Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Աղբյուրը՝ Mediahub.am
Օգոստոսի 17-ին նշվում է Արցախի Մարտունի քաղաքի վերածննդի օրը: Մարտունու ուղղությամբ 1992 թվականի հենց այս օրն է Ադրբեջանի զինուժը մի քանի ուղղություններով հարձակում սկսել, որը կանխվել է հայկական կողմի հերոսական ջանքերով ու պաշտպանվել է քաղաքը։
«Ամբողջ պատերազմի ընթացքում որևէ անգամ Մարտունին չի ընկել։ Այսօր նշում էինք ոչ թե ազատագրման, ինչը հաճախ շփոթում են մարդիկ, այլ վերածնման տոնը»,- MediaHub-ին ասում է Մարտունու երիտասարդներից մեկը։
Կարենի խոսքով՝ դրանից հետո 2016, 2020, 2023 թվականների պատերազմների ժամանակ, Ադրբեջանը Մարտունու ուղղությամբ կիրառել է զինանոցի ողջ ներուժը։ Դեռ առաջին պատերազմից նրանց համար Մարտունու գրավումը երազանք էր և մեր քաղաքն ասոցացնում էին Մոնթե Մելքոնյանի հետ։
«Մոնթեաբերդ Մարտունի․ մենք այսպես էինք ասում մեր քաղաքին։ 2023 թվականի պատերազմը նախապես մշակված ծրագիր էր։ Կորցրեցինք ամբողջ Արցախը, բայց մինչև զինադադարի վերջին վայրկյանը Մարտունու ուղղությամբ մեր տղերքը կռվել են, մեծ կորուստներ պատճառելով թշնամուն՝ պահել քաղաքը»,- նշեց նա։
Մոնթե Մելքոնյանից հետո 2023 թվականին քաղաքի խորհրդանիշներից մեկը դարձավ քաղաքապետ Ազնավուր Սաղյանը։ Նա զոհվել է «Կոհակ» կոչվող բարձունքում՝ քաղաքի պաշտպանության համար մղված թեժ մարտերի ժամանակ։ Հուղարկավորվել է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։ Չկորցնելով տուն վերադառնալու տեսիլքը, մարտունեցիներն այսօր կրկին հավաքվել են, այս անգամ Եռաբլուր սրբավայրում։
«Քաղաքի վերածննդի օրն առիթ էր նախ հավաքվելու, միմյանց տեսնելու, ապա և մեր հարգանքի տուրքը մատուցելու հայրենիքի պաշտպաններին։ Ազնավուրը մարտունեցիների ու բոլոր հերոսների հավաքական կերպարն է, եկել ենք խնկարկելու նրանց շիրիմները։ Ու չնայած, որ մեր քաղաքը հիմա թշնամու օկուպացիայի տակ է, ես ու մենք բոլորս հավատում ենք, որ վերածնունդ լինելու է»,-հավելեց Կարենը։