Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ ՀՀ իշխանությունը մտածում է՝ Բաքվում կայանալիք COP-29 համաժողովին մասնակցելու Ադրբեջանի հրավերն ընդունել, թե ոչ, Ալիեւը նոր պահանջներ է թելադրում Երեւանին: Եվ այս ֆոնին Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն աշխարհի հայերին ասում է՝ համախմբվեք ու արշավ սկսեք ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության 29-րդ համաժողովի դեմ։ Հեղինակավոր իրավաբանը կարծում է, որ համակարգված ջանքերը COP- 29-ին մասնակցող լրագրողներին ու պատվիրակներին կստիպեն Ադրբեջանից ստանալ պատասխաններ հայ պատանդների եւ քաղբանտարկյալների վերաբերյալ։
«Դուք կարող եք ի ցույց դնել նախագահ Իլհամ Ալիեւի հանցանքները, ով շարունակում է թիրախավորել իր քաղաքացիներին Ադրբեջանում եւ իրագործել է վայրագություններ Լեռնային Ղարաբաղի/Արցախի հայերի նկատմամբ՝ միաժամանակ կեղծավոր կերպով իր երկիրը կլիմայի խնդիրների համաշխարհային քննարկմանը դիրքավորելով որպես առաջնորդ երկիր: Համաժողովն աննախադեպ հնարավորություն է` լույս սփռելու այս հրեշավոր անիրավության վրա: Ու չնայած Ադրբեջանը բրենդավորում է այս միջոցառումը որպես «Կողմերի խաղաղության համաժողով», ձեզ վրա է դրված՝ բացահայտելու Ալիեւի ռեժիմի եւ նրա գործունեության մասին ճշմարտությունը»,- աշխարհի հայերին ասում է Օկամպոն: Հայ դատի հանձնախմբերն ու գրասենյակները եւս, դեռ ամիսներ առաջ, այս ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ են սկսել, ինչի մասին նախօրեին հաղորդագրություն տարածեցին։
ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գեւորգ Ղուկասյանը վստահ է, որ ընդունելով Բաքվի հրավերը՝ Երեւանը կլեգիտիմացնի ադրբեջանական շոուն։ «Եթե ՀՀ իշխանությունը պատրաստ լիներ ցանկացած գնով ստանձնել ՀՀ շահերի պաշտպանությունը, գուցե հարկ լիներ դիտարկել Բաքու մեկնելու հնարավորությունը, բայց այս պարագայում գնալը կարող է լեգիտիմացնել այս ամբողջ ադրբեջանական շոուն, մանավանդ որ հավանականությունը, թե հայկական պատվիրակությունը կբարձրաձայնի հայ-ադրբեջանական հարաբերություններում առկա խնդիրները, գրեթե զրոյական է, ուստի գնալը կնպաստի այդ շոուի կայացմանը»,- «Հրապարակ»-ին ասում է Գեւորգ Ղուկասյանը։
Փաշինյանի կառավարությունը չի բացառում Բաքու մեկնելու հնարավորությունը։ Երեկ կառավարությունից «Հրապարակ»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել էին․ «Ձեր կողմից նշված հարցերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կանդրադառնա արձակուրդից հետո՝ օգոստոսին կայանալիք ասուլիսում»։ Սա նշանակում է, որ հավանական է Հայաստանի մասնակցութունն Ալիեւի համար այդքան կարեւոր համաժողովին, որը դառնալու է 44-օրյա պատերազմի՝ Հայաստանի ու Արցախի համար աղետալի հետեւանքների ու Արցախում էթնիկ զտման լեգիտիմացման յուրատեսակ հարթակ։
«2020թ․ պատերազմից ու Արցախում իրականացված ցեղասպանական էթնիկ զտումից հետո Ադրբեջանը միջազգային հանրության մոտ իր դեմքը փրկելու խնդիր ունի, եւ այդ գործին են լծված նրա բոլոր դեսպանատները, փափուկ ուժի գործիքակազմ ենթադրող բոլոր կազմակերպությունները, վարձու լոբբիստական խմբերը՝ ամբողջ Եվրոպայում եւ Միացյալ Նահանգներում։ Այս ամբողջի վրա Ադրբեջանը հսկայական մարդկային ու ֆինանսական ռեսուրսներ է ծախսում, եւ դրա ամենամեծ հնարավորությունն ու միջոցառումը, ըստ էության, լինելու է COP-29-ը, որն Ադրբեջանի համար խիստ ռազմավարական բնույթ կրող միջոցառման է վերածվել»,-բացատրում է մեր զրուցակիցը։ Այս համատեքստում, Հայաստանի մասնակցությունը համաժողովին ձեռնտու է Ադրբեջանին։ Դրանով Բաքուն Արեւմուտքին ցույց կտա, որ Հայաստանի հետ երկխոսությունն առաջընթաց է գրանցել, արդեն պատվիրակությունների այցելություններ են իրականացվում։ Սա Ալիեւի ձեռքին լուրջ քարոզչական գործիք է դառնալու։
Հրավերի մասին հայտնելուն զուգահեռ, Ալիեւի օգնական Հիքմեթ Հաջիեւը նախօրեին մի բացահայտում էլ արեց՝ մտադիր են մինչեւ նոյեմբեր Փաշինյանին դեմ տալ «երկու երկրների միջեւ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ հիմնարար սկզբունքները»։ Այդ սկզբունքները, որոնց համաձայնեցումը Բաքուն հնարավոր է համարում մինչեւ նոյեմբեր, այսինքն՝ մինչեւ COP- 29-ի անցկացումը, փաստացի Ալիեւն օկուպացված Շուշիից թվարկեց․ Հայաստանը, Բաքվի պահանջով, պետք է փոխի Սահմանադրությունը, Ադրբեջանի հետ համատեղ դիմի ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խումը լուծարելու խնդրանքով, եւ, ինչպես Ալիեւն է պահանջում, հստակ պատասխան տա, թե ինչպես կարող են «Արեւմտյան Ադրբեջանից արտաքսված ադրբեջանցիները կամ նրանց ժառանգներն» այցելել այդ տարածքներ կամ բնակություն հաստատել այնտեղ։ Նախապայմանների այս շարքը հերթական անգամ վերահաստատում է այն պնդումը, որ Բաքուն ամենեւին մտադիր չէ խաղաղության փաստաթուղթ ստորագրել Հայաստանի հետ։ Առանց դրա էլ Փաշինյանը կատարում է նրա բոլոր վերջնագրերը։
«Ալիեւի պահանջները նոր չեն, նոր են դրանց հնչեցման նախապայմանային բնույթը եւ հնչեցման մակարդակը։ Վտանգավորը սա է»,- ասում է ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատուն։ Ինչ վերաբերում է հիմնարար փաստաթղթից առաջ սկզբունքները համաձայնեցնելու վերաբերյալ ադրբեջանական առաջարկին, որը կարող է նույն՝ COP-29-ի ժամանակ Բաքվում ստորագրվել, նման փաստաթղթի ստորագրումը լուրջ վտանգ կարող է լինել հայկական շահերի տեսանկյունից, քանի որ հայտնի չէ, թե ինչ բնույթ է ունենալու ստորագրվող փաստաթուղթը։ «Եթե այն պետք է լինի հուշագիր, ապա այդ հուշագիրը գուցե խորհրդարանի կողմից պարտադիր վավերացման ենթակա չլինի, կամ եթե լինի հայտարարության մակարդակով, դա չի կարող անցնել բոլոր ներքին ընթացակարգերը, որոնք պահանջում է պայմանագիրը։ Եվ վտանգ կա, որ ներքին պաշտպանության մեխանիզմները, որոնցով պետք է անցնի ցանկացած միջազգային պայմանագիր, այստեղ կարող են շրջանցվել»,- եզրափակում է մեր զրուցակիցը՝ ակնհայտ համարելով, որ Ադրբեջանը ցանկանում է խուսափել խաղաղության պահյմանագրի ստորագրումից եւ տորպեդահարում է բանակցային գործընթացը։
Բաքուն առաջիկայում փորձելու է միջազգային հարթությունում իր համար նոր պատուհան բացել, ինչն իրեն հնարավորություն կտա՝ Հայաստանի դեմ նոր ագրեսիվ գործողություններ սանձազերծելու։ Այս սցենարն այժմ որոշակիորեն զսպվում է Բաքվում նախատեսվող համաշխարհային մասշտաբի համաժողովի անցկացմամբ, բայց ռազմական ճանապարհով խնդիրները լուծելու տարբերակը շարունակում է մնալ Ալիեւի զինանոցում»։