կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-25 17:09
Հասարակություն

Պապիս քահանա հայրը նախընտրել է մահը և հավատափոխ չի եղել

Պապիս քահանա հայրը նախընտրել է մահը և հավատափոխ չի եղել

Խոսրով Սահակյանի պատմությունը

1904 թ., Կարս


Վահե Սիմոնյանն ArmenianGenocide100.org-ին է ներկայացրել իր պապի պատմությունը: Ցեղասպանության ժամանակ նա եղել է 11 տարեկան և հետագայում լավ հիշել է կատարվածը: Նրա հայրը եղել է իրենց գյուղի քահանան: Թուրքերը ձերբակալել են նրան, չարչարել՝ ստիպելով հրաժարվել իր քրիստոնեական հավատից, հարցնելով՝ կա'մ կյանքը ընտրիր, բայց հրաժարվիր հավատից, կա'մ էլ մեռիր հավատիդ համար:

 

«Պապս՝ Խոսրով Գալուստի Սահակյանը, ծնվել է 1904 թ. Կարսում: Ցեղասպանության ժամանակ նա եղել է 11 տարեկան և այդ սարսափելի իրադարձությունները լավ հիշում էր ու նա էլ պատմել Է այս ամենը: Տատս՝ Աղավնի Հայրապետի Բաղոյանը, ծնվել է է 1911 թ. Կարսի նահանգի Բայբուրթ գյուղում: Տատս Մեծ եղեռնի ժամանակ եղել է 4 տարեկան և համարյա բան չէր հիշում այդ սարսափելի իրադարձություններից:

 

Ցեղասպանությունը սկսվելու ժամանակ տատիս հայրը՝ Հայրապետը, կամավոր զինվորագրվում է Անդրանիկի բրիգադին և կռվում թուրքական զորքերի դեմ: Նա այդպես էլ այդ կռիվներից հետո չի վերադարձել և մենք տեղեկություն չունեինք նրանից, մեզ համար պարզ էր, որ նա զոհվել է կռվի ժամանակ: Հայրապետի հայրը՝ Գասպարը, եղել է 7 գյուղի տանուտեր, նրան կոչում էին «Գլավնի Գասպար», շատ հարուստ մարդ է եղել: Նա նաև խիզախ մարդ էր, նույնպես գնացել է թուրքերի դեմ կռվելու և զոհվել:


Պապիս հայրը՝ Գալուստը, եղել է իրենց գյուղի քահանան: Երբ սկսվում է Եղեռնը, թուրքերը գալիս են Բայբուրթ և ձերբակալում Գալուստին, նրան չարչարանքների են ենթարկում՝ ստիպելով հրաժարվել իր քրիստոնեական հավատից, հարցնելով՝ կամ կյանքը ընտրիր, բայց հրաժարվիր հավատից կամ էլ մեռիր հավատիդ համար: Գալուստը նախընտրում է հավատի համար մեռնել, բայց այն չուրանալ:

 

Ընտանիքի մյուս անդամները՝ Խոսրով Սահակյանը, իր չորս քույրը, եղբայրը և իրենց մայրը՝ Լուսիկ Սահակյանը, իրենց թուրք հարևանների օգնությամբ փրկվում են կոտորածից և գաղթելով՝ գալիս Արևելյան Հայաստան, հաստատվում Ղարաքիլիսայում (ներկայիս  Վանաձոր): Դրանից հետո պապիս չորս քույրը և եղբայրը հաստատվում են ամերիկյան որբանոցում և կապը պապիս ու իր երկու քրոջ՝ Անահիտի, Աշխենի, և եղբոր՝ Աշոտի հետ կտրվում է, նա այլևս նրանց չի տեսնում:

 

Պապս մի քանի անգամ փորձել է գտնել իր կորած քույրերին ու եղբորը, բայց ապարդյուն: Պապս ասում էր. «Կարսի ճամփեն բացվի, գնամ իմ տան գլխին կանգնեմ»: Տատիս եղբոր աղջիկը՝ Սիրանույշը, պատմում էր, որ ինքը վախից թաքնված է եղել կոտորված հայերի դիակների տակ, հետո ինչ-որ պատահական մարդիկ նրան հանում են դիակների տակից և իրենց հետ բերում Արևելյան Հայաստան: Մինչև գաղթելը պապիս ու տատիս ծնողները ճանաչել են միմյանց: Գաղթելուց հետո պապս ու տատս Ղարաքիլիսայում տեսնում են իրար և պապս, ճանաչելով տատիս, նրա ծնողներին, ամուսնանում է տատիս՝ Աղավնու հետ, ունենում են 10 երեխա՝ 7 աղջիկ և 3 տղա»: