Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թեեւ այսօր մամուլում լուր էր հրապարակվել, թե Գորիսի համայնքի ղեկավարի ընտրություններում որպես թեկնածու առաջադրված Արա Բուդաղյանը ինքնաբացարկ է ներկայացրել, բայց Yerkir.am-ին նա ասաց, որ ինքն ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել թիվ 37 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին ու չի պատրաստվում ներկայացնել: Մնացած հարցերի պատասխանը նա հորդորեց ստանալ իր նախընտրական շտաբի համակարգող Ռոբերտ Հակոբյանից:
Հակոբյանն էլ, իր հերթին, հավաստիացրեց, թե Բուդաղյանն ինքնաբացարկի մտադրություն չունի այս պահին, նշեց, որ Արա Բուդաղյանի ինքնաառաջադրումը պահի որոշում չէր, վաղուց կար այդ մտադրությունը, իսկ նրա' ընտրապայքարի մեջ մտնելը չի կարելի կապել անցյալ տարվա ցավալի իրադարձությունների հետ:
«Բուդաղյանն է, եւ մի թեկնածու էլ ունենք' Տիգրան Կարապետյանը: Եվ հասարակության մեծամասնությունն այս երկու թեկնածուների կողքին է, ժողովուրդը հույսը կապում է այս երկու թեկնածուների հետ, որպեսզի առաջիկա տարիներին գոնե այս քաղաքում մի լավ բան տեղի ունենա, բան փոխվի: Տիգրան Կարապետյանն ու Արա Բուդաղյանն ընկերներ են եւ միասին պետք է պայքարեն' կողք կողքի... Որ երկու ընկերներ առաջադրվել են իրար հետ, դրանով, կարելի է ասել, պայքարի ճակատն է լայնացվում: Միգուցե ինչ-որ մի պահի միավորումը տեղի ունենա, բայց ընդհանուր ճակատը պետք է գնա: Անընդհատ պայքարենք` հանուն արդար ընտրությունների, առաջին անգամ փորձենք բան փոխել»,- Yerkir.am-ի հետ զրույցում նշեց Ռոբերտ Հակոբյանը:
Լուրերի կապակցությամբ, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն աջակցում է թեկնածուներից մեկին' Վաչագան Ադունցին, նա նշեց, որ այդպես էլ պետք է լիներ, քանի որ փորձում են Ադունցի դեմքով կոծկել Գորիս համայնքում' նախորդ 14 տարիներին տեղի ունեցած թալանը:
«Համոզված եմ' շատերն են տարբեր լրատվամիջոցների հրապարակումները կարդացել, թե ինչեր են կատարվել: Մեր համայնքն անցյալ 14 տարիների ընթացքում ուղղակի թալանի է մատնվել, ուղղակի թալանել են: Բավականին հրապարակումներ կան, եթե նայենք, կտեսնենք, որ սեփականաշնորման, նվիրատվությունների եւ այլնի միջոցով ուղղակի թալանի են մատնել: Հիմա փորձում են Ադունց Վաչագանի դեմքով այդ թալանածը ինչ-որ ձեւով պահել: Բայց նոր մարդիկ, որ գալիս են, պետք է փորձեն նոր բան անել քաղաքի համար եւ այդ թալանածից գոնե ինչ-որ հատվածը վերադարձնել ժողովրդին»,- ասաց Հակոբյանը` հավելելով, որ Վաչագանը լավ մարդ է, պարզապես ցանկանում են նրան օգտագործել:
Ադունցի' ՀՀԿ-ի կողմից առաջադրված լինելու հանգամանքին էլ Արա Բուդաղյանի շտաբի համակարգողը արձագանքեց, որ Արա Բուդաղյանն էլ է ՀՀԿ անդամ, նաեւ` որ ՀՀԿ-ի շատ անդամներ` Գորիսի տարածքից, կանգնած են Տիգրան Կարապետյանի եւ Արա Բուդաղյանի կողքին:
Մեր ճշտող հարցին' երբ նշում ենք Արա Բուդաղյան եւ Տիգրան Կարապետյան անունները, կարո՞ղ ենք հասկանալ, որ գործ ունենք միեւնույն կողմի երկու տարբեր դեմքերի հետ, Բուդաղյանի նախընտրական շտաբի համակարգողը պատասխանեց, որ տարբեր դեմքեր չեն, նույն դեմքերն են' նույն ճակատն են ներկայացնում: «Դա,- ասաց Հակոբյանը,- չի խանգարի նրանց' արդյունքի հասնել, ինչ-որ մի պահի, բնական է' կմնա երկուսից մեկը, նույնիսկ ակնկալվում է, որ հնարավոր է մնան միայն Արա Բուդաղյանն ու Տիգրան Կարապետյանը, մնացածը դուրս գան ընտրապայքարից: Դա ավելի հավանական էլ կատակ չեմ անում»:
Թեեւ այս պահին մեր զրուցակիցը լարվածություն ու թեժ գործընթացներ չի դիտարկում, բայց համոզմունք հայտնեց, որ երբ պաշտոնապես սկսվի քարոզարշավը, արդեն հնարավոր է, որ որոշակի թեժացում, լարվածություն լինի, անգամ շեշտեց' «անպայման կլինի»: Ուստի իրավապահ մարմինները պետք է չափազանց զգոն լինեն: