կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-11-24 17:28
Քաղաքական

Այն, որ մի օր մենք կտեսնենք Ռուսաստանի պատասխանը Թուրքիային, ես կասկած չունեմ. Թևան Պողոսյան

Այն, որ մի օր մենք կտեսնենք Ռուսաստանի պատասխանը Թուրքիային, ես կասկած չունեմ. Թևան Պողոսյան

Այսօր թուրք-սիրիական սահմանին Թուրքիան ռուսական ռազմական օդանավ է խոցել: Թե ի՞նչ մարտահրավերներ է առաջադրելու այս միջադեպը, Yerkir.am-ի հետ զրույցում կարծիք է հայտնել «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը:

Նա նախ նշեց, որ նման միջադեպեր քիչ չեն եղել տարբեր կոալիցիաներում գտնվող երկրների միջև, ուստի ասել, որ հենց վաղը պատերազմ կսկսվի Ռուսաստանի ու Թուրքիայի միջև, անիմաստ է: Ըստ պատգամավորի` այսօր խնդիրը գտնվում է այլ դաշտում, որը կոչվում է սիրիական ճգնաժամ, և Ռուսաստանը կփորձի ճիշտ հաշվարկներ անել ու որոշել, թե երբ է գալու Թուրքիային համարժեք պատասխան հասցնելու ժամանակը:

«Ինձ չի թվում, թե Ռուսաստանն անմիջապես կպատասխանի այդ միջադեպին: Նախ կլինեն դիվանագիտական «կրակոցներ»: Թուրքիան կփորձի արդարանալ, ասել, որ ռուսական օդանավն իր տարածքն է ներխուժել: Ամեն դեպքում այս միջադեպը սեպ կխրի Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների կարգավորման մեջ»,- ասաց Թևան Պողոսյանը` հավելելով, որ Ռուսաստանը բացահայտ ասում էր, որ ԻՊ-ի ֆինանսավորման մեջ մեղավոր է Թուրքիան:

Ըստ Թևան Պողոսյանի` այս միջադեպից հետո կընթանա ավելի շատ սառը հաշվարկ, որի հիման վրա կփորձեն շահերի վերադասավորում իրականացնել ու ավելի մեծ խնդիրներ լուծել, և երբ կգա հարմար պահը, Ռուսաստանը նաև իր պատասխանը կտա Թուրքիային:

Նշենք, որ Թուրքիայի կողմից ռուսական ռազմական օդանավի խոցման միջադեպի կապակցությամբ այսօր երեկոյան հրավիրվելու է ՆԱՏՕ-ի խորհրդի նիստ: Թևան Պողոսյանի խոսքով` Թուրքիան հիմա փորձելու է թե\' ՆԱՏՕ-ի նիստ հրավիրել, թե\' ՄԱԿ-ին դիմել` արդարանալով, որ իր օդային սահմանն է հատվել, որ ռուսական օդանավերը կարող էին հարված հասցնել, և Թուրքիան պաշտպանվել է: Ըստ պատգամավորի` Թուրքիայի համար կարևոր է թույլ չտալ Իրան-Ռուսաստան հարաբերությունների բարելավում, մինչդեռ`  2 օր առաջ Վլադիմիր Պուտինը այցելել էր Թեհրան:

«Ինձ չի թվում, որ Ռուսաստանը դուրս է գալու Սիրիայից, մինչև վերջ տանելու է իր պայքարը ԻՊ-ի դեմ: Ֆրանսիան էլ ավելի կներգրավվի ԻՊ-ի դեմ ռազմական գործողություններում: Օլանդն արդեն սկսել է կոալիցիայի հանգեցնող ինչ-որ գործընթաց, հանդիպումներ անցկացրեց Վաշինգտոնում, այսօր երեկոյան պետք է Մոսկվայում Պուտինի հետ հանդիպեր: Այս ամենը հաշվի առնելով` Թուրքիան փորձեց այս միջադեպով խանգարել այդ գործընթացներին: Ինձ թվում է, որ այս միջադեպից հետո բոլոր կողմերը պետք է սառը դատե, և որոշումները կայացնեն` իրենց երկարատև շահերից ելնելով: Բայց այն, որ օրերից մի օր մենք կտեսնենք Ռուսաստանի պատասխանը Թուրքիային, ես կասկածներ չունեմ»,- եզրափակեց Թևան Պողոսյանը: