կարևոր
379 դիտում, 3 ժամ առաջ - 2026-01-23 13:20
Հասարակություն

Ալեն Սիմոնյանն ասում է՝ մեզ հետաքրքիր չի, թե Վենետիկի հանձնաժողովն ինչ է ասում, մենք որոշել ենք․ Արծվիկ Մինասյան

Ալեն Սիմոնյանն ասում է՝ մեզ հետաքրքիր չի, թե Վենետիկի հանձնաժողովն ինչ է ասում, մենք որոշել ենք․ Արծվիկ Մինասյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը փոփոխություններ և լրացումներ է առաջարկում իրականացնել Ընտրական օրենսգրքում։ 

Հատկանշական է, որ արտահերթ նիստը նախաձեռնող պատգամավորները առաջարկել են օրակարգում ընդգրկված հարցի քննարկումը կազմակերպել հատուկ ընթացակարգով, ըստ որի՝ նախատեսվում է 2-րդ ընթերցմամբ քննարկումը կազմակերպել առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո՝ 24 ժամվա ընթացքում։ Նախագծի վերաբերյալ առաջարկներ և գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու համար սահմանել առնվազն 3-ական ժամ։

Իշխող ուժի այս շուտափույթ նախաձեռնությունը անակնկալի է բերել թե՛ ընդդիմադիր խմբակցություններին, թե՛ լրագրողներին։

Նշենք, որ առաջարկվող նախագծով ընտրությունների դիտորդական առաքելությունների քաղաքական չեզոքության ստուգման նոր պահանջներ են սահմանվում, հստակեցվում են արդեն գործող կանոններն ու ընդլայնվում են մեխանիզմները: Նոր պահանջով՝ դիտորդական կազմակերպությունները նաև պետք է կարողանան ի ցույց դնել, որ իրենք բարեվարք են և թափանցիկ ու հաշվետվողական քաղաքացիների առաջ: 

Հավատարմագրման դիմումները դիտարկելիս՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նաև հաշվի է առնում, թե արդյոք դիտորդական առաքելությունները տարեկան հաշվետվությունը ներկայացրե՞լ են, թե՞ ոչ, և արդյոք բացահայտում են իրենց ֆինանսավորման աղբյուրները:

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի խոսքով՝ մեծ հաշվով այն դիտոդները, որոնք  ընտրական գործընթացի ժամանակ իշխանական թեկնածու օգտին արված խախտում արձանագրեն, կզրկվեն մանդատից։

Արծվիկ Մինասյանը հիշեցրեց Վենետիկի հանձնաժողովի հստակ դիրքորոշումը՝ ընտրական օրենսդրության սկզբունքային փոփոխությունները չիրականացնել ընտրություններից մեկ տարվա ընթացքում, սակայն նշեց, որ իշխանությունը բացահայտ արհամարհում է այդ պահանջը․ «Երբ այս հարցը բարձրացվում է, Ալեն Սիմոնյանն ասում է՝ մեզ չի հետաքրքրում, թե Վենետիկի հանձնաժողովը ինչ կասի։ Ասում են՝ խորհուրդը մենք ենք, մենք ենք որոշում։ Մեր առաջարկը մեկն էր՝ մի արեք հիմա, բերեք հանրային քննարկման, լսենք բոլոր կողմերին, բայց դա մերժվեց»։