կարևոր
2971 դիտում, 2 ամիս առաջ - 2024-09-01 15:14
Աշխարհ

Մենք կհասնենք ձեզ ու հաշվեհարդար կտեսնենք. Նաթանյահուն սպառնացել է ՀԱՄԱՍ-ին

Մենք կհասնենք ձեզ ու հաշվեհարդար կտեսնենք. Նաթանյահուն սպառնացել է ՀԱՄԱՍ-ին

Վեց պատանդների դիերի հայտնաբերման մասին իսրայելական բանակի հայտարարությունից մի քանի ժամ անց Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն տեսաուղերձ է հրապարակել, որում հայտարարել է, որ իր կառավարությունը հավատարիմ է Գազայում հրադադարի համաձայնագրի կնքմանը և դրա ձախողման համար մեղադրում է պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորմանը, հայտնում է Times of Israel-ը։

«Սա դժվար օր է։ Ամբողջ ազգի սիրտը կտրատվում է։ Իսրայելի բոլոր քաղաքացիների հետ միասին ես ցնցվեցի մեր վեց պատանդների սարսափելի սառնասիրտ սպանությունից»,- ասել է Նաթանյահուն՝ թվարկելով զոհված բոլոր վեց պատանդների անունները:

Նա նաև երախտագիտություն է հայտնել Իսրայելի բանակին և «Շաբակի» անվտանգության ծառայությանը, որոնք «վտանգում են իրենց կյանքը մեր որդիների և դուստրերի վերադարձի համար»։

«Բոլոր մարդկանց հետ ես ու կինս ցավակից ենք ընտանիքների սարսափելի վշտին, բոլորս սգում ենք նրանց հետ։ Ես դիմում եմ ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչներին, որոնք սպանել են մեր առևանգվածներին և նրանց առաջնորդներին. դուք կվճարեք ձեր կյանքով։ Մենք չենք հանդարտվելու ու չենք լռելու։ Մենք հետապնդելու ենք ձեզ, մենք կհասնենք ձեզ և հաշվեհարդար կտեսնենք։ Բոլոր ճակատներում մենք պայքարում ենք  դաժան թշնամու դեմ, որը ցանկանում է սպանել մեզ բոլորիս։ Հենց այսօր առավոտյան Հեբրոնում երեք ոստիկան է սպանվել։ Ես և կինս մեր անկեղծ ցավակցություններն ենք հայտնում նրանց ընտանիքներին։ Մենք հոկտեմբերի 7-ին ականատես եղանք ՀԱՄԱՍ-ի մարդասպանների աներևակայելի դաժանությանը, և կրկին ականատես եղանք Ռաֆահի թունելներում»,- ասել է Իսրայելի վարչապետը։

Միևնույն ժամանակ նա հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը «դեկտեմբեր ամսից հրաժարվում է իրական բանակցություններից»։

«Երեք ամիս առաջ՝ մայիսի 27-ին, Իսրայելը համաձայնվեց ԱՄՆ-ի լիակատար աջակցությամբ պատանդներին ազատ արձակելու գործարքին։ ՀԱՄԱՍ-ը մերժեց։ Նույնիսկ այն բանից հետո, երբ օգոստոսի 16-ին Միացյալ Նահանգները թարմացրեց գործարքի ծրագիրը, մենք համաձայնեցինք, իսկ ՀԱՄԱՍ-ը կրկին մերժեց», - ասել է Նաթանյահուն՝ հավելելով, որ նույնիսկ հիմա, «երբ Իսրայելը ինտենսիվ բանակցություններ է վարում միջնորդների հետ՝ գործադրելով բոլոր ջանքերը համաձայնության հասնելու համար ՀԱՄԱՍ-ը շարունակում է վճռականորեն հրաժարվել ցանկացած առաջարկից»։