Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններով պայմանավորված, մամուլի ասուլիս է հրավիրել: Նախարարի խոսքով` այս գործընթացում դպրոցական, մանկահասակ երեխաների ներգրավումը կարմիր գիծ է: Նա միևնույն ժամանակ նշեց, որ պետք է տարբերել դպրոցական ու մանկահասական երեխաներին ուսանողներից, խոսքը ուսանողների մասին չէ:
«Դրա մեջ տեսնում եմ 2 մակարդակի խնդիր: Առաջինը զուտ ֆիզիկական անվտանգությունն է: Այս ակցիաներն անցնում են փողոցի երթևեկելի մասերով: Ես յուրաքանչյուր վայրկյան ուղղակի մտքում աղոթում եմ, որ որևէ մեկի նյարդերը տեղի չտան, և ոտքը արգելակի փոխարեն գազին չսեղմի»,- ասաց Սարգսյանը և հավելեց, որ ծնողը, ով բերում է իր երեխային դպրոց, ակնկալում է դպրոցից հետո երեխային տանել տուն, այլ ոչ թե փողոցներում փնտրել:
Ըստ նախարարի` մյուս մակարդակը գաղափարականն ու բարոյականն է: «Այս օրերին շատ ենք տեսնում, որ մանկահասակ երեխաներին կանգնեցնում են տեսախցիկի առջև, տեսնում ենք, որ մանկահասակ երեխան զուգահեռներ է տանում, օրինակ, Մոնթե Մելքոնյանի և միտինգի առաջնորդի հետ: Երեխան չի կարող իմանալ ո'չ Մոնթե Մելքոնյանին, ո'չ էլ միտինգի հեղինակին: Սա անթույլատրելի է»,- ընդգծեց նա:
Սարգսյանը շեշտեց, որ միևնույն ժամանակ մտահոգված չէ նրանով, որ բանակ կզորակոչվեն նրանք, ովքեր մասնակցել են քաղաքացիական անհնազանդության միջոցառումներին: «Դա էլ քաղաքացիական դաստիարակության, կրթության մի մասն է: Ուրիշ բան, թե ինչ գին է դրա դիմաց վճարվում: Ես երբեք չեմ ասում, որ բանակ պետք է գա չկայացած մարդ և այնտեղ կայանա, ես ասում եմ, որ բանակը պետք է միջոց լինի` լրացուցիչ հնարավորություններ տալու ամենատարբեր ուղղություններով: Բանակը պետք է մեկ քայլ առաջ լինի և լինի ոչ թե հասարակության հայելին, այլ դպրոցն ու դարբնոցը»,- եզրափակեց նա: