կարևոր
3217 դիտում, 3 ամիս առաջ - 2024-07-24 10:51
Քաղաքական

Դա նշանակում է Հայաստանի Հանրապետության մեջ փայատեր դարձնել Ադրբեջանին․ «Հրապարակ»

Դա նշանակում է Հայաստանի Հանրապետության մեջ փայատեր դարձնել Ադրբեջանին․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ալիեւը «խաղաղության պայմանագիրը» ստորագրելու համար նոր նախապայմաններ է առաջ քաշել՝ Սահմանադրության փոփոխություն, միջանցքի տրամադրում, ադրբեջանցի զավթիչների բնակեցում ՀՀ տարածքում՝ «ադրբեջանցիների համար վստահելի երկրի զինված ուժերի հսկողության ներքո»: Քաղաքագետ Արա Պողոսյանը «Հրապարակի» հետ զրույցում ասում է՝ կասկածից վեր է, որ յուրաքանչյուր բավարարված պահանջից հետո առաջ է գալիս նոր պահանջ, եւ այնպես չէ, որ Ադրբեջանի իշխանություններն իրենց պահանջների ամբողջական փաթեթն են ներկայացրել ու դա սպառելուց հետո գնալու են հարաբերությունների կարգավորման: Այդ փաթեթը Հայաստանի ինքնիշխանությունը նվազեցնելուն ուղղված քայլ է՝ ռազմավարություն: «Խնդիրը եթե դիտարկենք ամբողջ շղթայի մեջ, ապա միանշանակ է, որ յուրաքանչյուր բավարարված պահանջի հետեւելու է նոր պահանջ: Եվ այդպես՝ այնքան, քանի դեռ Ադրբեջանը վստահ չի լինի, որ իր համար հնարավորությունների պատուհանը կարող է փակվել, եւ Հայաստանի հետ այլեւս չի կարող խոսել շանտաժի եւ ուժի լեզվով»,-ասաց նա: 

Ինչ վերաբերում է Արեւմուտք-Ադրբեջան փոխհամաձայնությանը, ապա գլոբալ Արեւմուտքն այս հարցում չունի միասնական մոտեցում: «Այս հարցում չկա կոնսենսուս` հավաքական Արեւմուտքի մոտ: Հավաքական Արեւմուտքում կան երկրներ, որոնք դեմ են Հայաստանի կենսական շահերի հաշվին Հարավային Կովկասում նոր անվտանգային, լոգիստիկ կոնֆիգուրացիա գծելուն: Առանձնացնեմ հատկապես Ֆրանսիային ու Նիդերլանդներին, որովհետեւ օրեր առաջ Բաքվում հրավիրված, այսպես ասած, Բաքվի նախաձեռնությունների խումբը, որն իբրեւ թե ուղղված է Ֆրանսիայի եւ Նիդերլանդների, այսպես ասած, գաղութների անկախությանն աջակցելուն, ինչը նշանակում է, որ Ադրբեջանը փորձում է ճնշում գործադրել այս երկրների վրա, որ գան Հարավային Կովկասում Ադրբեջանի հետ միասնական մոտեցման կամ ընդհանուր կոնսենսուսի»,- նկատեց քաղաքագետը: 

Այս պահին Ֆրանսիան եւ Նիդերլանդները չեն արձագանքում այնպես, ինչպես կարձագանքեին այլ պայմաններում, բայց սա դեռ չի նշանակում, որ Ադրբեջանի այս վարքագիծը ներվելու է: «Ես վստահ եմ, որ ինչ-որ պահի պատասխան տալու է ալիեւյան վարչակարգը. խնդիրը նույնիսկ Հայաստանը չէ, հայկական շահերը չեն, խնդիրն այն է, որ Ադրբեջանը հատել է մի սահման, որն ավանդաբար, հատկապես Ֆրանսիայի համար, շատ զգայուն խնդիր է եղել: Եվ հիմա Ալիեւի միջամտությունը ներֆրանսիական խնդիրներին, արդեն երեկվանից` Նիդերլանդներին... վստահ եմ, որ Ալիեւի հաշվարկներն ինչ-որ տեղ շրջվելու են հենց իր դեմ»,- ասաց քաղաքագետը: Ինչ վերաբերում է Հայաստանի իշխանություններին, ապա Պողոսյանը համոզված է, որ նրանք վաղուց համաձայնել են Ադրբեջանի պահանջներին: Դա ապացուցեց Հանրային ռադիոյի եթերում Փաշինյանի տված հարցազրույցը, որտեղ նա կարմիր շորի, ցլի օրինակները բերելով՝ փորձում էր համոզել, որ եթե մեր Սահմանադրությունը խանգարում է Ադրբեջանի հետ խաղաղության հասնելուն, ուրեմն պետք է հրաժարվել դրանից, եթե մեր զինանշանի վրա Արարատ լեռը խանգարում է, ուրեմն պետք է հրաժարվենք դրանից: 

