կարևոր
3910 դիտում, 3 ամիս առաջ - 2024-08-01 17:23
Հասարակություն

Արցախցիներին արտագաղթի մղելը միտումնավո՞ր է․ նրանք պետք է պայքարեն ՀՀ-ում իրենց իրավունքների համար

Արցախցիներին արտագաղթի մղելը միտումնավո՞ր է․ նրանք պետք է պայքարեն ՀՀ-ում իրենց իրավունքների համար

23-ամյա Էլինա Ավանեսյանը ծնվել և մեծացել է մայրաքաղաք Ստեփանակերտում։ 2023թ․ չարաբաստիկ սեպտեմբերի վերջին իր 5 հոգանոց ընտանիքի հետ տուն ու տեղը թողնելով բռնեց գաղթի ճանապարհը։

Հայաստան հասնելուն պես տեղավորվեցին Արտաշատում իրենց բարեկամների տանը, որոնք սրտները պահած սպասում էին սարսափի միջով անցնող հարազատներին։ Այնուհետև տեղափոխվեցին քաղաք Սևան իրենց մյուս բարեկամների տուն։

Բռնի տեղահանված ընտանիքի առջև ծառացող ամենատարբեր ոլորտներին առնչվող խնդիրները չէին վերջանում, որոնք էլ ճակատագրական դեր խաղացին ընտանիքի ՀՀ-ից գաղթելու համար։

Առաջին իսկ օրվանից բախվեցին ֆինանսական խնդիրների։ Տուն ու տեղ, եկամտի աղբյուր կորցրած ընտանիքի համար չափազանց թանկ էր տուն վարձակալելը։ ՀՀ Կառավարությունը արցախցիներին որպես հրատապ աջակցություն տրամադրում էր 100 հազարական դրամ միանվագ աջակցություն, ինչը խնդրահարույց էր Էլինայի ու իր ընտանիքի համար։

-Մեր 5 հոգանոց ընտանիքում 3 հոգիս չէինք կարողանում ստանալ միանվագ 100 հազար աջակցությունը,- ասում է Էլինան և հավելում,-սկզբից դիմեցինք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն պատճառը հասկանալու համար։ Մեզ ասացին, որ բանկի հետ «խնդիր» ունենք։ Դիմեցինք բանկ, ասացին, որ որևէ խնդիր չունենք։

Մեր զրուցակիցն ընտանիքի հետ կրկին դիմեց Սոցապ նախարարություն՝ այս անգամ գրավոր դիմումով։ Կարծես թե նման մեթոդն ավելի արդյունավետ էր։ Սակայն վերականգնվեց միայն Էլինայի և իր հոր շահառու լինելու հանգամանքը։

-Մայրս և մեր ընտանիքի մյուս 2 անդամը այդպես էլ չօգտվեցին ո՛չ իրենց հասանելիք 100 հազար դրամից, ո՛չ հետագայում տրամադրվող ամենամսյա 40+10 հազարի ծրագրից,-վստահեցնում է Էլինան։

Նման խնդրի առջեւ են կանգնում արցախցի բազմաթիվ ընտանիքներ և անհատներ։ Արցախից բռնի տեղահանվածների տվյալների շտեմարանում անճշտություններն ու թերացումները չեն ավարտվում նույնիսկ աղետալի իրադարձություններից շուրջ 10 ամիս անց։

Արցախցիներին արտագաղթի մղող քաղաքականությունը միտումնավոր է․ ՀՀ առաջին ՄԻՊ

Բռնի տեղահանումից հետո Հայաստանի Հանրապետությունում հաստատված արցախցիների հանդեպ ՀՀ իշխանությունները միտումնավոր այնպիսի քաղաքականություն են վարում, որ նրանք արտագաղթեն՝ համոզված է ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը։

«Քաղաքականությունը միտումնավոր է․ ես ձեզ միայն 2 փաստ ասեմ՝ առաջինը, որ որոշ պետական գործիչերի կարողացան հաջողությամբ հանձնել Ադրբեջանին, իսկ նրանց, ովքեր եկել են Հայաստան, դուք տեսնում եք, սիստեմատիկ այդ հետապնդումները, ընդ որում, Հայաստանի համար ամոթալի ձեւերով։ Սա առաջինը, իսկ երկրորդը՝ այսպես կոչված «բնակարանային ծրագրերը»․ գիտեք, կարելի է անել անշնորհք եւ ոչ պրոֆեսիոնալ, բայց այն, ինչ տեղի է ունենում՝ ես գտնում եմ, որ դա միտումնավոր մի գործընթաց է»,-պնդում է Լարիսա Ալավերդյանը։

Միայն թե նա համոզված է նաեւ, որ արցախցիները, բոլոր դեպքերում, սխալ որոշում են կայացնում, երբ ընտրում եմ արտագաղթի ուղին։

«Փոխարենը պետք է պայքարեն իրենց իրավունքների համար շատ ավելի ակտիվ․ իրենք վերցրել են ամենասխալ ճանապարհը՝ սա իմ կարծիքն է»,-ասում է «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահը։

Արցախի իրական վերնախավը՝ ակադեմիական հանրությունը, պետք է պատշաճ ակտիվություն ցուցաբերի եւ պայքարի ՀՀ-ում իրավունքների համար

Լարիսա Ալավերդյանը ելք է առաջարկում ստեղծված իրավիճակից։

«Ես համոզված եմ, որ եթե Արցախի պետական գործիչները  ինչ-ինչ պատճառներով ակտիվ չեն իրենց իրավունքների պաշտպանության հարցում, ուրեմն անհրաժեշտ է, որ այդ գործն իր վրա վերցնի Արցախի իրական վերնախավը։ Իսկ Արցախում այդպիսիք կան․ նրանք, ովքեր ոչ միայն հասարակական գործիչներ են, այլեւ կրթության, բժիշկության ոլորտի մասնագետեր։ Մի այդպիսի հրաշալի զանգված կա, որը բավականին խելացի է․ խոսքը նրանց պրոֆեսիոնալ ունակությունների մասին չէ, այլ նրանք այնպիսի փորձ են ձեռք բերել այս տարիներին, որն անկրկնելի է, եզակի է։ Ես կարծում եմ, որ հենց այդ խավը, ինչպես ես ասում եմ՝ ակադեմիական հանրությունը եւ խելացի, կիրթ զանգվածը, պետք է ցուցաբերեն պատշաճ ակտիվություն, որը չեն ցուցաբերում»,-նկատում է Լարիսա Ալավերդյանը։

Նա նշում է, որ հանրության այս շերտը, կարծես, երկրորդ շոկն է ապրում․ այն, ինչ տեղի է ունեցել Արցախում՝ դա մեկ եւ երկրորդը՝ նրանց ակնկալիքները Հայաստանից եղել են վերին աստիճանի տարբերվող այն ամենից, ինչը տեսնում են։ Այդ երկրորդ շոկային հարվածը, ըստ նրա, իր բացասարական դերն է ունեցել։

«Բայց ես էլի՛ բոլոր դեպքերում գտնում եմ, որ անհրաժեշտ է ավելի կազմակերպված ձեւով, պարտադիր չէ՝ պետական մակարդակով, այլ ավելի կազմակերպված ձեւով արցախցիները պարտադրեն ՀՀ իշխանություններին անել այն, ինչը համապատասխանում է ազգային շահերին»,-ասում է տիկին Ալավերդյանը։

Նա նաեւ իր փորձն է փոխանցում այն արցախցիներին, ովքեր մտադիր են արտագաղթել։

«Ես, որպես այդ դաշտում փորձառու, կցանկանայի զգուշացնել․ ես տասնյակ տարիներ շարունակ եղել եմ արտերկրում ու տեսել եմ, որ միայն առանձին դեպքերն են լինում հաջողակ, մնացածները՝ «շան քթից ջուր խմելով»։ Փոխանակ գնալու եւ օտար երկրում փնտրելու կյանքի հաջողություններ կամ շարունակություն, բոլոր դեպքերում, ես կցանկանայի, որ արցախցիները գտնեին իրենց մեջ այդ յուրահատուկ խիզախությունը, կամքը, որ կարողանային այստեղ հասնել այն նպատակներին, որոնց ուզում են հասնել արտերկրում։ Իրենք միշտ պատրաստ են եղել արտաքին թշամու դեմ պայքարի, ես կարծում եմ, որ այդ յուրահատուկ խիզախությունը պետք է գտնեն նաեւ այստեղ մնալու համար»,-ասում է ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպանը։

