Փոխարժեքներ
04 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 399.59 |
EUR | ⚊ | € 420.17 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 506 |
GEL | ⚊ | ₾ 139.96 |
Խաղաղության կոչերը, ըստ քաղաքագետ, ԵՊՀ տեսական փիլիսոփայության և տրամաբանության ամբիոնի վարիչ Ալեքսանդր Մանասյանի, ժամանակավրեպ են` ձեռնտու այն միջազգային շրջանակներին, որոնք փորձում են ձգձգել հարցը, ժամանակ շահել այն լուծելու համար: Լրագրողների հետ այսօրվա զրույցում նա վրդովմունք հայտնեց, որ այդ ժամանակից մենք չենք կարողանում օգտվել, ինչն անտանելի ապաշնորհություն է:
«Ինչո՞ւ Ադրբեջանի ցեղասպանական վարքը արտացոլված չէ նրա քաղաքական կերպարում: Այստեղ, այո, կան արտսքին շարժառիթներ, գործոններ, բայց կան նաև` ներքին: 1990-ականներին մեր առաջին նախագահն ասում էր, որ ցեղասպանության մասին խոսել պետք չէ Թուրքիայի հետ հարաբերությունները բարիդրացիական դարձնելու համար: Իսկ ադրբեջանահայության ցեղասպանությունը մեր գիտակցության մեջ չկա»,- ասաց քաղաքագետը:
Նա հայտնեց, որ զանգեր է ստանում, թե ինչո՞ւ մենք չենք ճանաչում ադրբեջանահայության նկատմամբ իրականացված ցեղասպանությունը: «Պատճառաբանություններից մեկն այն է, որ, իբրև թե, Հայոց ցեղասպանությունը պետք է տեղավորել միայն Օսմանյան կայսրության սահմաններում: Իսկ ո՞վ է այդպիսի բան ասել, ադրբեջանահայը հա՞յ չէ: Երբ զոհն ու ցեղասպանը նույնն են, ապա ցեղասպանությունն էլ նույն է: Ասում են, թե մեկը եղել է դարասկզբին, մյուսը` դարավերջին, բայց Ցեղասպանության մասին կոնվենցիայում գրված չէ, թե ինչ ժամանակում պետք է ցեղապսնությունը կատարվի, որ այն դիտվի որպես ցեղասպանություն: Մյուս փաստարկն այն է, թե ադրբեջանահայության ցեղասպանությունը եղել է խորհրդային տարիներին, ու մենք, ճանաչելով այն, հնարավոր է վիրավորենք մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանին»,- նշեց Մանասյանը:
Yerkir.am-ի հարցին` երեկ տեղի ունեցած «Հողեր չունենք տալու» հանրահավաք-ակցիան իրապես անհրաժեշտությո՞ւն էր, նա պատասխանեց` անպայման պետք էր, ավելին` նման հավաքները պետք է կրկնել, անընդհատ զգոն պահել իշխանություններին, կազմակերպված կերպով առավել մեծամասշտաբ հավաքներ նախաձեռնել: «Արցախի հարցի շուրջ մտավախությունն է ժողովրդին բերել Ազատության հրապարակ: Շրջանառվող կարգախոսների ու բանաձևերի չմտածված լինելն արդեն իսկ հիմք է տալիս այդպիսի անհանգստության համար»,- ասաց Ալեքսանդր Մանասյանը` ընդգծելով, որ պետք է ուշադրություն դարձնել հրապարակից հնչող բանաձևերին, դրանք պետք է համակարգված լինեն:
Առավել մանրամասնելով` քաղաքագետը շեշտեց, որ պատահական մարդկանց կողմից բանաձևեր են հնչեցնում, մեջտեղ բերվում, որոնք կարող են մեզ հեռացնել գործից, բայց մասնագիտորեն մշակված կարծիքներ հնչեցնելու անհրաժեշտությունը կա: