կարևոր
907 դիտում, 1 ամիս առաջ - 2024-09-23 18:20
Հասարակություն

ՔՊ-ական Նիկոլայ Բաղդասարյանի կինը 78-ամյա կնոջ է մեքենայի տակ գցել, վերջինս մահացել է

ՔՊ-ական Նիկոլայ Բաղդասարյանի կինը 78-ամյա կնոջ է մեքենայի տակ գցել, վերջինս մահացել է

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ ՔՊ-ական նախկին պատգամավոր, փաստաբան Նիկոլ Բաղդասարյանը կինը՝ գինեկոլոգ Հռիփսիմե Գրիգորյանը սեպտեմբերի 19-ին Ռուբինյանց փողոցում իր վարած «Տոյոտա» 08 RG 808 ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 78-ամյա Սիլվարդ Վարդանյանին, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» Բ/Կ, որտեղ նույն օրը մահացել է: Դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մեզ պատմեցին, որ Սիլվարդ Վարդանյանը բնակվել է Ռուբինյանց փողոցի շենքերից մեկում։ Փաստացի ՔՊ-ականի կնոջ պատճառով մարդ է մահացել։ Ներքին գործերի նախարարությունից «Հրապարակ»-ին հաստատեցին լուրը՝ հայտնելով միայն, որ սեպտեմբերի 19-ին Ռուբինյանց փողոցում մահվան ելքով վրաերթ է եղել։ 

Մարդ է մահացել, դեպքից անցել է 4 օր, սակայն վրաերթի մասին քննչական կոմիտեն որեւէ տեղեկություն չի հրապարակել։ Թերեւս պատճառն այն է, որ «սպանողը» շարքային քաղաքացի չէ, այլ ՔՊ-ականի կին է։ 

Նույն Նիկոլայ Բաղդասարյանը պատգամավոր եղած ժամանակ բողոք էր գրել մի քաղաքացու դեմ, ով մեծ արագության հեծանիվով սլացել էր իր կողքով՝ փաստը ներկայացնելով, որպես իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն։ Բաղդասարյանի բողոքի հիման վրա Էջմիածին քաղաքի բնակիչ Ա․ Ալեքսանյանը կալանավորվեց, իսկ Բաղդասարյանի կինը, որ վրաերթի է ենթարկել տարեց կնոջը՝ ազատության մեջ է, ավելին՝ իրավապահները ենթադրաբար թաքցրել են մահվան ելքով վթարի վերաբերյալ տեղեկությունը։

«Հրապարակը» դեպքի վերաբերյալ փորձել է մանրամասներ ճշտել Նիկոլայ Բաղդասարյանից, վերջինս մեր բոլոր հարցերին ի պատասխան ասաց․ «Լավ էլի, Լիա ջան, գործ ենք անում, հիմա չեմ կարող խոսել, հիմա աշխատանքի մեջ եմ, չեմ կարող խոսել, հիմա գործի մեջ եմ, կներեք»։