կարևոր
15076 դիտում, 2 ամիս առաջ - 2024-09-02 14:43
Տնտեսական

Այս իշխանության օրոք նաև մանկահասակ երեխաների թերսնվածության ցուցանիշն է ավելացել. Թադևոս Ավետիսյան

Այս իշխանության օրոք նաև մանկահասակ երեխաների թերսնվածության ցուցանիշն է ավելացել. Թադևոս Ավետիսյան

Վիճակագրական կոմիտեի հրապարակած վերջին ցուցանիշներով Հայաստանում 2023 թ.-ին 2022-ի համեմատ աղքատության վերին շեմը 1.3 %-ով աճել է և հասել 42.6 %-ի։ Մանկական աղքատությունը 33.5%-է։ Հանրապետությունում ստեղծված սոցիալական պատկերը Panorama.am-ը քննարկեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի հետ։

Այս իշխանությունները խոստանում էին ծայրահեղ աղքատության վերացում և աղքատության շեշտակի նվազում, որը կարմիր թելով իշխանությունների նախընտրական ծրագրերում հստակ ձևակերպված էր։  Խոստանում էին ընդհուպ վերացնել ծայրահեղ աղքատությունը, որը շատ հավակնոտ էր։

Շուտով կլրանա 7-րդ տարին, որ իշխանության են և ծայրահեղ աղքատության ցուցանիշն իրենց իշխանության օրոք ոչ թե վերացել է, այլ աճել՝ հատկապես գյուղական բնակավայրերում, որտեղ առանց այն էլ բարձր է այդ ցուցանիշը։ 7 տարիների ընթացքում գրեթե չի փոփոխվել աղքատության ցուցանիշը, եթե չդիտարկենք, որ որոշակի աճ է գրանցել այն շրջանի հետ համեմատ, երբ նրանք վերցրեցին իշխանությունը։

Այն մի քանի պատճառներ ունի։ Նախ 2022-2023 թվականներին, երբ արձանագրվեց բարձր տնտեսական աճ՝ 12-14 %, միևնույնն է՝ մենք չենք տեսել աղքատության ցուցանիշի որևէ՝ գոնե դրան համարժեք նվազում, որովհետև մեր տնտեսությունն այս իշխանության օրոք զարգանում է ոչ ներառական, տեղի չի ունենում եկամուտների արդար, հավասար և արդյունավետ բաշխում։ Սրա պատճառներից մեկը հարկային հակասոցիալական քաղաքականությունն է: Երկրորդ պատճառը սոցիալական քաղաքականության անհասցե բնույթն է։ Այսինքը՝ գումարները սոցիալական պաշտպանության ոլորտում չեն նվազել, բայց եթե վերջնարդյունքում աղքատության ցուցանիշը չի փոխվում, այն նշանակում է , որ այդ ծրագրերն անարդյունավետ են և անհասցե, և այդ գումարներն իրականում փոշիանում են։

Պետք է արձանագրենք, որ 2022-23թթ. բարձր գնաճն էր, երբ նվազագույն  սպառողական զամբյուղի արժեքն արագընթաց աճում էր, իսկ միջին և ցածր եկամուտները պատիկներով ավելի ցածր էր աճում կամ 0-ական աճ էր գրանցում։ Այն էականորեն հարստահարեց միջին և միջինից ցածր կենսամակարդակում գտնվող մեր հայրենակիցներին։

Այսօր դրա հետևանքներն արդեն ակներև են և երկար ժամանակ դեռ իրենց զգացնել են տալու։

Կարևոր է արձանագրել, որ այս իշխանության օրոք նաև թերսնված մարդկանց ցուցանիշն է ավելացել , հատկապես մանկահասակ երեխաների մոտ և գյուղական բնակավայրերում։ Սա լուրջ խնդիր և մարտահրավեր է, քանի որ բացի քանակականից նաև որակական ցուցանիշ է և հատկորոշում է երկրի ընդհանուր ցոցիալական վիճակը։

Ինչքան էլ ամպագորգոռ խոստումներ հնչեցնեն, ակնհայտ է, որ այս իշխանության օրոք պետական պարտքն աստղաբաշխական աճում է, և ինչքան էլ ասեն, թե ենթակառուցվածքներ են վերանորուգում, իրականում կյանքի որակը չի բարելավվում՝ հատկապես մեր երկրի անապահով ընտանիքների շրջանում, որովհետև մեր բնակչությունը 60 % -ից ավելի չափավոր աղքատ է, իսկ աշխատողների մեջ ամեն 4-րդն աշխատող աղքատներ են։

Այս ցուցանիշները ոչ թե դրական, այլ, ցավոք սրտի, բացասական դինամիկա ունեն և այն փաստ է։

Եթե կարճ ամփոփելու լինենք՝ իշխանություններն ասում եին՝ անվտանգային խնդիրները լուծենք, խաղաղություն բերենք, որ լավ ապրեքն։ Այսինքը զիջենք մեր հայրենիքի մի մասը՝ Արցախի Հանրապետությունը, զիջենք ազգային շահերի մի մասը, որպեսզի բարեկեցիկ ապրելու պայմանները բարելավվի, բայց փաստը հետևյալն է, որ վիճակագրությունը գալիս է ևս մեկ անգամ ասելու՝զիջել են որքան, որ թշնամին պահանջել է, և մենք ունենք անվտանգային անհամեմատ բարձր սպառնալիքներ, դրանց փաստացի գործադրում, բայց կյանքի որակը ոչ թե լավանում է, այլ դրան զուգահեռ ավելի է վատանում, մեր երկրում սոցիալական խնդիրները էլ ավելի են շատանում ու խորանում»-ասաց Թադևոս Ավետիսյանը։