Փոխարժեքներ
14 10 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.57 |
EUR | ⚊ | € 443.25 |
RUB | ⚊ | ₽ 4.7324 |
GBP | ⚊ | £ 510.46 |
GEL | ⚊ | ₾ 141.2 |
«Փաստ» օրաթերթը գրում է.
Օրվա իշխանությունների համար, որոնք բոլոր ոլորտներում միայն տոտալ ձախողումներ ունեն, «գլուխ գովելու» միակ թեման մնացել է ասֆալտը: Հա, մեկ էլ՝ ասֆալտի վրա գծանշումները: Վերջինիս առումով, իհարկե, մեծամասամբ կա՛մ ոչինչ արված չէ, կա՛մ էլ մեկ-երկու ամսվա կյանք ունեցող գծանշումներ են, բայց ասֆալտի թեման Փաշինյանի ու իր կառավարության համար «մշտական ունի»:
Ասել, որ այս թեմայով «գլուխ գովելու» տեղ չունեն, չափազանց անարդարացի կլինի: Սակայն հարցն այն է, որ կարևոր նշանակություն ունեցող մի շարք վայրեր դուրս են մնացել իշխանությունների «ասֆալտային փիառ» օպերացիայից: Օրինակ՝ ցանկացած ոք, ով այցելել է Հաղարծին վանական համալիր, ապա կհաստատի, որ դրանից հետո լուրջ ֆինանսական ծախսերի տակ է ընկել մեքենան վերանորոգելու համար: Բավական է Դիլիջան-Իջևան ճանապարհից թեքվել դեպի վանական համալիր տանող գեղեցկագույն ճանապարհ, իսկույն սկսվում է «դարուփոսերի» անվերջանալի շարք: Թե՛ գյուղի միջով անցնող կարճ հատվածը, թե՛ անտառի միջով անցնող մոտ 5,5 կիլոմետրանոց ամբողջ ճանապարհը պարզապես քարուքանդ եղած են, որոշ տեղերում էլ ճանապարհն այնքան է նեղացել, որ մեծ վարպետություն է պահանջվում, որպեսզի երկու մեքենա իրար մոտով անցնեն ու ձորը չընկնեն:
Մյուս կողմից՝ հատկապես շաբաթ և կիրակի օրերին, քանի որ բուն վանական համալիրի մոտ մեքենաների մեծ կուտակում է, երբեմն վարորդները մեքենաները թողնում են հենց ճանապարհին ու 1-2 կմ ոտքով քայլում: Մեքենաների նման «կայանումն» ավելի է բարդացնում երթևեկը: Ու չկան պարեկներ, որոնք կարգավորեին այդ վիճակը:
Մի խոսքով, որքան էլ իշխանությունները պատերազմ են հայտարարել Հայ առաքելական եկեղեցուն, սակայն այս դեպքում խոսքն առաջին հերթին զբոսաշրջային նշանակության կոթող տանող ճանապարհի մասին է: Օրինակ՝ անցած կիրակի մեր լրագրողն ականատես է եղել, թե բազմաթիվ զբոսաշրջիկներ ու նրանց տեղափոխող վարորդները, ընդհանրապես Հաղարծին վանական համալիր մեկնողներն ինչ խոսքերով էին հիշում ՀՀ իշխանություններին: Դրանք հրապարակային մեջբերելի չեն: