Փոխարժեքներ
10 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.06 |
EUR | ⚊ | € 424.45 |
RUB | ⚊ | ₽ 3.99 |
GBP | ⚊ | £ 506.78 |
GEL | ⚊ | ₾ 141.79 |
Նիկոլ Փաշինյանը երեկ՝ սեպտեմբերի 16-ին աշխատանքային այցով Վրաստան էր մեկնել։ Նա առանձնազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Հերթական անգամ խոսել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի մասին, Կոբախիձեն, բնականաբար, ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանն ուղղված ցանկացած գործընթաց։ Փաշինյանը խոսել է նաև Վրաստանի հետ սահմանազատման, երկու երկրների միջեւ վիճելի հարցերը կարգավորելու մասին։
Քաղաքագետ Հրանտ Միքայելյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ Փաշինյանի օրակարգը հետևյալն է՝ նա ուզում է բոլոր հարավ-կովկասյան պետությունների հետ, բացառությամբ` Ռուսաստանի և Իրանի, կարգավորել հարաբերությունները, որպեսզի Արևմուտքը կարողանա ստեղծել այստեղ միատարր տարածաշրջան, որը կլինի միավորված Ռուսաստանի դեմ։
«Փաշինյանը փորձում է այդ օրակարգը լուծել և այս շրջանակներում քննարկում է Վրաստանի հետ դելիմիտացիայի հարցը, որտեղ կան վիճելի հարցեր, սահմանային եկեղեցիներ։ Փաշինյանն արել է զիջումներ և պատրաստ է անել նոր զիջումներ»,-ասաց Միքայելյանը։
Նա կարծում է, որ Փաշինյանն ուզում է հնարավորինս արագ այդ գործընթացն ավարտել, բայց ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Վրաստանի կողմից այդքան էլ արագ արձագանք չկա։ Վրաստանի իշխանությունները ևս փորձում են տարածաշրջանային հարաբերությունները կարգավորել։ Միգուցե համարում են նաև, որ Հայաստանի իշխանությունների հետ իրենց հարաբերությունները կարող են նպաստել վրացահայ համայնքում ինչ-որ քանակով ձայն հավաքելուն, սակայն դա քիչ հավանական է։
Իսկ Փաշինյանի՝ Վրաստանի հետ սահմանազատման մասին հայտարարությունը նշանակո՞ւմ է արդյոք, որ շուտով նոր զիջումների մասին ենք լսելու՝ այս անգամ Վրաստանին արվող զիջումների: Քաղաքագետը կարծում է, որ կարող է նման բան տեղի ունենալ։
«Փաշինյանը մի քանի անգամ արդեն դա արել է, բայց թե ինչ ձևաչափով է դա լինելու՝ չեմ կարող ասել, որովհետև այս բանակցությունները փակ են և, ինչպես Փաշինյանն ասում էր` գաղտնի ոչինչ չի անելու, ամբողջությամբ գաղտնի է գործընթացը և ժողովրդի մեջքի հետևում է այդ գործընթացը տեղի ունենում։ Այդ թվում այն մարդկանց թիկունքում է դա տեղի ունենում, ովքեր առաջնային շահառու են և իրենք ապրում են այդ շրջաններում, որոնց դա վերաբերում է»,-ասաց Միքայելյանը։
«Մենք գիտենք թե ինչ վիճելի հարցեր կան սահմանին, մենք գիտենք Փաշինյանի գործելաոճը, մենք գիտենք, որ Վրաստանը ոչինչ չի զիջել և մենք գիտենք, որ Փաշինյանը փորձում է գործընթացն արագացնել»,- ասաց քաղաքագետը։
Աղբյուրը՝ Hraparak.am