կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-21 11:07
Քաղաքական

Կոչ ենք անում իրավասու մարմիններին պատշաճ իրավական գնահատական տալ վարչապետի այս անթույլատրելի վարքագծին.«Իրավական ուղի»

Կոչ ենք անում իրավասու մարմիններին պատշաճ իրավական գնահատական տալ վարչապետի այս անթույլատրելի վարքագծին.«Իրավական ուղի»

Կոչ ենք անում իրավասու բոլոր մարմիններին անհապաղ պատշաճ իրավական գնահատական տալ վարչապետի այս անթույլատրելի վարքագծին: Այս մասին հայտարարություն է տարածել «Իրավական ուղի» ՀԿ-ն, որի համահիմնադիրներն են Ռուբեն մելիքյանն ու Սիրանուշ Սահակյանը:

Հայտարարությունում ասվում է. «Ապրիլի 19-ի ուղիղ եթերում Սահմանադրական դատարանի, ընդհանուր իրավասության դատարանի դատավորների, հանրային ծառայողների, լրագրողների ու քաղաքական ընդդիմախոսների մասին Կառավարության ղեկավարի արտահայտությունների կապակցությամբ հայտնում ենք մեր խորը մտահոգությունը:

Հնչեցված մի շարք պնդումներ ու պիտակումներ թե՛ իրավաբանորեն եւ թե՛ էթիկապես անհարիր են որեւէ պաշտոնատար անձի, առավել եւս՝ Կառավարության ղեկավարին:

Յուրաքանչյուր պաշտոնատար անձ կաշկանդված է օրինականության սահմանադրական սկզբունքով եւ իրավասու չէ դուրս գալ իր պաշտոնական լիազորությունների շրջանակից կամ ապօրինություն չկատարելը ներկայացնել որպես «ձեռքբերում» կամ «առանձնաշնորհ»։

Կառավարության ղեկավարի ելույթը գնահատում ենք որպես բարեվարքության՝ օրենքով սահմանված պահանջների, ինչպես նաեւ հանրային բարոյականության կանոնների կոպիտ խախտում, անթաքույց ոտնձգություն դատական իշխանության անկախության, մամուլի ազատության ու հանրային ծառայության իրավական երաշխիքների նկատմամբ:

Հարկ ենք համարում փաստել, որ հակառակ բոլոր օբյեկտիվ եւ սուբյեկտիվ խոչընդոտներին՝ Սահմանադրական դատարանի եւ ընդհանուր իրավասության դատարանների հարյուրավոր դատավորներ շարունակում են պատվով իրականացնել իրենց առաքելությունը՝ լուծելով փաստերի եւ իրավունքի մասին վեճերը, հարյուրավոր լրագրողներ շարունակում են բարեխղճորեն կատարել իրենց աշխատանքը՝ մատուցելով համակողմանի ու անաչառ տեղեկատվության հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերով։

Մինչդեռ գործադիր իշխանության բարձրագույն ներկայացուցիչը, պարտավորված լինելով օր առաջ ապահովել արտակարգ դրության հիմք ծառայած հանգամանքների հաղթահարումը եւ ըստ այդմ՝ արտակարգ դրության ուժով կիրառված մարդու իրավունքների լրջագույն սահմանափակումների վերացումը, փոխարենը դրսեւորում է իրավունքին եւ էթիկային հակասող վարքագիծ:

Կոչ ենք անում իրավասու բոլոր մարմիններին անհապաղ պատշաճ իրավական գնահատական տալ այս անթույլատրելի վարքագծին՝ կասեցնելով պարբերական բնույթ ստացած խախտումների նոր դրսեւորումները։ Իրավասու մարմինների անպատասխանատու անգործությունը հանգեցնելու է պետական ինստիտուտների անվերապահ ապալեգիտիմացմանն ու աստիճանական ինքնաոչնչացմանը։