«Այսինքն՝ փորձ է արվում «խաղաղություն ամեն գնով» թեզը շրջանառել, ինչը, հուրախություն մեզ, բավականին բացասական արձագանք գտավ հանրության կողմից: Եվ եթե այսօր նրանք այդ թեզը միանշանակորեն չեն պնդում, պատճառն այն է, որ հասկացել են՝ հասարակությունն ինչքան էլ պառակտված լինի, ինչ-որ բաներ կան, որ հասարակության համար իսկապես զգայուն են։ Դրանցից մեկը թշնամու պարտադրմամբ Սահմանադրության փոփոխումն է, ինչը ենթագիտակցորեն մարդիկ հասկանում են՝ Հայաստանի Հանրապետության մեջ փայատեր դարձնել Ադրբեջանին: Ինչո՞ւ փայատեր, որովհետեւ Սահմանադրությունը ժողովրդի եւ պետության միջեւ պայմանագիր է, որը կնքում է ժողովուրդը պետության հետ՝ նախանշելու իր զարգացումն ու փոխհարաբերությունները նրա հետ: Եթե այս ակտի մեջ ավելանում է երրորդ կողմ կամ երրորդ շահառու, ով պարտադրում է այս կամ այն նորմն ընդունել կամ հրաժարվել, նշանակում է՝ այդ սահմանադրությունը ոչ թե պետության եւ ժողովրդի միջեւ պայմանագիր է, այլ՝ պետության, ժողովրդի եւ Ադրբեջանի միջեւ պայմանագիր: Սա չափազանց կարեւոր է, որ մեր հասարակությունը պետք է հասկանա, որ ինքն իր ինքնիշխանության մի մասը սրանով զիջելու է թշնամի պետությանը»,- նկատեց Պողոսյանը: 
Անդրադառնալով Հայաստանում ադրբեջանցիների բնակեցման մասին Ալիեւի պահանջին, ասաց, որ երեւույթներ կան, որոնք անդառնալի են, ու դրանց դեմ պայքարելը բավականին դժվար է։ Բայց քաղաքագետը կարծում է, որ բանը դրան չի հասնի` հայ ժողովուրդը ողնաշարով զգում է դրա հետեւանքները եւ գիտակցում, որ դա մեզ համար կնշանակի նոր հայրենազրկում: Իսկ բարիդրացիությունը ֆիկցիա է. «Դա անհնարին է՝ առնվազն այն պայմաններում, ինչ պայմաններում փորձ է արվում հաստատել»: Նա կարծում է, որ, ըստ ադրբեջանական պլանի, նախ պետք է լինի սահմանադրության փոփոխություն եւ միջանցքի տրամադրում, որովհետեւ, եթե միջանցքը չտրամադրվի, ադրբեջանցիներին Հայաստանում բնակեցնելն իր իմաստը կկորցնի: «Որովհետեւ ադրբեջանցիներով այստեղ բնակեցնելու ֆունդամենտալ նպատակներից մեկն այն է, որ, այսպես կոչված, միջանցքի երկայնքով լինեն ադրբեջանցիներ, ովքեր կապահովեն այդ միջանցքի անվտանգությունը: Բացի այդ, նրանց նկատմամբ տեղացիների կողմից ցանկացած մանր, նույնիսկ կենցաղային միջադեպ կարող է առիթ դառնալ, ինչպես 1974-ին Կիպրոսում տեղի ունեցավ, որ թուրք օկուպանտները մտնեն Հայաստանի տարածք եւ զավթողական գործողություններ իրականացնեն: Հետեւաբար, իրենց առաջնային խնդիրն այն է, որ սահմանադրության մակարդակում ամրագրվի այն, ինչ իրենք ուզում են: Այսինքն՝ եթե իշխանությունները պահանջը կատարեն՝ երրորդը չանեն, իմաստը կորցնում է նաեւ իշխանության համար: «Ինչո՞ւ, որովհետեւ իրենք եթե բոլոր կարմիր գծերը խախտելով, Հայաստանի կենսական շահերը ոտնահարելով գնում են այս քայլին, մնում է մեկ քայլ, որպեսզի հասնի խաղաղության, ինչո՞ւ չանեն։ Սա է հարցը»,- նկատեց Արա Պողոսյանը: Այս պարագայում կարեւորագույն դերը քաղաքական ուժերինն է, որոնք պետք է հակադրվեն այս իրողություններին, սինխրոն աշխատեն: Եթե այդ ուժերն իրենց ամբիցիաներով առաջնորդվեն,  թշնամական պետության ծրագրերը կիրականանան, եւ մենք կկանգնենք նոր հայրենազրկման փաստի առաջ»: