կարևոր
910 դիտում, 1 շաբաթ առաջ - 2024-11-14 14:34
Հասարակություն

Ալեն Սիմոնյանն ասում է, որ հղի կնոջը «որեւիցե մեկը մեքենայի տակ չի գցել»․ «Հրապարակ»

Ալեն Սիմոնյանն ասում է, որ հղի կնոջը «որեւիցե մեկը մեքենայի տակ չի գցել»․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ Երեկ խորհրդարանում հիշել էին 2022-ին Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ` Սոնա Մնացականյանի մասին: Նախ պատգամավորներից մեկը, ապա ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խոսել են այդ մասին։  
Ալեն Սիմոնյանն ասաց. «Աննա Գրիգորյանը, որ ասում ա է՝ հղի կնոջ են գցել մեքենայի տակ։ Այդ սակարկումը համ հին է, համ էլ շատ էժան, որովհետեւ բոլորը գիտեն, որ որեւիցե մեկը որեւիցե մեկին չի գցել մեքենայի տակ»,- հայտարարեց նա։

Հիշեցնենք, որ 2022 թվականի ապրիլի 26-ին Երևանի Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկում Նիկոլ Փաշինյանի` դեպի Պռոշյան փողոց սլացող շարասյան կողմից վրաերթի էր ենթարկվել 28-ամյա հղի կինը` Սոնա Մնացականյանը, ով հետիոտնի անցումով անցնելիս էր եղել։ Շարասյունը շարունակել էր ընթացքը` անգամ հղի կնոջը վրաերթի ենթարկելուց հետո, ով տեղում կամ հիվանդանոց տանելոււ ճանապարհին մահացել էր: Դեպքով հարուցվել է քրեական վարույթ, գործը գտնվում է դատարանում, սակայն Սոնա Մնացականյանի մահվանից անցել է 2,5 տարի, սակայն որեւէ մեկը չի պատժվել, որեւէ մեկը չի կալանավորվել եւ որեւէ մեկը քաղաքական պատասխանատվություն չի կրել կատարվածի համար։ 

Ավելի քան երկուսուկես տարի քննվող գործով անցնում է մեկ մեղադրյալ՝ վրաերթի ենթարկած մեքենայի ղեկին գտնվող ՃՈ հատուկ նշանակության ստորաբաժանման աշխատակից Արամ Նավասարդյանը: Նա ոչ միայն չազատազրկվեց, այլեւ աշխատանքից էլ չազատվեց։

Նավասարդյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից բացակայելու արգելքը։ Դեպքից հետո Քննչական կոմիտեն նրան կալանավորելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացրել դատարան, որը մերժվել է։ Դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել, սակայն Վերաքննիչ դատարանն այն անփոփոխ էր թողել։

Սոնա Մնացականյանի հայրը, որ ժամանակին հորդորում էր լրագրողներին` չքաղաքականացնել կատարվածը, հիմա հայտարարում է, որ դատաքննությունը միտումնավոր ձգձգում են, որ գործի վաղեմության ժամկետը լրանա։ Դատավարությունը մոտենում է ավարտական փուլին։ Այս ընթացքում ավելի քան 2 տասնյակ մարդ է հարցաքննվել, որ պարզվի՝ մեղավո՞ր է Փաշինյանի ավտոշարասյան վարորդը Սոնա Մնացականյանի մահվան մեջ, թե ոչ։

Տուժողի կողմի փաստաբան Րաֆֆի Ասլանյանն էլ պնդում է՝ ոստիկանության մայորը գերազանցել է արագությունը, այլապես կկարողանար արգելակել։ Նշենք, որ գործի նյութերից անհետացել են Փաշինյանին ուղեկցող մեքենաների ռադիոկապի ձայնագրությունները։ Այս գործով դատական հաջորդ նիստը տեղի կունենա փետրվարին, սակայն դատելով նախորդ նիստերից՝ դատավորն արգելելու է տեսանկարահանել՝ հիմք ընդունելով մեղադրյալի փաստաբան Ռուբեն Բալոյանի պահանջը։

Այս ամբողջ գործընթացը հիմք է տալիս Ալեն Սիմոնյանին ստելու, խեղաթյուրելու կատարվածը եւ հայտարարելու, որ «որեւիցե մեկը որեւիցե մեկին չի գցել մեքենայի տակ»:

Մանրամասն՝ տեսանյութում։