կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-10 20:24
Արցախ

Հիմնական մտավախությունն Արցախի անկախությունը կասկածի տակ դնելն է. Արցախի արդարադատության նախարարը` ստորագրահավաքի մասին

Հիմնական մտավախությունն Արցախի անկախությունը կասկածի տակ դնելն է. Արցախի արդարադատության նախարարը` ստորագրահավաքի մասին

ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի կողմից սահմանադրական փոփոխությունների համար ստեղծված նախաձեռնող խմբի առաջարկը իրավական լուրջ խնդիրներ է պարունակում:

Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում հայտարարել է ԱՀ Արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը:

«Իրավունքի տեսակյունից նրանք կարող են հանդես գալ ցանկացած առաջարկով: Սահմանադրությունը նման հնարավորություն տալիս է: Սակայն այն առաջարկը, որը ներկայացված է նախաձեռնող խմբի կողմից, լուրջ կասկածի տակ է դնում սահմանադրական կարգի հիմունքներում ինքնորոշման իրավունքը, որի հիման վրա 1991 թվականի սեպտեմբերի 2-ին ստեղծվել և 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեով անկախ է հռչակվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը»,- ասել է Ա. Դանիելյանը:

Նախարարի խոսքով՝ խնդիրը նաև քաղաքական կողմ ունի: Մասնավորապես՝ անցած մոտ երեք տասնամյակների ընթացքում Արցախում անց են կացվել շուրջ 11 համապետական ընտրություններ, որոնց մասնակցել են միայն Արցախում հաշվառում ունեցող քաղաքացիները: «Մենք միջազգային հանրությանը ցույց ենք տալիս, որ մեր ինքնորոշման իրավունքը իրացնում ենք՝ հարգելով միջազգային բոլոր նորմերն ու հռչակագրերը: Իսկ այս պարագայում ստացվում է հակառակը, և հիմնական մտավախությունը Արցախի անկախությունը կասկածի տակ դնելն է, որի իրացման դեպքում հետևանքները բացասական լուրջ ազդեցություն են ունենալու բանակցային գործընթացի վրա: Կարծում եմ՝ մեր հասարակությունը պարտավոր է իմանալ այս ռիսկերի մասին և ավելի խոհեմ որոշում կայացնել»,- ընդգծել է արդարադատության նախարարը՝ ավելացնելով, որ սկսված ստորագրահավաքը դեռևս գործընթացի առաջին քայլն է, և, հաղթահարելու դեպքում, այն պետք է քննարկվի Խորհրդարանում, ինչպես նաև ստանա Գերագույն դատարանի իրավական որոշումը:

Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանի կողմնակիցներն առաջարկում են ԱՀ Սահմանադրության 48-րդ հոդվածի 2-րդ մասում «վերջին տաս տարում միայն Արցախի Հանրապետության քաղաքացի հանդիսացող»‚ «վերջին տաս տարում Արցախի Հանրապետությունում մշտապես բնակվող» բառերը փոխարինել համապատասխանաբար «վերջին տասը տարում Արցախի Հանրապետության և‚ կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող», «վերջին երեք տարում Արցախի Հանրապետությունում և, կամ Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող» բառերով և շարադրել հետևյալ խմբագրությամբ. «2. Հանրապետության Նախագահ կարող է ընտրվել 35 տարին լրացած‚ վերջին տաս տարում Արցախի Հանրապետության և‚ կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող‚ վերջին երեք տարում Արցախի Հանրապետությունում և, կամ Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք»:

Իսկ ԱՀ Սահմանադրության 48-րդ հոդվածի 3-րդ մասում առաջարկվում է «վերջին հինգ տարում միայն Արցախի Հանրապետության քաղաքացի հանդիսացող»‚ «վերջին հինգ տարում Արցախի Հանրապետությունում մշտապես բնակվող» բառերը փոխարինել համապատասխանաբար «վերջին հինգ տարում Արցախի Հանրապետության և‚ կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող», «վերջին երեք տարում Արցախի Հանրապետությունում և, կամ Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող» բառերով և շարադրել հետևյալ խմբագրությամբ. «3.Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել 25 տարին լրացած‚ վերջին հինգ տարում Արցախի Հանրապետության և‚ կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող‚ վերջին երեք տարում Արցախի Հանրապետությունում և, կամ Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք»: