կարևոր
847 դիտում, 4 շաբաթ առաջ - 2024-11-06 22:33
Քաղաքական

Ռուսատյացից ռուսամոլ դառնալու կարճ ճանապարհը. Գուրգեն Արսենյանին հավատափոխ լինելու համար դեսպանի պաշտոն էր պետք. 168.am

Ռուսատյացից ռուսամոլ դառնալու կարճ ճանապարհը. Գուրգեն Արսենյանին հավատափոխ լինելու համար դեսպանի պաշտոն էր պետք. 168.am

Երեկ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանը Կրեմլում իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Վլադիմիր Պուտինին։ Միջոցառմանը մասնակցել են նաև այլ պետությունների 27 նորանշանակ դեսպաններ։

«Ուրախ եմ այստեղ տեսնել Բելառուսի, Հայաստանի և Ադրբեջանի դեսպաններին։ Այդ պետությունները Ռուսաստանի ամենամոտ հարևաններն են, ամենաբարի բարեկամները, բնական ռազմավարական գործընկերներն ու դաշնակիցները»,- ասել է Պուտինը։

ՌԴ նախագահը նշել է, որ Մոսկվան բաց է առանց բացառության բոլոր պետությունների հետ փոխշահավետ համագործակցության համար՝ իրավահավասարության, ներքին գործերին չմիջամտելու և միջազգային իրավունքի անշեղ պահպանման սկզբունքներով։

Նայելով խոնարհ հարսի պես դեպի Վլադիմիր Պուտինը քայլող կամ նրա առաջ խոնարհվող Գուրգեն Արսենյանի դեմքին, որի երեսից իսպառ անհետացել էր 2500 կիլոմետրի հեռավորությունից հոխորտացող հեղափոխականի կեցվածքը, 168.am-ը վերհիշեց Գուրգեն Արսենյանի՝ ոչ շատ վաղ անցյալի հայտարարությունները Ռուսաստանի Դաշնության ու նրա ղեկավարության հասցեին:

2021թ. նոյեմբերի 16-ին ՔՊ-ական երբեմնի պատգամավորը Ազգային ժողովի (ԱԺ) ամբիոնից Ռուսաստանին հիշեցնում էր, որ դաշնակցային պարտավորություններն ու պարտականությունները չեն հնչում հարսանիքի ժամանակ, հնչում են այն ժամանակ, երբ որ դրա անհրաժեշտությունը կա:

«Մենք հիմա տեսնում ենք, որ մեր դաշնակիցների վերաբերմունքը գնահատելու ճիշտ ժամանակն է: Եվս կսպասենք մի քիչ ու կկարողանանք համապատասխան գնահատականները տալ, համապատասխան հետևություններն անել»,- ասել է Գուրգեն Արսենյանը:

Թե ինչ հետևություններ արեցին գործարար պատգամավորն ու իր քաղաքական թիմը, թերևս բոլորս ենք զգում մեր մաշկի վրա, սակայն Արսենյանն իր արտաքին քաղաքական կողմնորոշմանը հավատարիմ մնաց մինչև վերջ, երբ հնարավորություն առաջացավ դեսպանի յուղալի պաշտոն ձեռք գցել, այն էլ ՌԴ-ի պես գերհզոր պետությունում՝ իր անսահման հնարավորություններով:

2023թ. հունվարի 13-ին, օրինակ, նույն Գուրգեն Արսենյանը, այս անգամ արդեն ԱԺ հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարում էր, որ այն փաստը, որ ՌԴ ղեկավարության կամ որոշ ղեկավար շրջանակների կողմից իրականացվում է հայկական անվտանգային համակարգերի ամրապնդման պրոցեսի ձախողումը կամ տորպեդահարումը, իրենց համար ակնհայտ է:

«Այսինքն՝ դա մի իրավիճակ է, երբ ռուսական պարադիգմայի կրողներն ասում են՝ Թուրքիան ձեզ սպառնալիք է, դրա համար մենք պետք է այդտեղ լինենք, ու հիմնավորում են իրենց այստեղ լինելը դրանով: Եթե իրենք այստեղ չլինեն, Հայաստանը որևէ վտանգ չներկայացնող երկիր է լինելու, այդ թվում՝ նաև Թուրքիայի համար, որովհետև ո՞նց կարող է, ասենք, Հայաստանն իր պոտենցիալով վտանգ ներկայացնել Թուրքիային»,- նախորդ հայտարարությունից 3 օր անց՝ 2023թ. հունվարի 16-ին, ԱԺ միջանցքներում ճեպազրույցի ժամանակ նշել էր Գուրգեն Արսենյանը:

Դրանից ամիսներ անց՝ արդեն 2023թ. մարտի 24-ին, կրկին ԱԺ հանձնաժողովի նիստի ժամանակ, Գուրգեն Արսենյանը հոխորտում էր՝ պայմանական զախարովաների կողմից հնչեցվող բողոքի թեզեր կան Հայաստանի մասին, իշխանությունների մասին, բացահայտ և քողարկված դժգոհության դրսևորումներ կան:

«Հիմա հայ-ռուսական հարաբերություններում մենք միշտ դիտարկել ենք մոտեցնող օկուլյարը, Ռուսաստանի կողմից հիմա դիտարկվում է հեռացնող օկուլյարը: Մենք չենք Ռուսաստանի հետ որևէ կերպ հարաբերություն փչացրել, մենք չենք Ռուսաստանի հետ հարաբերություն խզել, մենք չենք որևէ պայմանագիր առոչինչ արել, որևէ բան չեղարկել: Պարզապես մենք սկսել ենք մեզ ներկայացվող անհիմն պահանջներին ասել՝ կներեք, էդ պահանջներն անհիմն են: Ընդամենը…»,-  բորբոքված ելույթ էր ունենում Գուրգեն Արսենյանը:

Անցավ 1 տարի և 8 ամիս, և երբեմնի ռուսատյացը դարձավ ռուսամոլ:

«Ռուսաստանը եղել և մնում է Հայաստանի ու հայ ժողովրդի բարեկամը»,- երեկ Վլադիմիր Պուտինին իր հավատարմագրերը հանձնելուց հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՔՊ-ական նախկին պատգամավորը, ինչն էլ ջանասիրաբար հրապարակել է Նիկոլ Փաշինյանի ընտանեկան «Հայկական ժամանակը»:

Փաստորեն Գուրգեն Արսենյանին հավատափոխ լինելու համար մի դեսպանի պաշտոն էր պետք:

Աղբյուրը՝ 168.am