Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, խոսելով Ադրբեջանի կողմից խոցված ուղղաթիռի շուրջ ստեղծված անորոշ վիճակի մասին, նշեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի շրջանակներում է հնարավոր հակամարտության խաղաղ կարգավորումը, ինչը, սակայն, իր սադրիչ գործողություններով փորձ է անում խարխլել Ադրբեջանը:
Պատգամավորը թեեւ շեշտեց, որ ուղղաթիռի խոցման դեպքը «որոշ իմաստով ստվերում է բանակցային գործընթացը», միևնույն ժամանակ, նշեց, որ ԵԱՀԿ ՄԽ-ն այն ձևաչափն է, որի շրջանակներում հնարավոր է հակամարտության խաղաղ կարգավորումը:
«Հասկանում եմ հանրության տարբեր շերտերի գնահատականները` ԵԱՀԿ առաքելության և բանակցային այս ձևաչափի հետ կապված, բայց կարծում եմ, որ Հայաստանի իշխանությունները հետամուտ կլինեն, որպեսզի այս ողբերգական միջադեպի հետ կապված պատշաճ հետաքննություն իրականացվի նաև միջազգային համապատասխան կառույցների կողմից, և տրվեն համարժեք գնահատականներ»,- նշեց Կ. Նահապետյանը՝ հավելելով, որ, իհարկե, բավարար չեն հնչած գնահատականները, և այդ առումով իրենք պետք է շարունակեն ջանքերը, որպեսզի տարբեր միջազգային կազմակերպությունների կողմից տրվեն համարժեք գնահատականներ:
Պատգամավորի խոսքով` այդ ամենը չի նշանակում, որ հայկական կողմն ակնկալիքներ չունի միջազգային հանրությունից: Ըստ նրա` առաջիկայում սպասվող մի շարք միջոցառումների ժամանակ՝ ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանում, ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովում կբարձրաձայնվի ՀՀ դիրքորոշումն այս հարցում:
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն էլ նշեց, որ վաղուց ժամանակն է, որ Մինսկի խումբը հասցեական գնահատական տա տեղի ունեցածին: Նրա խոսքով` Ադրբեջանը բազմիցս խախտում է ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչը պետք է ՄԽ-ի համար որոշակի ազդանշան լինի, որ հայտարարությունների բնույթը հասցեական պիտի լինի: