Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանը գրում է.
«Իրենց անկախությանն ու անվտանգությանը լուրջ վերաբերվող պետությունները փորձում են ամեն կերպ ապահովագրվել դրկից հզոր թշնամիների ռազմական թե «խաղաղ» բնույթի կանխատեսելի ներխուժումներից։ Հյուսիսային Կորեան, օրինակ, հենց այս օրերին պայթեցնում և ականապատում է Հարավային Կորեայի հետ իրեն կապող ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհները։ Ու սա ի լրացումն նրա, որ իր սահմանն աշխարհում ամենաամրացվածն է։
Իսկ, օրինակ, ՀՀ կոլաբորացիոնիստական կառավարությունը, կատարելով օտար գաղութարարների հրահանգը, պատրաստվում է օր առաջ բացել իր սահմանները հայասպան Թուրքիայի և Ադրբեջանի առջև։ Թե դա ինչ ծանրագույն հետևանքներ կունենա Հայաստանի անվտանգության ու տնտեսության համար, «վերևներին» բոլորովին չի մտահոգում։ Հանձնարարված է, կատարում են։
Եթե առաջիկա ամիսներին Ադրբեջանի հետ մեռելածին «խաղաղության պայմանագիրը», այն է՝ Հայաստանի լիակատար ու անվերապահ կապիտուլյացիայի փաստաթուղթը, այնուամենայնիվ, ստորագրվի, այդ իսկ պահից սկսած մտնելու ենք արագընթաց կազմալուծման գործընթացների մեջ։
Միակ ցուցադրական «զիջումը», որ Ադրբեջանը գուցե և անի, Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող մի քանի տասնյակ հայ գերիների վերադարձն է լինելու։ «Միջազգային համայնքն» այդ քայլն անմիջապես փարիսեցիաբար տարփողելու է որպես Ադրբեջանի մարդասիրության ու բարի կամքի դրևորում։ Այնինչ դիմացը Թուրքիան և Ադրբեջանը ստանալու են Հայաստանի վերջնական գաղութացում ու ստրկացում։
Հայաստանում իրական դիմադրական դաշտի կայացումն անհետաձգելի է...
Հ.Գ. Ասվածը փոքր-ինչ ավելի մանրամասն պարզաբանելու համար ստորև զետեղում եմ նաև ս.թ. ապրիլի 22-ի գրառումս՝ վերջին շրջանում տարբեր պետությունների կողմից իրենց սահմաններն ամրացնելու եռանդուն գործողությունների մասին.
«Առավել պարզ պատկերացնելու համար, թե ինչ է անում փաշինյանական խունտան Հայաստանի սահմանները թուլացնելու, մասնավորապես՝ Տավուշում եղած ականապատ դաշտերը վերացնելու առումով, օգտակար կլինի ծանոթանալ մի շարք այլ պետությունների փորձին։
Վերջին տարիներին ու տասնամյակներին շատ պետություններ սկսել են իրենց սահմանների երկայնքով բարձր պատնեշներ (պարիսպներ) կառուցել՝ հնարավորին չափ չեզոքացնելու համար սահմանի այն կողմից սպասվող թշնամական և անցանկալի ներթափանցումներն ու ահաբեկչությունը, վերահսկելու համար անօրինական ներգաղթը և թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը։
Ահա իրենց սահմանների երկայնքով պարիսպ կառուցած և կառուցող պետությունների ոչ ամբողջական ցանկը՝
— Ամերիկայի Միացյալ Նահանգները պատնեշներ է կառուցում Մեքսիկայի հետ իր հարավային երկար սահմանի երկայնքով։
— Ֆինլանդիան, Լեհաստանը և մերձբալթյան երեք հանրապետությունները պատնեշներ են կառուցում ՌԴ-ի և Բելառուսի հետ իրենց պետական սահմանների երկայնքով։
— Իսրայելը վաղուց պաշտպանված պարիսպներ է կառուցել Եգիպտոսի, Գազայի հատվածի և Արևմտյան ափի պաղեստինյան պետական կազմավորումների հետ իր սահմանների երկայնքով։
— Հունգարիան, ի պատասխան 2015 թվականին եվրոպական միգրանտների ճգնաժամին, ցանկապատեր է կառուցել Սերբիայի և Խորվաթիայի հետ սահմանների երկայնքով՝ երկիր մուտք գործող միգրանտների հոսքը վերահսկելու համար:
— Հնդկաստանը պատնեշներ է կառուցել իր մի քանի սահմանների երկայնքով, ներառյալ Բանգլադեշի և Պակիստանի հետ:
— Սաուդյան Արաբիան պատնեշներ է կառուցել Իրաքի և Եմենի հետ իր սահմանների երկայնքով:
— Հունաստանը պատ է կառուցել Թուրքիայի հետ իր սահմանի տարբեր հատվածներում։
— Թուրքիան պատ է կառուցել Սիրիայի հետ սահմանի երկայնքով։
— Բուլղարիան պատնեշ է կառուցել Թուրքիայի հետ սահմանի երկայնքով։
— Մարոկկոն իր սահմանների երկայնքով պատնեշներ է կառուցել Հյուսիսային Աֆրիկայի Սեուտա և Մելիլյա իսպանական անկլավների հետ։
ԻՐԱԿԱՆՈւՄ ՄԵԶ ՊԵՏՔ Է ԳԵՐՊԱՇՏՊԱՆՎԱԾ «ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՐԻՍՊ» ԿԱՌՈւՑԵԼ ՀԱՅԱՍՊԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ՍԱՀՄԱՆԻ ԱՄԲՈՂՋ ԵՐԿԱՅՆՔՈՎ։
ԱՅՍ ՕՐԵՐԻՆ ՀՀ ՀՅՈւՍԻՍ-ԱՐԵՎԵԼՅԱՆ ՍԱՀՄԱՆԻՆ ԵՂԱԾ ԱԿԱՆԱՊԱՏ ԴԱՇՏԵՐԻ ՎԵՐԱՑՈւՄԸ ՈՉ ԱՅԼ ԻՆՉ Է, ՔԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ»։