Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը կրկին անդրադարձել է «հայկական երկնքի քաղաքական ապագային»՝ հիշեցնելով, որ Եվրամիության Ավիացիոն Անվտանգության Գործակալությունը (EASA) 2 հայկական ավիաընկերությունների զրկել է դեպի Եվրոպա թռիչքներ կատարելու արդեն իսկ շնորհած իրավունքից։ Հ. Ճաղարյանը ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեին (ՔԱԿ) կրկին մեղադրում է անգործության կամ ոչ համարժեք գործողությունների մեջ, ինչի արդյունքում, ըստ Ճաղարյանի, EASA-ն ՔԱԿ-ին Երամիության ամոթալի «սև ցուցակ»-ում ներառելու գործընթացը փոխանցեց Եվրահանձնաժողով, իսկ մայիսի 12-14-ը Եվրահանձնաժողովի նիստում արդեն ՀՀ-ին է սպասում նմանատիպ ցնցուղ:
Խոսելով այս ամենի հետևանքների և հայկական ավիաընկերությունների՝ հայկական դրոշի ներքո գործունեության դադարեցման մասին՝ Ճաղարյանը ակամայից մեղադրում է Ռուսաստանին և ռուսական ընկերություններին՝ վերջիններիս կողմից հայկական ավիաշուկան գրավելու և այն, ի վերջո, ԵԱՏՄ սեփականությունը դարձնելու հնարավոր տարբերակը մատնանշելով։
Արձագանքելով վերոհիշյալ նկատառումներին՝ նախ փաստենք մի շարք իրողություններ։ «Հայկական ավիաուղիներ» ավիաընկերությունը գործել է 1991-2003 թթ.։ Նա հանդիասացավ Հայաստանի նորանկախ Հանրապետության պատմության մեջ առաջին և վերջին ազգային ավիափոխադրողը, որի կազմաքանդման կամ վերացման հարցում շահագրգիռ էին նաև արևմտյան ավիաընկերությունների հայաստանյան մի շարք լոբբիստներ։ 2003 թ. նրա գործունեության դադարեցումից հետո «Հայկական ավիաուղիների» ուղղություններին տեր կամ, այսպես կոչված, «իրավահաջորդ» դարձավ 1996 թվականին գրանցված և 2001 թվականից թռիչքներ իրականացնող «Արմավիա» ընկերությունը։
Ցավոք, «Արմավիա» ավիաընկերությանն էլ բախտ չէր վիճակված երկար կյանք ունենալ. ընդամենը 10 տարի անց՝ 2013 թ., ջարդվեց նաև «Արմավիայի» ողնաշարը, նույն թվականի հոկտեմբերի 23-ին ընդունվեց «ՀՀ-ում մրցունակ և կայուն ավիափոխադրումների ծառայությունների մատուցման ապահովման ծրագիրը և ծրագրի իրականացման միջոցառումները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշումը և սկսվեց «հայկական երկնքի» ուղղությամբ տարվող քաղաքականության հաջորդ արարը՝ բաց երկնքի քաղաքականությունը։ Հավելյալ նշենք նաև, որ ՀՀ կառավարության սույն որոշումով փաստաթղթային-իրավական տեսք ստացավ տարիներով փաստացի վարվող քաղաքականությունը։ Տվյալ որոշումը ևս ողջունվեց արևմուտքի կողմից. դրանից օրեր անց՝ նոյեմբերի 1-ին, Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը հյուրընկալվել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին և շնորհավորել նրան՝ ՀՀ կառավարության կողմից մրցունակ ու շարունակական օդային փոխադրումների ծառայությունների մատուցման ապահովման ծրագիրը հաստատելու և դրանով Հայաստանի օդային սահմաններն ազատականացնելու կապակցությամբ: Նա նշել է նաև, որ անցումը «բաց երկնքի քաղաքականությանը» լավ հնարավորություն է Հայաստանի տնտեսական զարգացման և զբոսաշրջության խթանման համար, և ԱՄՆ կառավարության անունից պատրաստակամություն հայտնել աջակցել ծրագրի իրականացմանը։
Փաստորեն, արևմուտքն անթաքույց ոգևորություն էր ապրում ՀՀ-ի կողմից ազատականացման կամ բաց երկնքի քաղաքականության որդեգրման փաստից՝ կարծելով, թե ինքն է փախցնելու Հայաստանի տնտեսության այդ բաժինը։ Փաստենք նաև, որ արևմուտքի ոգևորությանը զուգահեռ մշտական ոգևորության մեջ է գտնվել նաև Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարությունը, ինչպես նաև տարբեր տարիներին ու տարբեր կառավարություններում էկոնոմիկայի ոլորտի պատասխանատու «ազատական» և, կարծես թե, արևմտամետ նախարարներ Տիգրան Դավթյանը, Ներսես Երիցյանը, Վահրամ Ավանեսյանը և Կարեն Ճշմարիտյանը։
Բնականաբար՝ ցանկացած վակուում կամ դատարկ տարածություն ենթակա է շատ արագ լցվելու։ Հայկական ավիաշուկան չէր կարող լինել բացառություն, և Տիգրան Սարգսյանի կառավարության թեթև ձեռքով ազատականացված կամ բացված «հայկական երկինքը», արևմուտքի և Տիգրան Սարգսյանի սպասումներին կամ կանխատեսումներին ճիշտ հակառակ կերպով և արագորեն գրավվեց ռուսական ավիաընկերությունների կողմից, որոնց մեջ իր հեգեմոնի կարգավիճակն ունեցավ «Աերոֆլոտը»։ Հավելենք նաև, որ գործընթացների նման զարգացում կանխատեսող լուրջ մասնագետները ակնհայտ զարմանքով էին նայում արևմուտքի և ՀՀ կառավարության վերոնշյալ ոգևորություններին։
Վերոնշյալ ողջ գործընթացը տեղի ունեցավ Տիգրան Սարգսյանի՝ խորքի մեջ արևմտամետ կառավարության օրոք, ովքեր նաև դեմ էին Հայաստանի անդամակցությանը Մաքսային միությանը (ՄՄ), իսկ այնուհետև՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) կազմավորմանը մասնակցելուն։
Վերադառնալով այսօրվա գործընթացներին՝ փաստենք, որ պատմությունը կրկնվում է։ Փոխվել են դերակատար անձինք, սակայն իրերի զարգացման տրամաբանությունը, առկա գործընթացները և, հատկապես, սպասվելիք արդյունքները գրեթե նույնությամբ պրոյեկտում են Տիգրան Սարգսյանի օրոք տեղի ունեցածը։ Կրկին ազգային փոխադրողի ուղղությամբ զրո աշխատանք և նույնական դիրքորոշում, հայկական ավիաընկերությունների ջախջախում (կարևոր չէ, թե ինչպես, ում կամ որ հիմնարկության մեղքով), արևմտյան ավիաընկերությունների՝ հայկական ավիաշուկա մուտք գործելուն ուղղված վառ սպասումներ, անթաքույց ոգևորություններ և այլն, և այլն։
Համաձայն լինելով պարոն Ճաղարյանի այն կանխատեսումներին, որ այս ամենից կրկին օգտվելու են ռուսական ընկերությունները, այդուհանդերձ, խիստ անհասկանալի է՝ ի՞նչ շարժառիթներից ելնելով է վերջինս մեղադրում ռուսներին կամ Ռուսաստանին՝ հայկական տնտեսություն մուտք գործելու կամ ոլորտում գերակայություն ձեռք բերելու ուղղությամբ հնարավոր քայլեր ձեռնարկելու համար։ Այդ ո՞ր տրամաբանությամբ պետք է ռուսները չմտնեն տվյալ ոլորտ կամ չձգտեն գերակա դիրքեր ունենալ այնտեղ՝ այն դեպքում, երբ դու ինքդ բացում ես երկինքդ և, ոչ միայն չես ստեղծում, այլև՝ ճիշտ հակառակը, ոչնչացնում ես սեփականդ ու ազգայինդ։
Պարզորոշ է՝ հայկական քաղավիացիայի ոլորտում առկա ճգնաժամի հիմքերում ընկած է ՀՀ-ի՝ տարիներով իրականացվող սխալ քաղաքականությունը, որը երբեք միտված չի եղել ազգային ավիափոխադրող ստեղծելուն։ Եվ այս պայմաններում մեղադրել օտարին, տվյալ դեպքում՝ Ռուսաստանին՝ ասելով, թե ինչու՞ նա օգտվեց արևմուտքի կամ արևմտամետ հայ պաշտոնյաների կարճատես հաշվարկներից, մտավ ավիաշուկա և գերակա դիրքեր գրավեց այնտեղ, կարծում ենք, լուրջ չէ։
Ցավոք, երևույթները գնահատելիս մեր հասարակությունը հաճախ խախտում է իրերի պատճառահետևանքային կապը, և պարոն Ճաղարյանը ևս, տուրք տալով դրան, Ռուսաստանի մուտքը հայկական ավիաշուկա կամ գերակա դիրքերի գրավումը համարում է ոչ թե գործընթացների հետևանք, այլ՝ պատճառ։ Այնինչ, ինչպես տեսանք, իրականում ամեն ինչ ճիշտ հակառակն է։
Եզրափակելով՝ փաստենք. հանրային մտածողության արմատական վերաբեռնման, ամեն առիթով այլոց մեղադրելու բարդույթներից ձերբազատման կարիք կա, և միայն այդ միջոցով կարելի է սրբագրել անցյալի սխալները՝ լծվելով իրապես ազգային տնտեսություն ու հզոր երկիր կառուցելու գործին։
Վ. Սարգսյան