գնում է ամբողջական ցիկլի մասին՝ ներառյալ վառելիքի մատակարարումը, օգտագործված վառելիքի կառավարումն ու տեխնիկական սպասարկումը։ Նման ինտեգրված մոտեցումը հատկապես կարևոր է փոքր շուկա և սահմանափակ ռեսուրսներ ունեցող երկրի համար, քանի որ նվազեցնում է համակարգային անորոշությունները և ապահովում կայունություն շահագործման ողջ ցիկլի ընթացքում։ Բացի այդ, արդեն գոյություն ունեցող փորձը և ինստիտուցիոնալ կապերը ստեղծում են կանխատեսելի միջավայր, որը դժվար է վերարտադրել այլընտրանքային մոդելների դեպքում։

Վերջապես, ռազմավարական պլանավորման բացակայությունը կամ անորոշությունը կարող է դառնալ գլխավոր ռիսկը։ Նոր ատոմակայանի շահագործման ժամկետը գնահատվում է տասնամյակներով, և այսօրվ կայացվող որոշումները փաստացի կանխորոշելու են Հայաստանի էներգետիկ ճարտարապետությունը մինչև կես դար առաջ։ Այդ պատճառով ընտրությունը պետք է հիմնված լինի ոչ թե տեխնոլոգիական առաջարկների բազմազանության, այլ հստակ ձևակերպված ազգային էներգետիկ ռազմավարության վրա։

Ամփոփելով՝ Հայաստանի համար առանցքային խնդիրն է ոչ թե «ինչ կառուցել»-ը, այլ «ինչի համար կառուցել»-ը։ Եթե այս հարցին չի տրվում համակարգային պատասխան, ապա ցանկացած տեխնոլոգիական լուծում կարող է վերածվել նոր կախվածության, ֆինանսական բեռի և ռազմավարական սահմանափակումների աղբյուրի»։