Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պատմաբանների մի ներկայացուցչական խումբ Հայաստանի անկախության օրը նշում է Արցախում․ թեև Հայաստանի Հանրապետության բարձրագույն իշխանությունը չմասնակցեց Արցախի Հանրապետության անկախության 30-ամյակին, բայց Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի առիթով կազմակերպել է «Արցախի Հանրապետության և Հայաստանի (Երրորդ) Հանրապետության հռչակման 30-րդ տարեդարձին նվիրված միջազգային գիտաժողով»։
Պատմաբան, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Անահիտ Խոսրոևան, որը նույնպես ՀՀ-ից Արցախ է մեկնել՝ մասնակցելու գիտաժողովին, Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց, որ որոշել են այսօր Արցախում լինել, որովհետև և՛ խորհրդանշական է, և՛ շատ ավելի հաճելի է՝ հաշվի առնելով անցյալ տարվա պատերազմը, հաշվի առնելով, որ վերածննդի հարց ունենք, շատ լավ է, որ գնան, այնտեղ լիցքավորվեն և հետ գան։
Հայաստանի Հանրապետության անկախությունն առանց Արցախի Հանրապետության անկախության անհնար է, արձանագրեց Անահիտ Խոսրոևան, եթե 30 տարի շարունակ մենք ասում էինք, որ ՀՀ-ն է Արցախի անվտանգության երաշխավորը, ապա ինքն այսօր կարող է միանշանակ ասել, որ Արցախի Հանրապետությունն է ՀՀ երաշխավորը, այնպես որ, առանց Արցախի ոչ մի Հայաստան չի կարող լինել։
«Բոլոր կարևոր հարցերը՝ և՛ քաղաքական, և՛ սոցիալական, և՛ դիվանագիտական, բոլոր տեսակի հարցերը այսօր հետ են մղվել, և այսօր ունենք այն կարևոր խնդիրը, որ պատերազմից հետո այս պահին պիտի մտածենք, թե ոնց անենք, որ Արցախի կորցրած տարածքները հետ բերենք․ սա միայն Արցախի Հանրապետության հարցը չէ, այլ նաև Հայաստանի Հանրապետության, մեր երկրի, մեր պետականության անվտանգության հարցը․ ես կարծում եմ, սա այսօր մեզ համար ամենահիմնական ու ամենակարևոր հարցն է։ Մինչև այս հարցը չլուծվի, մնացածը երկրորդական բաներ են, ամբողջ ներուժը՝ և՛ գիտական, և՛ դիվանագիտական, և՛ քաղաքական պետք է ուղղվի դրան»,-ասաց պատմաբանը։
Գիտաժողովին և՛ պատմական, և՛ քաղաքական, և՛ տնտեսական հարցերով ելույթներ են հնչել։ Իրենց տեսակետն են ներկայացրել ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտաշխատողները, Մատենադարանի գիտաշխատողները, Արցախի պետական համալսարանից գիտաշխատողներ։
«Խոսվեց շատ հարցերի մասին․ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հետ զրույցը հարցուպատասխանի տեսքով եղավ, շատ բաներ մենք իրենից՝ առաջին ձեռքից, իմացանք, շատ բաներ ինքը մեզ հարցրեց, որոշեցինք, թե ոնց պետք է աշխատենք, որն է առաջնայինը այս պահին։ Իսկ առաջնայինն այն է, որ մենք խնդիր ունենք, մինչև այդ խնդիրը մենք չվերացնենք, առաջ չենք կարող գնալ, մենք պետք է հասկանանք, որ մեր մարմնի վրա մի առողջ կետ չկա, մենք պիտի մեր հիվանդությունը գտնենք, դա կա՛մ բուժենք, կա՛մ պոկենք, շպրտենք, որ կարողանանք առաջ շարժվել։ Արցախի արտգործնախարարի հիմնական ասելիքն այն էր, որ «էլի՛ մենք կարող ենք ոտի վրա կանգնել, բայց դուք պիտի մեր թիկունքը այդտեղից ապահովեք»»,-ասաց Անահիտ Խոսրոևան։
Պատերազմից հետո սա նրա առաջին այցն է Արցախ։ Ասում է՝ ավելի վատ էր վիճակը պատկերացնում, բայց ամենացնցող պահն իր համար եղել է այդ 9 անցակետը անցնելը մինչև Արցախ, որն իր կյանքում երբեք չի եղել։
«Մարդ ես՝ ռոբոտ չես, ամեն անգամ անիծում ես այն մարդուն, ում պատճառով մենք ընկել ենք այս օրը։ Ու ավելի ես շատ սկսում գնահատել այն 30 տարիները, որ եղել է երևի մեր պետականության այն բարձարգույն շրջանը, որը չենք գնահատել, ընդունել ենք, որ դա այդպես էլ պիտի լինի, բայց այդպես չէ»,-ասաց Անահիտ Խոսրոևան։
Ամենացավալի պահը նրա համար եղել է Շուշիի մոտով անցնելը, երբ տեսել է ադրբեջանական այդ մեծ հենակետը, որն անցակետ չէ՝ համեմատած ռուսականի հետ, հսկայական մի բան է՝ իր դրոշներով, կյանքի մեջ առաջին անգամ է նման բան տեսել․ «Ամենացավալի պահը այդ պահն է, պետք է նայենք, թող ցավա, որ հիշենք, որ պրոբլեմ ունենք լուծելու, մենք հիմա պիտի այդ պրոբլեմը վերացնենք, որ կարողանանք առաջ շարժվել»։
Աննա Բալյան