կարևոր
30178 դիտում, 2 ամիս առաջ - 2024-08-30 10:56
Տնտեսական

ՀՀ պետական պարտքը՝ 12.2 մլրդ ԱՄՆ դոլար․ «Ժողովուրդ»

ՀՀ պետական պարտքը՝ 12.2 մլրդ ԱՄՆ դոլար․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ պետական պարտքը շարունակում է աճել։ «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ ՀՀ պետական պարտքը 2024 թ. հունիսի 30-ի դրությամբ կազմել է 4,718.9 մլրդ դրամ (12.2 մլրդ ԱՄՆ դոլար), որից 2,424.4 մլրդ դրամը (6.3 մլրդ ԱՄՆ դոլարը) կազմել է արտաքին պարտքը, 2,294.6 մլրդ դրամը (5.9 մլրդ ԱՄՆ դոլարը)՝ ներքին պարտքը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դոլարային արտահայտությամբ ՀՀ պետական պարտքն աճել է 9.5%-ով, իսկ դրամային արտահայտությամբ՝ 10.0%-ով: Կառավարության պարտքը նույն միտումներն է ունեցել. դոլարային արտահայտությամբ աճել է 10.3%-ով, իսկ դրամային արտահայտությամբ՝ 10.8%-ով:

Հետաքրքիրն այն է, որ հեղափոխության առաջին տարիներին պետական պարտքի չափը նվազեցնելու մասին վանկարկող իշխանություններն այնքան են խախտել պետբյուջեի ֆինանսական ելքերն ու մուտքերը, որ հատել ենք պետական պարտքի թույլատրելի շեմը։

«Ժողովուրդ» օրաթերթը կառավարությունից պահանջել էր տրամադրել, թե 2018 թվականից մինչեւ 2024 թվականի օգոստոսի 8-ը.

1. քանի՞ վարկ է ձեւակերպվել Հայաստանի Հանրապետության անունից

2. նշված վարկերը միասին որքա՞ն (դրամ) են կազմում

3. ներկայացված վարկերը ո՞ր երկրներից եւ ո՞ր բանկերից են վերցված. բոլոր վարկերի վերաբերյալ ներկայացրե’ք տեղեկությունը` հատ առ հատ։

4. առանձին-առանձին ներկայացրեք նաեւ, թե ո՞ր վարկը քանի՞ տարով է ձեւակերպված։

«Հատ» բառը շեշտված չէ պատահաբար, այն հարցմանն առավել հստակ պատասխան ստանալու համար է։

Ինչեւէ, ինչպես ակնկալում էինք՝ պատկերը, մեղմ ասած, վախեցնող էր։

Նախ, որպես փաստ արձանագրենք, որ 2018 թվականից հետո ձեւակերպված վարկերի մարման ժամկետը 25 տարի է՝ գրեթե մինչեւ 2050 թվականը, ավելի կոնկրետ՝ ժամկետները ձգվում են Հայաստանի վերափոխման մինչեւ 2050 թվականի ռազմավարության ավարտը։

Սա ոչ թե պատահականություն է, այլ հենց մտածված ռազմավարություն։

Այսպիսով, Հայաստանը Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկից 25,15 եւ 19 տարի ժամկետներով 13 վարկ ունի։

1 վարկը սկսվում է 7 մլն 400 հազար եվրոյից մինչեւ 236 մլն եվրո՝ գրեթե 101 միլիարդ դրամ։

Վարկային նպատակները տարբեր են՝ Երեւանի ավտոբուսների ծրագրից մինչեւ հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցում։

Հետաքրքիրն այն է, որ վերցված վարկի բեռը շոշափելի է, սակայն ծրագրերի զգալի արդյունքը չի երեւում. պետական պարտքը հատել է թույլատրելիի շեմը, բյուջեի պակասուրդը հատել է 288 միլիարդը, իսկ իշխանությունը կարծում է, որ բյուջեի դեֆիցիտը լրացնելու եւ պետական պարտքը մարելու համար հույսը պետք է դնել հարկատու քաղաքացու վրա՝ փորձելով հարկերն ավելացնել, տաքսիստներից 20-40 դրամ գանձել եւ այլն. իրենց ցոփ ու շվայտ կյանքը, սակայն, պետբյուջեի հաշվին որեւէ կերպ չի տնտեսվում»: