կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-10 13:56
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իշխանությունների ապազգային քաղաքականությունը առաջնորդվում է հավելյալ պառակտումներով․ Հակոբ Տեր-Խաչատուրյան

ՀՅԴ 34-րդ ընդհանուր ժողովը գումարվեց այնպիսի ժամանակաշրջանում, որ Հայաստանն ու Արցախը ճգնաժամ են ապրում՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ նորընտիր Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը ժողովից հետո առաջին մամուլի ասուլիսում։

«Ժողովը հաստատեց այդ իրավիճակը, նաև նշեց, որ անցնող 3 տարիները մեր նորագույն պատմության մեջ դժվարագույն տարիներ էին, մեծ մարտահրավերների առջև դրեց ամբողջ հայ ժողովրդին Հայաստանում, Սփյուռքում, Ջավախքում և նաև արտասահմանում։ Այդ ցնցումից որ անցավ հայ ժողովուրդը, ստեղծեց հուսալքության ալիք և նաև պարտված հոգեբանություն, որ պետք է թոթափել, ամեն գնով փակել այդ էջը, վերագտնել վճռականությունը և գնալ առաջ, որովհետև մեզ նույնքան դժվար տարիներ են սպասվում, որոնք կարող են ճակատագրական լինել թե՛ Հայաստանի և թե՛ Արցախի պարագայում»,-ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը։

Նա նաև նշեց, որ Ընդհանուր ժողովը շեշտավորեց իշխանությունների վարած ապազգային քաղաքականությունը, որը, դժբախտաբար, առաջնորդվել է և տակավին շարունակում է առաջնորդվել հավելյալ պառակտումներով։ Իշխանությունների պաշտոնական քաղաքականության մաս է կազմում, ասաց նա, այդ պառակտումը տեղափոխելը Սփյուռք, ինչը շատ մտահոգիչ է, որովհետև մեր առջև եղած մեծ մարտահրավերներին դիմակայելը միասնականություն և ուժերի լարում է պահանջում։

«Կասկած չկա, որ տարածաշրջանում չափազանց ակտիվացել է թուրք-ադրբեջանական տանդեմը, հիմա Թուրքիան կարողացել է իրականացնել իրազանքների մի մասը, որը թափանցումն էր Հարավային Կովկասից ներս, այդ ուղղությամբ Թուրքիայի ախորժակը սրված է և այս ֆոնի վրա Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հարցին պետք է մոտենալ չափազանց զգուշավորությամբ՝ դա երբեք չպետք է լինի ի վնաս մեր համահայկան շահերի»,-ասաց Հակոբ Տեր-Խաչատուրյանը։

Նշենք, որ փետրվարի 28-ից մարտի 8-ը Հայաստանում տեղի է ունեցել ՀՅԴ 34-րդ Ընդհանուր ժողովը, որն ընտրել է նոր բարձրագույն մարմին՝ Բյուրո։ Աշխարհի շուրջ 30 երկրներից ժամանած 100 պատվիրակներ քննարկել և արժևորել են համահայկական կառույցի հաշվետու ժամանակաշրջանի գործունեությունը, ուղենշել ՀՅԴ առաջիկա քառամյակի ռազմավարությունը՝ որդեգրելով քաղաքական գործունեության առաջնահերթություններն ու հիմնական ուղղությունները։ ՀՅԴ 34-րդ Ընդհանուր ժողովը հրապարակել է իր Հայտարարությունը։

Մանրամասն՝ տեսանյութում․