Առաջին իսկ օրերից սկսեցինք աշխատանք փնտրել եւ գտանք․․․ Կրասնոդարում

- Ես, հայրս ու մայրս տեղահանության առաջին իսկ օրերից սկսեցինք աշխատանք փնտրել՝ անտեսելով այդ ժամանակ մեր ունեցած հոգեբանական ծանր վիճակը, որովհետև գիտեինք, որ ֆինանսական խնդիր ենք ունենալու,- նշում է Էլինան։

Դրան գումարվեց նաև աջակցություններից չօգտվելու հանգամանքը, որը ավելի վատթարացրեց մեր զրուցակցի ընտանիքի առանց այդ էլ սոցիալական ծանր վիճակը։ Էլինան ասում է՝ իրենց ողջ ֆինանսական միջոցներն ու խնայողությունները ծախսեցին թղթաբանություններ հավաքելու և այդ ամիսներին գոյատևելու համար։

Չդիմանալով սոցիալական ծանր բեռին և ՀՀ-ում արցախցիների հանդեպ վերապահումներով վերաբերմունքին, Էլինայի ընտանիքը կայացրեց ցավալի ու ճակատագրական որոշում՝ լքել Հայաստանի Հանրապետությունը։

-Այժմ մենք հաստատվել ենք ՌԴ-ում՝ Կրասնոդար քաղաքում։ Այստեղ տան վարձակալության գինն ավելի հասանելի է ու մատչելի,- ցավով է նշում Էլինա Ավանեսյանը։ Շատ արագ լուծվել է նաև ընտանիքի զբաղվածության հարցը,- հաշված շաբաթների ընթացքում ես, հայրս ու մայրս աշխատանք գտանք։ Ես աշխատում եմ Կրասնոդարի լավագույն և ամենահայտնի գեղեցկության սրահներից մեկում որպես մատնահարդար։ Հայրս աշխատանք գտավ իր մասնագիտությամբ, իսկ մայրս խոհարարի օգնական է,-պատմում է Էլինան։

Չի կարելի փախստականներին ուղարկել այնպիսի վայրեր, որոք կոչվում  են «ռիսկի զոնա»

Արցախցիների բնակապահովման ծրագրով՝ ՀՀ իշխանությունները խրախուսում են արցախցիների հաստատումը ոչ թե խոշոր քաղաքներում, այլ մարզերում՝ հատկապես սահմանամերձ։ Գումարի հատկացումները տարբերակված են եւ սահմանամերձում բնակարան ձեռք բերելու ցանկություն ունեցողներին ավելի մեծ գումար են տալիս, քան Երեւանում կամ հարակից քաղաքներում։ Հիմնավորումն ու արդարացումն այն է, որ այդ մարզերում մինչ այդ էլ ապրող այլ բնակիչներ կան, որոնք չեն դժգոհում։

Այնինչ «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը փաստում է, որ այս մոտեցումը հակասում է միջազգային իրավունքին։

«Միջազգային պրակտիկան եւ միջազգային իրավունքը հենց ի սկզբանե բոլոր այն կազմակերպություններին, այդ թվում՝ մեր, որը զբաղվում է նաեւ փախստականներով, հստակեցնում է, որ չի կարելի փախստականներին ուղարկել այնպիսի վայրեր, որոնք կոչվում  են «ռիսկի զոնա»։ Այդ ռիսկի զոնաները, մանավանդ այս դեպքում, երբ նրանց ուղարկում են սահմանները այն երկրի հետ, որը ցեղասպանական գործողություններ է իրականացրել անցած դարից սկսած․․․ Այսինքն, դա այնքան մերժելի մեթոդ է, որ խոսք չկա»,-հիմավորում է Լարիսա Ալավերդյանը։

Նոր բնակարաններ կառուցելու առաջարկի փոխարեն նա շատ պարզ, հասանելի ճանապարհ է առաջարկում։

«Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել մի փաստի վրա․ վերջին երկու եւ արդեն շուտով երեք տարիների ընթացքում միայն Երեւանում կառուցվել են այնքան շենքեր, որ կարելի է ասել՝ Երեւանի եղած բնակելի ֆոնդի կեսից ավելիի չափ շենքեր են կառուցվել։ Շատ կներեք՝ նախ ովքե՞ր են կառուցում, ի՞նչ փողերով են կառուցում՝ արդյո՞ք փողերի լվացում չէ կամ արդյո՞ք մեզ հայտնի հարեւան երկրներից եկող գումարներով չէ՝ դա առաջին հարցս, երկրորդը՝ ո՞ւմ համար են կառուցում․ ի՞նչ է՝ ծնելիության բում ունենք, ի՞նչ է՝ մենք ունենք ինչ-որ հատուկ ծրագիր, որով հայերի վերադարձն է ապահովվելու․․․ ո՛չ, ես միայն հիշեցնեմ, որ Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարն ասել է այն, ինչ հետո կրկնել են ամենատարբեր, խայտաբղետ խմբեր, որ՝ Հայաստանում պետք է ապրեն բոլոր երկրներից, ցեղերից եւ կրոնական խմբերից մարդիկ։ Այդ ի՞նչ ծրագիր է, չհասկացա, ուրեմն դուք հայերին ամեն ձեւով այստեղից դուրս եք մղում, որ այստեղ հրավիրեք նրա՞նց․․․ եւ երկրորդը՝ այդ մոտեցումը խոսում է այն մասին, որ կա միտում Հայաստանը դարձնելու քաղաք-պետություն, որովհետեւ վիճակը սահմանային այն տարածքներում, որտեղ դեռ, փառք Աստծո, ապրում են տեղացիները, բայց Կիրանցի օրինակով տեսեք քանի ընտանիք է դուրս եկել։ Ընդ որում, սկզբից շանտաժ են անում ու հետո առաջարկում գումարներ տալ»,-ասում է Լարիսա Ալավերդյանը։

Իր դիտարկումը նա հիմնավորում է հետեւյալ համոզմամբ։

«Ես գիտեմ, որ ՀՀ-ում իշխող թիմը եկել է իշխանության զուտ երկու միասնական նպատակ իրականացնելու համար․ առաջինը՝ Արցախը օր առաջ ուղղակի բռնակցել, նվիրել Ադրբեջանին եւ երկրորդը՝ Հայաստանը դարձնել Թուրքիայի, Ադրբեջանի կցորդը։ Եվ դա իրականացվում է վերին աստիճանի հետեւողականորեն»,-շեշտում է Լարիսա Ալավերդյանը։

Նա ցավով նշում է, որ հայ հանրությունը մոբիլիզացման ներուժը կա՛մ կորցրել է, կա՛մ չի կարողանում հավաքել։

«Ես ճանաչում եմ Հայաստանը՝ բոլոր սերունդների ներկայացուցիչների, եւ ես գիտեմ, որ մենք ունենք այդ ներուժը։ Ի՞նչը մենք չունենք՝ մենք չունենք դրական ներուժի միասնության որեւէ ցանկություն կամ կարողություն»,-նշում է նա։

Լարիսա Ալավերդյանը հիշատակում է միջազգային քաղաքագիտության մի տերմին՝ «կապսուլացում»։ Սա այն է, երբ ամեն մեկը, ով իրապես խելոք է՝ ինքն իր մեջ է պարփակվում։ Տիկին Ալավերդյանը նշում է, որ անգամ փորձագետների մեջ չկա ցանկություն միասնական մի պլատֆորմ ստեղծելու, որ կարողանանք հնչեցնել իրական Հայաստանի ձայնը, ոչ թե այն իրականությունը, որն ուզում է ցույց տալ օրվա իշխանությունը։

«Ես սա ասում եմ, որովհետեւ այդ հնարավորությունը դեռ կա»,-հայտարարում է Լարիսա Ալավերդյանը։

Արցախցի ընտանիքը ապագայի պլաններ է գծում, ցավոք, Հայաստանից դուրս

Արցախցի Էլինայի ընտանիքը իր տունն ու հայրենիքը կորցնելուց հետո, վերջապես, կամաց-կամաց ոտքի է կանգնում և ապագայի պլաններ գծում, սակայն, ցավոք,  Հայաստանից դուրս՝ սրտում խորը վիրավորանք ու ցավ տածելով իր մեծ հայրենիքի հանդեպ։

2024թ․ ՀՀ կառավարության հաստատած ու կյանքի կոչվող բնակապահովման ծրագրից Էլինան ու իր ընտանիքը որոշել են չօգտվել։ Նախորդ աջակցության ծրագրերից չօգտվելու փաստը ստիպել է թերահավատորեն մոտենալ արցախցիների համար արվող բոլոր քայլերին։

Արցախցիներին առաջարկվող պետական բնակարանների գներն ուռճացված են

Արցախից բռնի տեղահանված ընտանիքներին Քաղաքաշինության կոմիտեն առաջարկում է բնակապահովման ծրագրով տների կառուցման՝ իրենց խոսքով «օրինակելի նախագծեր»։ Ըստ այս նախագծերի, ասենք, երկաթբետոնե հիմնակմախքով անհատական բնակելի տների կառուցումը հաշվվում է 1 քառ․ մ-ի գինը առանց ԱԱՀ-ի 400 000-ից 435 000 դրամ, քարե կրող պատերով բնակելի տներինը՝ 225 000-ից 357 000 դ․, մոդուլայինը՝ 210-235 000 դ․։  Համեմատության համար՝ երկրում գործող այլ կառուցապատող կազմակերպություններ նմանատիպ տները կառուցում են 1 քառ․ մ-ը առավելագույնը 155 000 դրամով՝ կապիտալ նորոգված։ Արդյո՞ք սա պետական մակարդակով փողերի լվացում է, թե՞ գերշահույթի ապահովում յուրայինների համար՝ օգտվելով տեղահանված արցախցիների վիճակից։

«Դա պետական մակարդակով  мошенничество է․ մեզ մոտ, ցավոք սրտի, ինչ արվում է՝ պետական մակարդակով ահաբեկչություն է։ Հունիսի 12-ի օրինակը․ այն, որ մարդկանց՝ արցախցիներին, մեքենան կանգնեցնում են, պառկեցնում են, սա մոթալի է, նրանք գետինն էլ չպիտի մտնեն, Հայաստանում տեղ չպիտի գտնեն ո՛չ երկրի վրա, ո՛չ հողի տակ, դա ամոթալի բան է, եւ դա պետական մակարդակով է արվում, պետական շանտաժ։ Դա չլսված բան է, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը գնա Կիրանց գյուղ եւ այնտեղ շանտաժի ենթարկի գյուղացիներին, որ եթե չհամաձայնեք՝ պատերազմ է լինելու ու պատճառը դուք եք լինելու։ Մենք ընկել ենք այնպիսի մի իրավիճակ, որին նպաստել են ՀՀ բնակչության մի բավականին ստվար զանգված, որոնք գերակտիվ են։ Եվ ահա, ինտելեկտուալ, բարոյական մակարդակի անկման, մարդկային այդ տեսակի պատճառով մենք այսօր այս վիճակում ենք»,-ասում է Լարիսա Ալավերդյանը։

Երբ նրան հարցնում են՝ ինչպե՞ս 2021 թ-ին նորից ընտրվեց պատերազմը տանուլ տված վարչապետը, Լարիսա Ալավերդյանը պատասխանում է՝ նրան ընտրել են այն մարդիկ, ովքեր չեն գնացել ընտրությունների։ Իսկ այդ մարդկանց թիվը ընդգծված մեծ էր։

Իրինա Հայրապետյան

Աննա Բալյան

Այս մեդիա արտադրանքը պատրաստված է «Արցախից տեղահանված լրագրողների ադապտացիան հայաստանյան մեդիա միջավայրում» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է Երեւանի մամուլի ակումբը՝ Եվրոպական հանձնաժողովի աջակցությամբ։ Ծրագրի գործընկերը International Alert-ն է:  Բովանդակությունը պարտադիր չէ, որ համընկնի ԵՄԱ-ի, Եվրոպական հանձնաժողովի եւ International Alert-ի տեսակետների հետ: