կարևոր
3292 դիտում, 1 տարի առաջ - 2023-06-30 17:09
Քաղաքական

Անկախացումից ի վեր պետական պարտքի այնպիսի աճ չենք ունեցել, ինչպիսին որ տեղի ունեցավ ՀՀ ներկա իշխանությունների օրոք. Թադևոս Ավետիսյան

Անկախացումից ի վեր պետական պարտքի այնպիսի աճ չենք ունեցել, ինչպիսին որ տեղի ունեցավ ՀՀ ներկա իշխանությունների օրոք. Թադևոս Ավետիսյան

ՀՀ ներկա իշխանությունների օրոք Հայաստանի արտաքին պարտքն անհամեմատելի ավելացել է։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը՝ հավելելով, որ վերջին 5 տարիների ընթացքում այդ աճը, դոլարային արտահայտությամբ, հասել է 45 տոկոսի։ Փորձագետը մանրամասնեց. մինչև դրամի արժեվորումը, դեռևս 2021 թվականին Հայաստանը հատել էր հարաբերակցության 60 տոկոս կազմող «կարմիր գիծ»-ը, ինչի արդյունքում էական ռիսկերի առաջ էր կանգնել։

«Իսկ իրենք, այո՛, պերմանենտ ավելացնում են արտաքին պարտքը։ Օրինակ 2018-2020 թվականներին տարեկան 10 տոկոս, անգամ ավելի, պետական պարտք է ավելացել։ Մինչև իրենց ՝ իշխանության գալը Հայաստանի պետական պարտքը 6.8 մլրդ դոլար էր։ Իրենք 4 տարում՝ մինչև 2021 թվականի ավարտը, պետական պարտքը հատեց 10 մլրդ-ի շեմը։ Հիմա, իհարկե, նորից արդեն ավելացել է։ Բայց անկախացումից ի վեր մենք պետական պարտքի այդպիսի արագ աճ չենք ունեցել»,- ասաց տնտեսագետը։

Ըստ «Փաստինֆո»-ի զրուցակցի, Հայաստանում 2022 թվականի բարձր տնտեսական ակտիվության ցուցանիշն էլ էական մասով կախված էր ոչ թե ներկա իշխանությունների գործողություններից, այլ արտաքին պատահական գործոնից։ Իր խոսքով՝ ռուս- ուկրաինական պատերազմի ֆոնին, տնտեսական նույնպիսի ակտիվություն գրանցվել է ոչ միայն մեր երկրում, այլև հարևան մի շարք երկրներում, այդ թվում՝ Վրաստանում։ Փորձագետը կանխատեսում է, որ առաջիկայում նոր փոփոխություններ կարող են լինել՝ հաշվի առնելով նաև ԵՄ կողմից ՌԴ դեմ ներդրված նոր պատժամիջոցների չափաբաժինը։ Տնտեսական այս ակտիվությունը դեռևս կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ հակամարտությունը չի լուծվել ու չեն վերացվել դրա հետևանքները։

«Այսինքն, այդ գործոնն ու բարձր թռիչքաձև աճը մեր տնտեսական ներուժի հաշվին չէ։ Այս վիճակը ժամանակավոր է։ Այդուհանդերձ, մեր երկրի իշխանությունները, դա միանշանակ գիտակցելով, փորձում են խեղաթյուրել ու վերագրել իրենց։ Դա իրենց բնույթն է։ Այստեղ երկրորդ կարծիք չկա»,- ասաց նա։

Անդրադառնալով հարցին, թե ինչով է պայմանավորված տնտեսական 12.5 տոկոս ակտիվության պայմաններում վարկային բեռի շարունակական ավելացումը՝ Ավետիսյանն ասաց, որ իշխանություններն, այդուհանդերձ, գիտակցում են ներկա ցուցանիշների պատահական լինելը։ Այս գումարներն, ըստ նրա, ծառայեցվում են որպես անվտանգության բարձիկներ։ Մյուս կողմից, ըստ տնտեսագետի, այժմ բարձր ցուցանիշներ կան նաև կապիտալ ծախսերի մասով։

«2023 թվականին կարծեմ մոտ 60 տոկոսով կապիտալ ծախսերն ավելացել են նախորդ տարվա համեմատ։ Այդ պարտքը վերցնում են, որպեսզի նաև ուղղեն հաստատված կապիտալ ծախսերի ֆինանսավորմանը։ Այսինքն, ապահով միջավայր ապահովելու համար»,- ասաց նա։

Փորձագետը ևս մի խնդիր բարձրացրեց՝ հիմնվելով նախորդ տարիների փորձի վրա։ Իր խոսքով՝ ՀՀ իշխանությունները, վարկ վերցնելով ու ավելացնելով պետական պարտքը, դրանք, փաստացի նպատակային ձևով ու ժամանակին չեն ծախսվում։ Պարզապես տարեկան կտրվածքով, մի քանի տասնյակ միլիոն դոլարի տոկոսներ են վճարում։ Ստացվում է, որ այդպիսով պետության համար նոր ֆինանսական բեռ է ավելանում։

«Ի վերջո, այդ արտաքին պարտքը, որ վերցնում են, ռեզերվային արժույթներով է՝ դոլար, եվրո։ Այս պահին մենք ունենք ազգային արժույթի արժեվորում, և պետական պարտք- ՀՆԱ հարաբերակցությունը դրա արդյունքում որոշակիորեն բարելավվել է։ Բայց երբ այս ռուս- ուկրաինական պատերազմի գործոնն այլևս չլինի, մենք ունենալու ենք ազգային արժույթի արժեզրկման ճնշումներ։ Դա էլ պայմանավորված է լինելու մեծաքանակ դրդիչ արժույթի մուտքերի պակասմամբ։ Այս դեպքում արդեն հակառակ արդյունքը կունենանք»,- մանրամասնեց փորձագետը։

Այդ ժամանակ արդեն, ըստ տնտեսագետի, ՀՀ իշխանությունները գրանցված տնտեսական վիճակի վատթարացումը փորձելու են բացատրել արժույթի արժեզրկմամբ՝ հայտարարելով, որ դրա վրա իրենք որևէ ազդեցություն չէին կարող ունենալ։ Այս իրավիճակի առաջնային խթանիչ պատճառն, ըստ տնտեսագետի, իշխանությունների պոպուլիստական գործելաոճն է։
«Մեծ- մեծ խոստումներ են տալիս, փորձում են գնալ դրա հետևից ու չեն կարողանում անել դա։ 2020 թվականի պատերազմը, քովիդ համավարակի տապալումը... պինցետով հանողները հետո տնտեսությունը տոտալ անջատեցին, հետևանքը եղավ պետական պարտքը։

Մենք միակ երկիրն ենք եղել տարածաշրջանում, որ քովիդով պայմանավորված ամենաբարձր տնտեսական անկումն ենք ունեցել»,- ասաց նա։