Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«1988թ. փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի ժողովրդական պատգամավորների խորհրդի կողմից կայացվեց պատմական որոշում՝ խաղաղ միջոցներով պայքարելու արցախահայության ինքնորոշման իրավունքի իրականացման համար: Այդ որոշումը պարտադրված էր տարածաշրջանի խորհրդայնացման տարիներին Արցախի կարգավիճակի վերաբերյալ կամայական վճիռներով, Ադրբեջանի ԽՍՀ իշխանությունների կողմից հայ ժողովրդի նկատմամբ տասնամյակներ հետապնդվող էթնիկ խտրականությամբ, հայ ինքնության ճնշմամբ, հայկական պատմամշակութային ժառանգության խեղմամբ և Արցախի ժողովրդագրական պատկերի նպատակաուղղված փոփոխման քաղաքականությամբ, ինչի մասին բացեիբաց տարբեր ժամանակաշրջաններում հայտարարել էին հենց Ադրբեջանի բարձրաստիճան ղեկավարությունը:
Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճնշման նպատակով Ադրբեջանի իշխանությունների կողմից հրահրվեց և կիրառվեց բռնի ուժ Արցախից հարյուրավոր կիլոմետրեր հեռու՝ Կիրովաբադում, Սումգայիթում, Բաքվում և այլ քաղաքներում՝ հանգեցնելով հարյուրավոր զոհերի և Ադրբեջանի լիարժեք հայաթափմանը:
Այդ քաղաքականությունը նոր թափ ստացավ Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմների ժամանակ, որոնք ուղեկցվեցին զանգվածային ոճրագործություններով, Արցախի՝ ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված շրջանների լիակատար հայաթափմամբ և այդ տարածքների հայկական ինքնության ոչնչացման փորձերով:
33 տարի առաջ մեկնարկած իրադարձություններն, իրենց բոլոր ձեռբերումներով և զրկանքներով, դարձան հայ ժողովրդի վերածննդի շարժում՝ ընդգծելով համազգային միասնականությունը, սեփական հայրենիքում անվտանգ, ազատ և արժանապատիվ ապրելու ու արարելու ձգտումը»։