կարևոր
949 դիտում, 3 շաբաթ առաջ - 2024-10-13 09:55
Հասարակություն

Տեղի ունեցածին տրվելու է իրավական գնահատական․ «Սոգլասիե Արմենիա» ընկերության հայտարարությունը

Տեղի ունեցածին տրվելու է իրավական գնահատական․ «Սոգլասիե Արմենիա» ընկերության հայտարարությունը

«Սոգլասիե Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 11-ին, ՆԳՆ ոստիկանության կենտրոնական բաժնի աշխատակիցները մի խումբ կարմիր բերետավորների հետ աջակցել են ընկերությանը պատկանող տարածք ներխուժելը: Պատճառն այն է, որ ոստիկանության աշխատակիցները առանց սերվիտուտի պատշաճ իրավունքի փորձել են ապահովել այլ սեփականատիրոջ իրավունքը՝ Արամի փողոցում շինաշխատանքներ կատարելու համար: Ավելին՝ ոստիկանների կողմից վարչական ձերբակալման են ենթարկվել «Սոգլասիե Արմենիա» ընկերության աշխատակիցները, ովքեր փորձել են թուլ չտալ իրենց ընկերության սեփականություն հանդիսացող, գույքի ոչնչացման վտանգով պայմանավորված, տարածք ապօրինի ներխուժած շինարարական տեխնիկայի գործողությունները:

Տեղի ունեցածն ունի նախապատմություն: Մյուս՝ ֆիզիկական անձանց պատկանող տարածքի երեք կողմերը, ըստ ՀՀ Կադաստրի կոմիտեի տրված պետական վկայականի, պատկանում են «Սոգլասիե Արմենիա» ընկերությանը, իսկ չորրորդ կողմը մոտ 80սմ լայնություն ունի, որտեղով տեխնիկայի մուտքը հնարավոր չէ: Բացի այդ, խնդրահարույց տարածքով անցնում են քաղաքի համար կարևոր նշանակության կոմունիկացիաներ, ինչպես նաև գազատար խողովակ։ Վիճելի տարածքը, որն այս պահին հատկացվել է այլ ընկերության, նախկինում պատկանել է «Սոգլասիե Արմենիա» ընկերությանը, որտեղ 2012-13թթ տեղադրվել են կոյուղատար և գազատար խողովակներ: Կոյուղատար խողովակը սպասարկում է Հյուսիսային պողոտայում գտնվող մի շարք բնակելի շենքերի և կոմերցիոն տարածքների, որտեղ այս պահին գործում են մի շարք հեղինակավոր, բրենդային խանութներ և հասարակական նշանակության օբյեկտներ:

 

Եթե ապօրինությունը շարունակվի՝ շուտով մայրաքաղաքի Աբովյան և Արամի փողոցները կլցվեն կոյուղատարի պարունակությամբ, որն այս պահին վնասել են մյուս տարածքի սեփականատերերը: Դեռ հուլիս ամսին «Սոգլասիե Արմենիա» ընկերության հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ, տարածքը կնքվել է, որը մյուս սեփականատիրոջ կողմից կամայականորեն հեռացվել է, սակայն քննիչը որևէ գործողություն չի իրականացրել՝ պարզելու, թե ինչո՞ւ է խախտվել իր որոշումը: Մի քանի օր առաջ էլ, «Սոգլասիե Արմենիա» ընկերության գույքի վնասմամբ, մյուս սեփականատերերը փորձել են մուտք գործել մեր տարածք, ինչը կանխվել էր ոստիկանների և մեր աշխատակիցների կողմից:

Նշենք, որ տվյալ ընկերությանը շինթույլտվություն է տրվել մոտ 330 քմ տարածքի վրա 7 հարկից բաղկացած շենք կառուցելու համար, այն դեպքում, երբ, հեղինակավոր մի շարք ընկերությունների հետ համատեղ, «Սոգլասիե Արմենիա» ընկերությանը հարակից տարածքում նույնիսկ 4 հարկից բաղկացած շինության նախագծման թույլտվություն տալը մերժվել է, ինչը պարունակում է երկակի ստանդարտների ռիսկեր:

Ընդ որում՝ այս տարածքը դեռևս վիճելի է, քանի որ «Սոգլասիե Արմենիա» ընկերությունն այս տարվա մայիս ամսին գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածով և 6-րդ հոդվածով, որն ընդունվել է քննության: Այն է՝ արդար դատաքննության իրավունքի և սեփականության իրավունքի խախտում:

ՄԻԵԴ-ն այս պահին քննում է «Սոգլասիե Արմենիա» ընկերության միջնորդությունը՝ գանգատն առաջնահերթության կարգով քննելու վերաբերյալ:

Հայտնում ենք, որ տեղի ունեցածն ապօրինություն է, որին արդեն իսկ անդրադարձել են ընկերության սեփականատեր, Ռուսաստանի հայերի մության նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանը և «Սոգլասիե Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Ավետ Ադոնցը:

«Սոգլասիե Արմենիա» ընկերությունը հայտնում է, որ տեղի ունեցածին տրվելու է իրավական գնահատական և հնարավոր բոլոր եղանակներով պաշտպանելու է իր սեփականության խախտված իրավունքը:

«Սոգլասիե Արմենիա» ընկերության մամուլի ծառայություն