կարևոր
3853 դիտում, 3 ամիս առաջ - 2024-08-06 21:53
Հասարակություն

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հայցադիմումը՝ ընդդեմ «168 ժամի», մերժվել է ՀՀ դատական բոլոր ատյաններում

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հայցադիմումը՝ ընդդեմ «168 ժամի», մերժվել է ՀՀ դատական բոլոր ատյաններում

2023թ. մարտի 26-ին Սյունիքի մարզի Սիսիան խոշորացված համայնքում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցությունը Վարչական դատարան դատական հայց էր ներկայացրել՝ ընդդեմ «168 ժամի»՝ մեզ մեղադրելով քվեարկության օրը քարոզչություն իրականացնելու համար:

Խոսքը վերաբերում է քվեարկության օրը «Հայաստան» ընդդիմադիր խորհրդարանական խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի հարցազրույցին, որը 168.am-ում ու համանուն յութուբյան ալիքում հեռարձակվել էր ուղիղ եթերով։

2023թ. սեպտեմբերի 9-ին ՀՀ վարչական դատարանը մերժել էր ՔՊ-ի հայցը, ինչից հետո ՔՊ-ն դիմել էր Վերաքննիչ դատարան, որի 20.05.2024թ. վճռով էլ մերժվել էր ՔՊ-ի հայցը և ստորադաս դատարանի վճիռը թողնվել էր անփոփոխ:

ՔՊ-ն, սակայն, իր ներկայացուցիչ Վարդան Հարությունյանի միջոցով նաև վճռաբեկ բողոք էր ներկայացրել, որում նշել էր, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ ըստ իրենց՝ քարոզչական տարրեր պարունակող տեսանյութը հրապարակված է մեր կայքում, այն շարունակել է կայքում հրապարակված մնալ նաև ուղիղ եթերից մի քանի ժամ և նույնիսկ մի քանի օր հետո, ինչը, ՔՊ-ի կարծիքով՝ նշանակում է, որ «168 ժամը» հետապնդել է քարոզչություն իրականացնելու նպատակ:

Վճռաբեկ դատարանը, սակայն, գտել է, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտման մասին ՔՊ-ի փաստարկները, ի դեմս բողոքը բերած անձի, հերքվում են Վերաքննիչ դատարանի որոշման պատճառաբանություններով և եզրահանգումներով, ուստի սույն գործով բողոք բերած անձի ներկայացրած հիմնավորումները բավարար չեն բողոքարկվող դատական ակտում նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտման առկայությունն ու այդ խախտմամբ արդարադատության բուն էության խաթարումը հիմնավորված համարելու, ուստիև այդ հիմքով բողոքը վարույթ ընդունելու համար: Ըստ այդմ՝ Վճռաբեկ դատարանը հուլիսի 26-ին որոշում է կայացրել Թիվ ՎԴ/1885/05/23 վարչական գործով ՀՀ վերաքննիչ դատարանի 20.05.2024թ. որոշման դեմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացրած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժել:

Վճռաբեկ դատարանի որոշումն օրինական ուժի մեջ է մտել կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ: